Բաժիններ՝

«Ով պիտի պատասխան տա այս ամենի համար և ով է շտկելու այս այլանդակությունները»

Թե ինչպես ընթացան ու իրականացվեցին 2017թ. Օձունի եկեղեցում վերականգնողական աշխատանքները և հիմա ինչ գնահատական կարելի է տալ այս ամենին, ապա պատասխանը մեկն է. խայտառակ վերականգնողական աշխատանքներ:

Սա է մեր կողմից տրվող գնահատականը: Անկեղծ ասած ինձ մոտ արդեն կար հստակ ձևավորված կանխատեսում, որ ականատես պիտի լինենք վերականգնողական աշխատանքների արդյունքում եկեղեցու հերթական ապականման իրողությանը, բնականաբար, ունենալով հիմնավոր պատճառներ, սակայն չէի կարող պատկերացնել, որ այդ խեղաթյուրումները կլինեն այդքան ծավալուն, ուղղորդված` ընդհուպ նախագծային կոպիտ ու չհիմնավորված շեղումներով, ավելին` բառիս բուն իմաստով ինքնագործունեությամբ:

Բնականաբար հարց կառաջանա, ինչու և ինչն էր պատճառը, որ այդ աշխատանքները արժանացան նման գնահատականի: Այս առումով այս վերջին կատարված «վերականգնողական աշխատանքներին» տրված այսպիսի գնահատականի արժանացմանը նպաստեց «առաջին հերթին իր անգնահատելի ծառայությամբ ու իր խորաթափանց հետևողական գործելաոճով աչքի ընկած», այժմ արդեն նախկին փոխնախարար Ա. Սամուելյանը:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2017թ. գարնանը, երբ վերսկսվեց Օձունում վերականգնողական աշխատանքները ու անցել էր արդեն շուրջ 2.5 ամիս, ինձ այդ մասին չէին տեղեկացրել, որպեսզի բնականաբար իրականացնեի հեղինակային հսկողության աշխատանքները: Իսկ այդ ամենի մասին ես պատահական տեղեկացա 10.05.2017թ. a1plus.am կայքում տեղադրված «Մեկնարկել է Օձունի տաճարի վերականգնման նոր փուլը» խորագրով հոդվածից:

Կարդացեք նաև

Ավելին, այնտեղ տեղադրված տեսահոլովակում մեկնաբանվում էր, թե ինչպես են ճարտարապետները հավաքվել և իմ կողմից կատարված նախագծի շուրջ ինչ-որ քննարկումներ անում, որոնցից մեկը ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման գործակալության վերականգնման բաժնի պետ Գ. Նազլուխանյանն է, մյուսը իր որդին` Մ. Սողոմոնյանը:

Պարզից էլ պարզ է, որ հեղինակային հսկողությունն իրականացվում են վերջիններիս կողմից: Բնականաբար, 25.05.2017թ. նամակով դիմեցի մշակույթի նախկին նախարար Ա. Ամիրյանին` վերականգնելու իմ հեղինակային իրավունքը: Անցավ ևս 2.5 ամիս, սակայն ոչ մի արձագանք իմ նամակի պատասխանին:

Իսկ այն, որ նամակին չարձագանքելը նախկին փոխնախարար Ա. Սամուելյանի կողմից ուներ կանխամտածված հնարավորինս անորոշ ժամանակով ձգձգելու միտում, կասեի ավելին` չարձագանքել մինչև շինարարության ավարտը, կասկած չկա, քանզի վերջինիս մոտ չկար ու չէր էլ կարող լինել այն հիմնավոր փաստարկը, որով պիտի առաջնահերթ հիմնավորվեր իմ չներգրավվածությունը ներկա փուլում հեղինակային հսկողության իրականացմանը: Դա պարզ երևաց հետագայում նախկին վարչապետին հասցեագրված իմ 10.07.2017թ. նամակից, որը հսկողականով վերահասցեագրվեց մշակույթի նախարարություն, ևս երկու շաբաթ հետո, արդեն «պարտադրաբար» մեկնաբանվեց փոխնախարարի կողմից ուղարկելով կառավարություն, այն էլ էլեկտրոնային փոստով: Իսկ ինձ այդպես էլ պաշտոնական պատասխան չտրվեց:

Թե ինչպես էր նախկին փոխնախարարը մեկնաբանում իմ չներգրավվածությունը եկեղեցու վերսկսված վերականգնողական աշխատանքների հեղինակային հսկողության իրականացմանը, առավել ևս իմ կողմից բարձրացված հարցադրումներին, ապա այն աչքի էր ընկնում ոչ միայն ձևակերպումների անտրամաբանական մեկնաբանություններով, այլև առաջնորդված գոյություն չունեցող կեղծ փաստարկների հիման վրա, իսկ իրական փաստերը կանխամտածված խեղաթյուրումներով, առանձին դրվագներում առանց քաշվելու բացահայտ ստահոտ մեկնաբանություններով:

Անշուշտ, իմ կողմից եղավ արձագանք 20.09.2017թ. hraparak.am կայքում «Օձունի վերականգնող ճարտարապետը պատասխանում է փոխնախարարի կեղծ փաստարկներին» հոդվածով, ուր տրված սպառիչ պատասխանները ամենայն մանրամասնություններով, պարզաբանում էին 2012-2014թթ. Օձունի եկեղեցում կոպիտ խախտումներով կատարված աշխատանքների իրական պատկերը:

Չխորանալով վերջին իմ այս հոդվածում բերված փաստարկների լուսաբանմանը, միայն կներկայացնենք, թե ինչպես է նախկին փոխնախարարը ձևակերպում ու հիմնավորում 2017թ. Օձունի եկեղեցում վերսկսված վերականգնողական աշխատանքներին, ինձ որպես հեղինակի չներգրավելու «բուն պատճառը», ինչը հիմնավորվում էր իմ կողմից 2012-2014թթ.-ին կատարվելիք հեղինակային հսկողության պայմանագրով նշված «այցելումների քանակի խախտումով»:

Մի բան, բացի նրանից որ իրականությանը չի համապատասխանում, մեկնաբանված էր բացառապես գոյություն չունեցող, կեղծ փաստարկների հիման վրա, ինչի մասին իմ կողմից մանրամասն շարադրված է վերը նշված հոդվածում, ուր նաև վստահեցրել էի, որ ոչ մի նորանշանակ ճարտարապետի նշանակման հասկացողություն գոյություն չունի, քանզի այդ մասին շուտ կտեղեկանայի և որ հսկողությունը ամենայն հավանականությամբ կատարվում է Գ. Նազլուխանյանի կողմից, «յոլա տանելու տարբերակով»:

Նմանատիպ տարբերակը, բնականաբար, ինձ անհանգստանալու տեղիք տվեց, ինչի մասին տեղեկացրել էի նախկին մշակույթի նախարարին ու նախկին վարչապետին ուղղված իմ նամակներում, հիմնավորելով մտավախությունս, որ կարծես Օձունի եկեղեցում ունենալու ենք վերականգնողական աշխատանքների նույն սցենարը, ինչը տեղի ունեցավ 2009թ. Հնեվանքում վերականգնողական աշխատանքների ժամանակ: Մշակույթի նախարարությունը ինձ որպես հեղինակի տեղեկացնում է, որ միջոցներ չլինելու պատճառով շինարարությունը դադարեցվում է, սակայն առանց ինձ իրազեկելու, գաղտնի, համալիրի մատուռի հեղինակային հսկողության իրականացման համար ներգրավում են ոչ անհայտ Գ. Նազլուխանյանին, անշուշտ ևս ոչ անհայտ նախկին մշակույթի փոխնախարար Ա. Սամուելյանի որոշմամբ:

Իսկ արդյունքում ունեցանք խայտառակ ու անթույլատրելի վերականգնողական աշխատանքներ, «աչքի ընկած» նախագծային խախտումներով ու կատարման անօրակությամբ, էլ չեմ ասում, որ վերջինս նույնիսկ փորձ էր արել մասնակի վերականգնել 7-րդ դարի եկեղեցու արևմտյան ուղղանկյան հատվածը, որը կատարյալ անգրագիտություն էր, բացարձակապես պատկերացում չունենալով եկեղեցու հատակագծային և ծավալատարածական հորինվածքից:

Արդյունքում հերթական ապականումը, ինչի մասին իր բացասական վերաբերմունքն էր արտահայտել ՎՊ-ը 2009թ.-ին կատարած ստուգումների արդյունքում: Իսկ ժամանակը ցույց տվեց, որ իմ կանխատեսումը ճիշտ էր, ավելին, Օձունի եկեղեցու վերսկսված աշխատանքների հեղինակային հսկողության իրականացմանը բացի Գ. Նազլուխանյանից ներգրավված էր նաև վերջինիս որդին` Մ. Սողոմոնյանը, լինելով երիտասարդ, բնականաբար նմանատիպ աշխատանքների փորձառություն չունի: Իսկ թե վերջիններիս կողմից կատարված հեղինակային հսկողության արդյունքում ինչպիսի «նվաճումներ» ունեցանք, կներկայացնենք ստորև:

Վերջապես նախկին փոխնախարարի իրականությանը չհամապասխանող պարզունակ «մտածելակերպի» այդ մոտեցումը` ինձ, որպես նախագծի հեղինակի հսկողությանը չներգրավելը (ավելին, իմանալով, որ 30 տարուց ավելի Օձունի եկեղեցին ուսումնասիրվում է իմ կողից), հետապնդում էր զուտ մի բան, այդ կերպ «կանխել» իմ կողմից Օձունի եկեղեցում հեղինակային հսկողությունը կատարելիս, միաժամանակ կատարվող վերականգնողական աշխատանքների իրական պատկերի լուսաբանմանը, ինչպես անօրակ ու կոպիտ սխալներով կատարված աշխատանքների հետևողականորեն պարտակումների վերաբերյալ, այնպես էլ` արձագանքելով նախարարության կողմից արված բացահայտ ապատեղեկատվություններին, ինչն իմ կողմից հետևողականորեն արվում էր 2012-2017թթ-ի ընթացքում տարբեր լրատվական կայքերում`

irates.am- 22.12.2014թ., 04.10.2016թ.
168.am- 06.10.2015թ., 08.10.2015թ.
armlur.am- 13.08.2015թ.
hraparak.am- 20.09.2017թ.

Այն, որ հեղինակային հսկողություն իրականացնողները լիարժեք չեն ուսումնասիրել, այլ կերպ ասած` չեն «մարսել նախագիծը», ավելին` պատկերացում չունենալով սրահների կառուցվածքային հորինվածքի առանձնահատկություններից, իրենց կողմից «վերականգնողական» աշխատանքների ընթացքում թույլ են տվել ընդհուպ ինչպես ինքնագործունեություն, այնպես էլ` ռեստավրացիայի հիմնարար սկզբունքներին հակասող ու անթույլատրելի դրսևորումներ, պարզորոշ ընկալվում է «կատարված վերականգնողական աշխատանքներում»:

Այժմ տեսնենք, թե ինչպես են Օձունի եկեղեցում 2017թ. իրականացվել ինչպես վերականգնողական, այնպես էլ հեղինակային աշխատանքները և թող ընթերցողը իր կողմից տա գնահատական կատարվածի վերաբերյալ:

Նախկին մշակույթի նախարարին ու վարչապետին ուղղված իմ նամակներում հայտնել էի մտահոգություններս այն առումով, որ վերսկսված շինարական աշխատանքներն արդեն ընթանում են նախագծային շեղումներով: Խոսքը վերաբերվում էր հարավային սյունասրահի 21 մ երկարությամբ և 0.9 մ լայնությամբ ժապավենաձև գետնախարիսխների իրականացումը բազալտ քարով, երբ նախագծով նախատեսված էր եղել ֆելզիտ քարը, առավել ևս որ պահպանված են գետնախարիխի նախնական 2 ֆելզիտե քարերը (տես՝ լուս.՝ 1):

հետագայում պարզվեց, որ բազալտ քարերով է իրականացված նաև եկեղեցու հարավային մուտքի (տես՝ լուս.՝ 2)

և հարավային սրահի արևելյան վերջնամասում գտնվող սենյակի շեմքի (տես՝ լուս.՝ 3)

քարերը, ընդ որում՝ վերջինիս շեմքի գոյություն ունեցող զույգ ֆելզիտե քարերը հանել են և տեղում բազալտե նոր քարեր տեղադրել, ինչի արդյունքում այն բազալտե քարերով իրականացված գետնախարիսխների հետ հակասություն է առաջացրել ինչպես եկեղեցու, այնպես էլ` սրահի ու սենյակի ընդհանուր գունային լուծմանը: Եվ հիմա արձանագրում ենք, որ հյուսիսային սրահում էլ ժապավենաձև գետնախարիսխների վերականգնումը ևս զերծ չի մնացել ինքնագործունեության դրսևորման «յուրովի մոտեցումներից»: Բավական չէ, որ այդ գետնախարիսխները իրականացված են ևս բազալտ քարով, սրահի խուլ պատից սկսվող առաջին երկու կամարաշարերի արանքների գետնախարիսխները իրականացված են երեք կտոր քարերից, ընդ որում կողային հատվածները ֆելզիտ քարերով, իսկ կենտրոնական հատվածը, հիմա էլ անհասկանալի իրականացված ու խծկված անկանոն բազալտե քարերով (տես՝ լուս.՝ 4-5),

առաջացնելով չհիմնավորված շարվածքի կարկատանի անհասկանալի պատկեր: Այլ կերպ ասած, խելքներն ինչ փչել է, այն էլ արել են: Թե ինչպես վերականգնել հարավային սրահի արևելյան վերջնամասում գտնվող սենյակի արևմտյան ճակատը, թող ընթերցողը գնահատական տա: Նախագծով նախատեսված էր ինչպես քանդման վերաշարման, այնպես էլ նոր տաշ ու շարի աշխատանքներ (տես՝ լուս.՝ 6, գծանկար՝ 1):

Իրականում բացարձակապես ոչինչ էլ չի արվել և բավարարվել է «կոսմետիկ» աշխատանքներով, պատի շարվածքի կարանները անկանոն շաղախի լցումով (տես՝ լուս.՝ 7):

Եվ սա համարվում է «վերականգնողական» աշխատանքներ: Անշուշտ, նմանատիպ մոտեցմամբ կատարված աշխատանքներն անընդունելի են, ինչն առաջին հերթին հետևանք է նաև հեղինակային հսկողությունն իրականացնողների անհետևողական ու ոչ պատշաճ կատարմանը, ուստի այս խայտառակ շարվածքը անհապաղ պիտի քանդվի և իրականացվի նախագծի պահանջներին համապատասխան:

Սակայն սրահների վերականգնման աշխատանքների «հեղինակային հսկողության» իրականացումը ստանձնած Գ. Նազլուխանյանի և Մ. Սողոմոնյանի կողմից ինքնագործունեության դրսևորումները ուղղորդված անթույլատրելի կատարված աշխատանքներով դեռևս այսքանով չեն սահմանափակվում: Այն, ինչ որ հիմա կներկայացնենք ու կմեկնաբանենք, վերաբերում է ինքնագործունեությամբ ու նախագծից դուրս կատարված աշխատանքների «շարանին», սակայն այստեղ ականատես ենք լինում մի աննախադեպ կատարված աշխատանքների իրողությանը, որտեղ հեղինակային հսկողությունն իրականացնողներն իրենց «մոտեցումներով» ուղղակի ապշեցնում են ու միաժամանակ մտածելու տեղիք տալիս, քանզի կատարվածը ոչ այլ ինչ է, քան զեղծարարություն, ուղղորդված սրահների կառուցվածքային հորինվածքի առանձին հատվածների նախնական կերպարի խեղաթյուրմամբ:

Զարմանքով ականատես ենք լինում հարավային և հյուսիսային սրահների որմնասյուների ստորին հատվածներում ավելացված ու տեղադրված ուղղանկյուն կտրվածքով, եկեղեցու գետնախարիսխների բարձրությամբ խարիսխների տեղադրման փաստին: Մի բան, որ իրականում երբեք չի եղել ու երբևիցէ չէր էլ կարող լինել, առավել ևս, որ ինչպես մեր կողմից կատարված լրացուցիչ չափագրություններում (տես՝ չափագրություն՝ 1),

այնպես էլ նախագծում առկա հյուսիսային և հարավային սրահների թվով քսան կտրվածքներում (տես՝ գծանկար՝ 1234),

ինչպես նաև որմնակամարների փռվածքներում (տես՝ ԳԾ.՝ 5, 6),

որմնասյուների ստորին հատվածներում խարիսխներ, որպես այդպիսի հասկացողություն չես գտնի: Արդյունքում, ինչպես նշել էի ականատեսն ենք լինում սրահների առանձին դրվագների նախնական հորինվածքային կերպարի խաթարմանը: Բնականաբար հարց կառաջանա, ինչն է դրդել և կամ ինչի հիման վրա է իրականացվել այս անհեթեթությունը, որը մեր տեսանկյունից առաջին հերթին ապշեցնում է իր առանձնակի ամենաթողությամբ ու աչքի ընկնում ինքնագործունեության «վառ երևակայական» դրսևորմամբ: Իրականում ուղղանկյուն կտրվածքով քարեր ի հայտ եկան 1987թ., սրահների ստորին հատվածների փլատակների մաքրման ժամանակ ու չափագրվեցին իմ կողմից, ընդ որում հյուսիսային սրահում թվով չորսը, իսկ հարավայինում` հինգը, որոնք ունեն բացահայտ իրարից տարբերվող չափեր: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ վերջիններս տեղադրված էին որմնամույթերի հիմնամասերում (տես ԳԾ – 1,2,3-ի որմնամույթերի ստորին հատվածները), հանդիսանալով զուտ որպես հենարաններ: Ավելին, իրենց տեղադրությամբ նրանց վերին հարթության նիշը համապատասխանում է եկեղեցու գետնախարիսխի ստորին նիշին և փաստորեն այդ 15-18 սմ բարձրությամբ ուղղանկյուն կտրվածքով քարերի վերին հարթությունը իրենց մակերեսով լրացնում ու միաժամանակ կազմում են սալահատակի բաղկացուցիչ մասը (տես ԳԾ.՝ 7):

Բայց այստեղ ամենաուշագրավն այն է, թե ինչպես են տեղադրել այդ որմնասյուների «խարիսխները», որոնք եկեղեցու գետնախարիսխների հետ ունեն միևնույն բարձրությունները` 37-38 սմ: Իսկ այս «հանճարեղ» մտահղացումը կյանքի կոչելու ու դրան հասնելու միակ լուծումը կայացվել է հարավային սրահի միակտոր որմնամույթերի ստորին անկյունաձև հատվածների կտրումը, ուր և խցկվել է եկեղեցու գետնախարիսխների բարձրության չափով «խարիսխները», իրականացված բացահայտ աչքի զարնող նոր շաղախով, ինչը հեղինակային հսկողությունն իրականացնողների կողմից սառնասրտորեն ձեռնարկվել ու իրականացվել է: Ավելին, որմնամույթերի ստորին հատվածներում խցկված խարիսխները իրականացվել են հյուսիսային սրահի հնագույն բեկորների վերամշակումով, որպեսզի այդ կերպ հիմնավորեն նրանց «ի սկզբանե» լինելու փաստը (տես՝ լուս.՝ 8)

և որը հետագայում հիմք պիտի հանդիսանար նույնությամբ կրկնելու հյուսիսային սրահում, սակայն այս դեպքում արդեն նոր տաշված քարերով (տես՝ լուս.՝ 9):

Անշուշտ, այսպիսի խայտառակ մոտեցմամբ կատարված «աշխատանքները» անկասկած ցույց են տալիս, որ հեղինակային հսկողությունն իրականացնողները ընդհանրապես գաղափար չունեն հայկական վաղ միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ այնպիսի կառուցվածքային հորինվածքներից, ինչպիսիք են սյունասրահները, առավել ևս նրանց ձևավորման առանձնահատկություններից: Եթե քիչ թե շատ գաղափար ունենային ու տեղյակ լինեին այն հանգամանքին, որ այն սյունասրահները, ուր ժապավենաձև գետնախարիսխների վրա ձևավորված կամարաշարի մույթերն ունեն խարիսխներ, ապա պարտադիր որմնամույթերը ունենում են որմնախարիսխներ, այնպես ինչպես Երերույքում կամ Տեկորում:

Տվյալ դեպքում Օձունի եկեղեցու սյունասրահների կամարակապ մույթերը չունեն խարիսխներ, բնականաբար որմնամույթերի ստորին հատվածում ևս չեն եղել խարիսխներ, ինչն անժխտելի իրողություն էր մինչ այդ կերպարային խաթարումը: Իսկ ընդհանրապես Օձունի սյունասրահների մույթերի ու որմնամույթերի նմանատիպ լուծումը, որն էապես տարբերվում է իր մոտեցումներով վերը մատնանշված հուշարձանների սյունասրահներից, բացատրվում ու հիմնավորվում նախ և առաջ այն հանգամանքով, որ ժամանակագրական առումով Օձունի թաղակապ սյունասրահները իրականացված են եղել ավելի ուշ, առավել ևս, որ ներկա գոյհություն ունեցող սյունասրահները չեն հանդիսանում որպես նախնական հորինվածքներ:

Բայց հիմա փաստ է մնում այն, որ ականատես ենք լինում կատարված անգրագետ հիմնավորումներով իրականացված մի զեղծարարության, որի արդյունքում ունենում ենք սրահների կերպարային խաթարում, առանց հասկանալու, որ խծկված «խարիսխը» իր տեղում ու դիրքով արդեն չափից դուրս երերուն է և ուղղակի բացառվում է, որ որմնասյան 10 սմ կախվածության և «խարսխին» հենման ընդամենը 0.06 քմ մակերեսի համար, երբ որմնասյան 80% մակերեսը հենված է եկեղեցու գետնախարիսխին, ճարտարապետը նախատեսեր որմնասյան խարիսխ, այն էլ առանց տրամատի, ինչը բացառվում է, բացառելով անշուշտ նրա 1500 տարի իր տեղում պահպանված լինելու ուղղակի անհավանական փաստը:

Խցկված խարիսխների իրականացման փաստը ոչ միայն անհեթեթություն է, այլև մոտեցման ու իրականացման առումով կատարյալ անգրագիտություն: Ոնց կարելի է հյուսիսային ու հարավային սրահներում մույթերի միևնույն լայնքի (50սմ) առկայության դեպքում, խարիսխները ունենան բացարձակապես իրարից տարբերվող չափեր (20×50սմ), (25×62սմ), (21×50սմ), (24×63սմ), (28×70սմ), (15×77սմ), (19×75սմ), (21×70սմ), (18×68սմ) մի անտրամաբանական ու անհավանական մոտեցում, որը ոչ մի ճարտարապետի նույնիսկ մտքով անգամ չէր կարող անցնել ինչպես միջնադարում, այնպես էլ` հիմա:

Իսկ ելքը մեկն է անվերապահ տեղադրված «խարիսխները» տաշել որմնասյուների չափերին համապատասխան, բերելով վերջիններիս նախնական կերպարի: Իսկ թե ինչպես են ընթացել ու կատարվել վերաշարման ու վերականգնողական աշխատանքները հյուսիսային սրահում, խոսքը վերաբերվում է հատկապես կամարաշարի վերականգնմանը, ապա այստեղ ականատես ենք լինում ու արձանագրում, որ կատարվածն ուղղակի խայտառակություն է, իր մոտեցումներով ու գործելաոճով անհամատեղելի ռեստավրացիա, որպես այդպիսի հասկացողություն կոչվելու:

Դեռևս 20.09.2017թ. «Hraparak.am»-ում «Օձունի վերականգնող ճարտարապետը պատասխանում է փոխնախարարի կեղծ փաստարկներին» հոդվածում մատնանշել էի, որ ուղղակի բացառում եմ հյուսիսային սրահի կամարաշարի վերաշարման աշխատանքները կատարվեն ամենայն ճշտությամբ, նկատի ունենալով տարածքում սփռված և վերաշարման ենթակա հյուսիսային սրահին պատկան 200-ից ավելի բեկորները, որոնք իմ կողմից համարակալվել ու չափագրվել էին դեռևս 2012-2013թթ-ին, արդյունքում ունենալով վերականգնված վերջնական աշխատանքային գծագրեր, ինչը 2017թ. իրականացնողների մոտ գոյություն չուներ:

Բնականաբար, հոդվածի վերջնամասում գրառել ու խոստացել էի, որ աշխատանքների ավարտից հետո իմ կողմից կլինեն համապատասխան մակնաբանությունների լուսաբանում, կապված կատարված աշխատանքների համապատասխանելիությանը հաստատված նախագծին, ինչն իմ կողմից հիմա արվում է: Ցավոք իմ կանխատեսումը վերոհիշյալի առնչությամբ ճիշտ դուրս եկավ: Երբ ասում ենք հյուսիսային սրահի կամարաշարի վերաշարում, ապա մենք նկատի ունենք բաց խորանի կողմից սկսվող երեք կամարները, որոնք կանգուն էին եղել մինչև 1992թ-ը: Եվ երբ այդ նույն թվականին սկսվեցին վերականգնողական աշխատանքները, վերջիններս քանդվեցին, հետագայում վերաշարվելու նպատակով:

Ցավոք, շինարարական աշխատանքները տևեցին մի քանի ամիս, իսկ քանդված երեք կամարաշարերը այդպես էլ չվերաշարվեցին, այնպես ինչպես մյուս երեք կամարները, որոնք պիտի վերականգնվեին ամբողջությամբ նորովի:

Չունենալով հյուսիսային սրահի 200-ից ավելի բեկորների չափագրությունից իրականացված վերջնական աշխատանքային գծագրերը, հեղինակային հսկողությունն իրականացնողներին, մնում էր «անկաշկանդ ցուցադրել իրենց բացառիկ ունակությունները, ստեղծագործաբար իրականացնելով» ինչպես վերաշարման, այնպես էլ` նոր տաշ ու շարի իրականացման աշխատանքները:

Նշենք, որ վերաշարվող երեք կամարաշարերը փաստացի իրականացված են եղել թվով 25 քարերով, ընդ որում նախագծով նախատեսված է եղել ընդամենը մեկ կամարաքարի փոխարինումը նորով, ինչն իրականում չհիմնավորված ու կամայական դրսևորման արդյունքում, չգիտես ինչու փոխարինվել են նորով չորս կամարաքարերը, իսկ թե այդ հնագույն քարերի ճակատագիրը ինչ է եղել կմեկնաբանենք ավելի ուշ: Այն, որ կատարված վերաշարման աշխատանքները չեն համադրվում ու ոչ մի առնչություն չունեն բուն նախագծի կերպարին և կատարվածը զուտ իր էությամբ կամարների վերաշարման իմիտացիա է, շատ հստակ ապացուցվում է երեք այդ կամարների վերաշարման իրականացումը պատահական ընտրված կամարաքարերի փաստով: Արդյունքում նախագծով առաջին կամարաշարում 8 կամարաքարի փոխարեն 7-ն է, երկրորդում` 8-ի փոխարեն 9-ն է և վերջապես երրորդ կամարաշարում 9-ը կամարաքարի փոխարեն 7-ն է (տես՝ ԳԾ.՝ 8, լուս.՝ 10):

Բնականաբար, այսպիսի անլուրջ ու տնավարի մոտեցումը պիտի իր անվերապահ հետևանքներն ունենար կամարաշարի ընդհանուր կերպարի վրա: Արդյունքում մասնավորապես խախտվել են այդ երեք կամարաքարերի բացվածքները. 2.54 մ, 2.50 մ, 2.46 մ չափերի փոխարեն փաստացի ստացվել է 3 x 2.46 մ չափերը, ինչը բնականաբար բերել է վերջիններիս ուղղաձիգ նիշերի խախտմանը:

Բայց այսպիսի անլուրջ մոտեցումներով վերաշարման աշխատանքները, որոնք ոչ մի առնչություն չունեն վերականգնողական հասկացողության հետ, դեռևս չեն սահմանափակվում ու վերաբերվում է ինչպես կամարների արանքներում նույն կերպ պատահական տեղադրված ներքին երկկոր քարերի արտաքուստ ու ներքուստ վերաշարված քարերին, այնպես էլ հարթ երեսապատման քարերի անհիմն փոխարինումը նոր տաշված քարերով:

Անշուշտ, այս ամենի արդյունքում ստացվել է պատի շարվածք հորիզոնական կարանների բարձրությունների խախտում, ինչը նպաստել է տվյալ հատվածներում կերպարի խաթարմանը: Հաջորդ «գլուխգործոցը» վերաբերվում է վերոհիշյալ կամարների երեք մույթերի վերաշարմանը, ուր բացառությամբ մույթերի խոյակներից, մնացած բոլոր հատվածները ամբողջությամբ իրականացված են նոր տաշված քարերով (տես լուս.՝ 10):

Այսպիսի գործելաոճի գնահատականը մեկն է` բարբարոսություն, անգրագետ դրսևորման արդյունքում, որը ոչ մի առնչություն չունի ընդհանրապես ռեստավրացիայի հիմնարար սկզբունքների հետ: Նշեմ, որ այդ երեք մույթերի ընդհանուր քարերի քանակը թվով 51-ն է, և որ նախագծով մեր կողմից ընդամենը 5 քարն էր փոխարինվում նորով: Ստացվում է 46 քարերը դուրս են մնացել վերաշարման գործընթացից: Հարց է առաջանում, իսկ ուր են այդ մույթերի, ինչպես նաև ընդհանրապես հյուսիսային սրահի պատային հատվածների չվերաշարված քարերը: Պարզվում է, որ վերը մատնանշված քարերի «հետքերը» կոծկելու նպատակով, աշխատանքներն իրականացնողները հուշարձանի տարածքից այն տեղափոխել ու կուտակել են պարսպապատից դուրս, հարավային հատվածում, ուր պարզորոշ երևում է իմ կողմից համարակալված քարերը (տես լուս.՝ 11, 12, 13):

Պատկերացնում եք, 1500 տարվա վաղեմություն ունեցող քարերը (իմ մոտավոր հաշվով 70-ից ավելի) տարածքից տեղափոխվել են որպես «շինարարական աղբ»: Ակամայից հարց ես ուզում տալ, դրանով ում են ուզում խաբել և վերջապես քանի կոպեկ արժեն նմանատիպ վերականգնողական աշխատանքները: Վերաշարման ու վերականգնման նույնակերպ գործելաոճը արձանագրում ենք նաև հյուսիսային սրահի ներքին տարածությունում կատարված աշխատանքներում: Այստեղ ևս հարավային պատի ուղղությամբ վերաշարվող քարերը չհիմնավորված փոխարինված են նորերով, խաթարելով նախնական տեսքը, իսկ վերաշարվող քարերը ընդհանրապես տեղադրված են կամայական, ինչի արդյունքում խախտված են քարերի հորիզոնական շարքերի նախնական բարձրությունները (տես՝ ԳԾ.՝ 9, լուս.՝ 14, 15), որ իր հերթին բերել է թաղի կրունկի նիշի բարձրացում 13.5 սմ:

Աղոթասրահի հյուսիսային պատի որմնակամարների վերականգնման արդյունքում, թաղի կրունկի նիշը բարձր է ստացվել 6.5 սմ, ինչը հետևանք է որմնասյուների ոչ ճիշտ չափերի ու նրանց բացվածքների ոչ ճիշտ նշահարման, ինչպես նաև որմնակամարների վերին նիշերի չհամապատասխանելիությունը նախագծին: Նախագծով սրահի թաղի հատվածային ամբողջական վերականգնումը նախատեսված էր բաց խորանի աղոթասրահի պատի ուղղությամբ 1.7 մ երկարությամբ դեպի արևմուտք ընդգրկված սահմանը, ուր պիտի իրականացվեր ինչպես վերաշարման, այնպես էլ` նոր տաշ ու շարի աշխատանքներ, որը չի կատարվել (տես՝ ԳԾ.՝ 9, 10, լուս.՝ 16, 17) 

և միայն բավարարվել են հարավային պատի ուղղությամբ երկու թաղի քարերի տեղադրմամբ (տես լուս.՝ 16), որոնք երբեք այդ հատվածում գոյություն չեն ունեցել և նախագծով նախատեսված էր այդ տեղում թաղի նոր տաշված քարերի տեղադրում, իսկ նրանց իրական տեղը աղոթասրահի հյուսիսային պատի ուղղությամբ է եղել (տես ԳԾ.՝ 10):

Այստեղ կրկին հարց է առաջանում, ուր են մնացած վերաշարվող թաղի և որմնակամար երիզող ներքին միակոր մնացած քարերը: Դժվար չէ կռահել, թե ինչու չեն հատվածային ամբողջականացրել թաղը բաց խորանի ուղղությամբ: Բանը նրանում է, որ հեղինակային հսկողությունն իրականացնողները հետո են հասկացել, որ թաղի ամբողջականացման դեպքում, վերջինիս կորության մակերեսը ոչ միայն չի հպվում բաց խորանի կամարի ճակատային մակերեսին, այլև նույնիսկ չի երիզում վերջինիս կորությանը, արդյունքում բաց աբսիդի կամարի վերին նիշից մինչև իրականացվելիք թաղի վերին նիշը առաջանում է դատարկ տարածություն (տես՝ լուս.՝ 18), որի չափը նույնն է, ինչ որ թաղի կրունկի բարձրացված նիշը, այսինքն 13.5 սմ:

Իսկ այն, որ կամարաշարի հարավային պատում մեկ շարք շարված թաղի քարերը պիտի քանդվեն ու վերաշարվեն, որոնց հենման կրունկները պիտի իջեցվեն 13.5 սմ-ով, բերելով նախնական նախագծային նիշին, այդ առումով երկրորդ կարծիք լինել չի կարող: Այն, որ հեղինակային հսկողությունն իրականացնողների կողմից նախագիծը լիարժեք չի ուսումնասիրվել, պարզորոշ ընկալվում է նաև սրահներում զույգ թաղատակ կամարների իրականացման փաստացի արդյունքում և այդ տեսանկյունից դիտարկման մեկնաբանությունը սկսենք հարավային սրահից:

Այստեղ փաստում ենք մի աննորմալ իրավիճակ, ուր կամարի կորությունը մի ուղղությամբ է ընթանում, իսկ թաղի կորությունը` մեկ այլ, ավելին, հարավային կամարաշարի հյուսիսային պատի վրա գոյություն ունեցող մեկ շարք թաղի քարի կորությունը չի համընկնում սրահի որմնակամարների վերին նիշի վրա արդեն նոր տաշված ու տեղադրված թաղի քարի կորությանը, այլ կերպ ասած այդ թաղի քարերը ունեն բացահայտ իրարից տարբերվող կորության շառավիղներ, ընդ որում այն բացահայտ ընկալվում է ինչպես զույգ թաղատակ կամարների միջանկյալ տարածությունում, այնպես էլ նրանցից դուրս կամարների արևմտյան ու արևելյան կողային հարթությունների ուղղությամբ (տես՝ լուս.՝ 19, 20):

Բանը նրանում է, որ բոլոր երեք սրահներում էլ թաղերի հանդիպակած կրունկների նիշերը տարբեր են և այդ տեսակետից բացառություն չի հանդիսանում հարավային սրահը, որ զույգ թաղատակ կամարների միջանկյալ հատվածի թաղի քարերի կրունկների նիշը 26սմ-ով բարձր է (թաղի կորության շառավիղը 1.41 մ) (տես՝ Գծ.՝ 11) այդ միջանկյալ հատվածից դուրս արևելք-արևմուտք ուղղությամբ նոր տաշված ու տեղադրված թաղի կրունկներից, ուր համաձայն նախագծի, թաղի կորության շառավիղը կազմում է արդեն 1.33 մ (տես՝ ԳԾ.՝ 12, 13):

Եվ հիմա փաստացի կատարվածից արձանագրում ենք, որ աղոթասրահի ողջ երկայնքով միևնույն նիշի վրա տեղադրված մեկ շարք թաղի քարերը, ինչպես նաև նրանց կորության շառավիղների ոչ ճիշտ ընտրության և վերջապես թաղակապ կամարների վերին նիշերի չհամապատասխանելիությունը նախագծին արդյունք են հսկողության ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, ինչն էլ բերել է այս աննորմալ իրավիճակի իրողությանը:

Բնականաբար ամբողջ այս «տիտանական աշխատանքը» ենթակա է անվերապահ քանդմանը, ուր թաղատակ կամարները նույնիսկ ենթակա չեն վերաշարման, քանզի վերջիններիս քարերի բարձրությունները ընտրված են փոքր իրականացված թաղի կորության վերին եզրագծով, ինչը չի համապատասխանում նախագծին և չի բխում ինչպես շինարարական, այնպես էլ` կոնստրուկտիվ պահանջներից:

Թաղի քարերը կամարների ուղղությամբ, ինչպես ներսից, այնպես էլ դրսից պարտադիր պիտի իրենց մակերեսներով հպվեն թաղատակ կամարների կողային մակերեսների հարթությանը (տես ԳԾ.՝ 12), ինչը հնարավորություն է տալիս ապահովել կոշտությունը տվյալ հատվածներում: Երբ քննարկում էինք հյուսիսային սրահում բաց խորանի հատվածում կատարված ու չկատարված աշխատանքները, իմ կողմից հարց բարձրացվեց, իսկ որտեղ են տվյալ հատվածում չվերաշարված մնացած քարերը, հանձինս` թաղի քարերը: Եվ հիմա, երբ դիտարկում ենք հարավային սրահի թաղատակ կամարների միջանկյալ հատվածում վերաշարված թաղի քարին (տես՝ լուս.՝ 21), ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը:

Ինձ համար, սկսած 1985թ-ից Օձունի եկեղեցու ուսումնասիրությունների արդյունքում արդեն պարզ էր, որ աղոթասրահի արևմուտք ու հարավ ուղղություններով ոչ մի թաղի քար չի պահպանվել ու հիմա հսկողութունն իրականացնողների կողմից վերը մատնանշված հատվածում խծկված թաղի քարը, ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն, անգրագիտության հերթական դրսևորմամբ, իսկ ամբողջ եղելությունը իր բնույթով մտածածինս ինքնագործունեություն:

Դա այդպես եմ որակավորում, քանզի հյուսիսային սրահի թաղի քարի շառավիղը, որը ամենափոքն է` 1.20 մ, չէր կարող վերաշարվել մի տեղում, ուր թաղի շառավիղը 1.41 մ է: Նշենք, որ այսպիսի խայտառակ աշխատանքներից հնարավոր էր խուսափել, եթե ժամանակին առաջին իսկ թաղատակ կամարի համար կավարամածի կապումից հետո հարավային կամարաշարի պատի վրա գոյություն ունեցող թաղի քարի կրնկի ուղղությամբ, առաջին իսկ կամարի քարի տեղադրումից հետևություն անեին, որ այստեղ ինչ որ մի բան այն չէ, քանզի թաղի ու կամարի կորություններն ընթանում են տարբեր ուղղություններով:

Եվ եթե նույնիսկ մտովի վերականգնես թաղը, ապա վերջինիս ու կամարի վերին նիշի միջանկյալ տարածությունում առաջանում է մոտ 30 սմ դատարկ տարածություն: Բայց ինչպես տեսնում ենք, առանց հասկանալու աշխատանքները մեխանիկորեն շարունակվել են, արդյունքում ունենալով մի իրողություն, որը ինչպես նշել էի, ենթակա է անվերապահ քանդմանը: Ցավը նրանում է, որ այսպիսի խայտառակ իներցիոն կատարված աշխատանքները իրենց շարունակությունն են գտել արևմտյան սրահում, ուր վերջինիս պատային վերին հատվածում գոյություն ունեցող թաղի կորությունը չի համընկնում աղոթասրահի ուղղությամբ նոր տաշված ու տեղադրված ինչպես թաղի, այնպես էլ նոր իրականացված թաղատակ կամարի կորություններին: Դե իսկ արդյունքում նույն դատարկ տարածությունը թաղի ու թաղատակ կամարի միջանկյալ հատվածում (տես՝ լուս.՝ 22):

Սա, անշուշտ, ևս հետևանք է նոր տաշված թաղի քարերի կորության շառավիղի ոչ ճիշտ չափի ընտրության, ինչպես նաև թաղատակ կամարների քարերի բարձրության չափի չհամապատասխանելիությանը նախագծին, ինչպես նաև թաղատակ կամարների կախված լինելու հանգամանքով, որի արդյունքում թաղի ամբողջականացումը ուղղակի անհնարին է դառնում, ուստի պարտադիր այս թաղատակ կամարը ևս անվերապահ ենթակա է քանդման, որը ևս ենթակա չէ վերաշարման և նրա վերականգնումը պարտադիր ուղղորդված է նոր տաշված քարերի տեղադրման անհրաժեշտությամբ:

Ցավոք, արևմտյան սրահը ևս զերծ չի մնացել չհիմնավորված ինքնագործունեությամբ կատարված աշխատանքներից, որը ոչ այլ ինչ է, քան հերթական զեղծարարությունը: Խոսքը վերաբերվում է հյուսիսային սրահի կամարաշարի երրորդ վերաշարվող կամարի չգիտես ինչու չվերաշարված չորս կամարի քարերին, որոնք պարզվում է հեղինակային հսկողությունը իրականացնողների կողմից «մտքի հանճարեղ փայլատակման արդյունքում» վերամշակվել և օգտագործվել է այս սրահի տարբեր հատվածներում: Եվ քանի որ կամարի քարի լայնքը 88 սմ է, այն հեշտությամբ վերամշակվել է որպես թաղատակ կամարի քար, որի լայնքը 65 սմ է, ընդ որում կամարի մի քարը տեղադրել են հարավային ուղղությամբ վերականգնվող թաղատակ կամարի գագաթային մասում (տես՝ լուս.՝ 23), մյուսը` հյուսիսային ուղղությամբ թաղակիր կամարի աղոթասրահին հպված հատվածում (տես՝ լուս.՝ 24):

Ուշագրավն այն է, որ այս քարի վրա նույնիսկ պահպանված է մնացել իմ կողմից համարակալված քարի համարը` 25: Իսկ այս համարի տակ ինձ մոտ չափագրություններում, այն մատնանշված է որպես կամարի քար, էլ չենք ասում կամարի քարերի անհաջող վերամշակման փաստը (տես՝ լուս.՝ 25):

Այս շարքի զեղծարարության «գլուխգործոցներից» կարելի է համարել մյուս կամարի քարի վերամշակումը, արդեն որպես թաղի քար: Եվ քանի որ հյուսիսային սրահի կամարաշարի օգտագործված տվյալ կամարի բացվածքի շառավիղը փոքր է (R=122.5մ) արևմտյան սրահի թաղի շառավիղից (R=1.50 մ), տեղադրված կամարի քարի ստորին հատվածը տաշել են, մեծացնելով կորության չափը, այս կերպ փորձելով այն հարմարեցնել նոր տաշված ու տեղադրված թաղի քարերի կորությանը (տես՝ լուս.՝ 26):

Ակամայից զարմանում ես «հսկողների» կողմից այս «ինքնավստահ, իրենցից գոհ» ինքնագործունեության բազմազան հնարքներով կատարված աշխատանքների աներևակայական ստեղծագործական մոտեցումները, ինչը, ինչպես նաև վերը մատնանշված աշխատանքները, կրկին անգամ վերահաստատում են վերջիններիս կատարյալ անգրագիտությունը, ու ընդհանրապես կատարված աշխատանքների ոչ մի առնչություն չունենալը բուն ռեստավրացիա հասկացողությանը:

Ուշագրավն այստեղ այն է, որ 2017թ.-ի հեղիանակային հսկողությունն իրականացնող Գ. Նազլուխանյանը և Մ. Սողոմոնյանը բացարձակապես իրենց «կաշկանդված» չեն զգացել իրենց կողմից «նախաձեռնված գործողությունները իրականություն դարձնելուն», նույնիսկ գիտենալով, որ հեղինակի` հանձինս իմ կողմից պարտադիր լինելու «կատարված աշխատանքների» վերաբերյալ ամենայն մանրամասնությամբ մեկնաբանություններ:

Վերջիններս ամենայն հավանականությամբ մտածել են, որ «իրենց հսկողությամբ կատարված աշխատանքները» կսատարվեն մշակույթի նախկին փոխնախարար Ա. Սամուելյանի կողմից և ինչպես միշտ կլուսաբանվի, որ աշխատանքները իրականացված են համաձայն նախագծի և ընդհանրապես ոչ մի թերություն գոյություն չունի, այնպես ինչպես 2012-2014թթ.-ին կատարված աշխատանքների «վարդագույն երանգներով» մեկնաբանումները նախկին նախարարի ու նախկին փոխնախարարի կողմից:

Հ. Պողոսյանի կողմից գնահատվեց «պատշաճ մակարդակով» իրականացված աշխատանքներ, Ա. Սամուելյանի կողմից` «բարձր մակարդակով» կատարված աշխատանքներ, իհարկե, չխորշելով հետևողականորեն պարտակել այն բացահայտ կոպիտ խախտումները, որոնք հետևանքն էին այդ տարիների վերականգնողական աշխատանքների արդյունքում:

Ինչ վերաբերվում է նախագծով նախատեսված, սակայն չիրականացված աշխատանքներին, ապա այն վերաբերվում է եկեղեցու ավանդատների առաջին հարկաբաժնի ու աղոթասրահի բավականին ծավալուն մակերեսով սալահատակմանը, ինչպես նաև հյուսիսային սրահի բաց խորանի ուղղությամբ թաղի հատվածային, ինչպես նաև վերջինիս բեմական հատվածի ամբողջականացմանը:

Վերջապես նախատեսված ու այդպես էլ չիրականացված աշխատանքներից է 2011թ. հաստատված նախագծում ներառված կոթող-մահարձանը:

Վերջին հաշվով վերջինս հանդիսանում է վաղ միջնադարյան մեմերիալ հայկական ճարտարապետության և քանդակագործության արվեստի լավագույն ու ճանաչված հուշարձաններից: Իսկ հուշարձանը ներկա իրավիճակում կարիք ունի շուտափույթ վերականգնման ու ամրակայման աշխատանքների իրականացման անհրաժեշտության, էլ չեմ ասում օբիլեսկների անմխիթար վիճակի մասին, որը վաղուց գտնվում է քայքայման եզրին:

Անկեղծ ասած՝ ինձ համար անհասկանալի մնաց, թե որ արժանիքի համար շուրջ 15 տարի Հ. Պողոսյանը ղեկավարեց մշակույթի նախարարությունը: Ինչ վերաբերվում է նախկին փոխնախարար Ա. Սամուելյանին, որը 10 տարուց ավելի համակարգում էր հուշարձանների պահպանման, ամրակայման ու վերականգնողական աշխատանքների ոլորտը, այդպես էլ չըմբռնեց, ու չհասկացավ բուն ռեստավրացիայի հիմնարար սկզբունքներն ու դրանցից բխող պահանջները, էլ չեմ ասում, որ վերջինս այդպես էլ չհասկացավ ու գոնե իր համար չհստակեցրեց, թե ինչ անժխտելի ու ուրույն տեղ է գրավում Օձունի եկեղեցին հայկական վաղ մնիջնադարյան պաշտամունքային հուշարձանների շարքում: Իսկ դրա ապացույցն է Օձունում կատարված աշխատանքները:

Ոնց կարելի էր 2017թ. թույլ տալ վերսկսել եկեղեցու սրահներում, հատկապես հյուսիսայինում շինարարական աշխատանքները, երբ ինձ «փոխարինած հեղինակային հսկողությունն իրականացնողների» մոտ գոյություն չուներ հյուսիսային սրահի պատկան 200-ից ավելի վերաշարվող բեկորների չափագրումը, չունենալով բնականբար վերականգնման վերջնական աշխատանքային գծագրեր:

Էլ ավելի մտահոգիչ էր այն փաստը, որ, ունենալով այսպիսի իրողություն «հեղինակային հսկողություն իրականցնողները գիտակցաբար են» գնացել նախկին փոխնախարարին ընդառաջ, ստանձնելով այդ աշխատանքների իրականացմանը, ինչի արդյունքում ունեցանք սրահների խայտառակ վերականգնողական աշխատանքներ, ուղղորդված բացահայտ ինքնագործունեության ու զեղծարարության բազմաթիվ դրսևորումներով, ինչի մասին մանրամասն իմ կողմից լուսաբանվեց:

Մի առիթով նախկին փոխնախարարը 2015թ. 168.am կայքի լրագրողին հարցազրույցի ընթացքում փորձելով ցույց տալ, թե ինչքան է «մտահոգված» Օձունի եկեղեցու վերականգնողական աշխատանքների «իրական ընթացքով» նշում էր, որ մինչ շինարարի կողմից ներկայացված կատարողական ակտերի վավերացնելը, անձամբ բարձրանում է «խառաչոների» վրա, անձամբ տեսնելու,թե ինչպես են կատարվել աշխատանքները և հետո ընթացք տալիս այդ ակտերին:

Այս «հուզիչ մեկնաբանությունը» ինձ մոտ միայն ժպիտ էր առաջացնում, քանզի վերջինս բացարձակապես չունի հուշարձանի վերականգնման պրակտիկ փորձ և այս մեկնաբանման առիթով բերեմ համեմատական մի օրինակ, որը վերստին կհաստատի իմ տված գնահատականի ամբողջական պատկերը:

Երբ լեռնագնացը մագլցելով հաղթահարում է իրեն համար մի կարևորագույն բարձունք և գագաթում լուսանկարվում է կամ տեղադրում մի սիմվոլ, ասենք դրոշակ, ես դա հասկանում եմ, բայց երբ նախկին փոխնախարարը «խառաչոյով» բարձրանում է հուշարձան, տեսնելու ու գնահատելու կատարված աշխատանքները ու արդյունքում չի տեսնում այն ապականումը, բացահայտ կոպիտ խախտումներն ու անորակ կատարված աշխատանքները, որ համատարած են Օձունի եկեղեցում, ապա այս առումով թող ընթերցողը եզրակացություն անի ու իր կողմից տա գնահատական:

Վերջապես ոնց կարելի է 2017թ. կատարված այս խայտառակ վերականգնողական աշխատանքների կատարողական ակտերը վավերացնել, աշխատանքներ, որի արդյունքում կատարվածի մի ստվար զանգված պիտի քանդվի, որպեսզի կրկին վերաշարվի, կամ էլ քանդվի, նորովի վերակառուցելու նպատակով, ինչպես նաև սրահների նախնական կերպարի խաթարումը վերականգնելու:

Եվ եթե մտովի ետ նայենք ու բերենք 2012-2014թթ. ժամանակահատվածից ընդամենը մեկական օրինակ Օձունի եկեղեցում կատարված ու չկատարված աշխատանքներից, ապա կարծում եմ այն կլրացնի ու լիարժեք կարտահայտի այն իրական պատկերը, թե որքանով էր նախկին փոխնախարարը «մտահոգված» այս ամենի առումով:

Կատարված աշխատանքները վերաբերվում են եկեղեցու արևմտյան ճակատին, ուր շինարարը ինքնագլուխ այնպես ձևափոխեց ճակտոնը, որի արդյունքում անվերադարձ խաթարվեց վերջինիս VI դարի նախնական կերպարը, ինչի մասին փորձեցի անհապաղ տեղեկացնել նախկին փոխնախարարին, սակայն դա ինձ չհաջողվեց, քանզի վերջինս իմանալով իմ մտահոգությունը, միտումնավոր ուղղակի անցել էր «ընդհատակ» ու չէր արձագանքում հեռախոսազանգերիս:

1.5 ամիս անցնելուց հետո, երբ շինարարը «ավարտին հասցրեց իր գործը», մեր հանդիպման ժամանակ այդպես էլ չփորձելով «հասկանալ կերպարային խաթարման լրջությունը, հանգիստ տոնով ասաց. «… հիմա ի՞նչ ենք անելու»: Էսպիսի բաներ:

Նասխատեսված, սակայն չկատարված աշխատանքը վերաբերվում էր եկեղեցու թմբուկի ամրակայմանը, ինչի մասին ևս տեղյակ էր նախկին փոխնախարարը, էլ չեմ ասում, որ այդ մասին բազմիցս անդրադարձել եմ իմ հոդվածաշարում, սկսած 2014 թվականից:

Այն, որ եկեղեցու թմբուկը գտնվում է անմխիթար ու խախուտ վիճակում (հատկապես ներսից) ու նրա ամրակայումը պարտադիր էր, հետազոտված ու մեկնաբանված էր տեխնիկակական վիճակի եզրակացությունում:

Վերջապես թմբուկի չամրակայելը գտնում եմ նախատեսված, սակայն չիրականացված աշխատանքներից ամենամեծ բացթողումն էր: Տեղյակ լինելով այս ամենից, ինչպես միշտ նախկին փոխնախարարի կողմից չեղավ ոչ մի արձագանք:

Եթե նախկին փոխնախարարը իր մտածելակերպի շրջանակներում կարծում էր, որ ինչպես Հնեվանքում խայտառակ աշխատանքները կկոծկի ու իմ ահազանգի արդյունքում այդ առումով նախարարությունում նախատեսվող ստեղծվելիք հանձնաժողովի կազմավորման գործունեությունը տարիներով, սկսած 2009թ-ից կձգձգի ու ընթացք չի տա, այլ կերպ ասած «կջրի» ու մոտեցումը Օձունի օրինակում ևս կլինի նույնը, ապա այս առումով չարաչար սխալվեց: Այնպես ստացվեց, որ ինչպես ասում են շաբաթն ուրբաթից շուտ եկավ ու մեր երկրում այս արմատական փոփոխությունները, համենայն դեպս ինձ համար դրական փոփոխությունների ակնկալիքներ են կանխատեսում գլոբալ առումով ողջ մշակութային դաշտում, այդ թվում մի ոլորտի պատշաճ համակարգում, որը վերաբերվում է պատմամշակութային հուշարձանների պահպանմանն ու վերականգնմանը:

Անկասկած իմ կողմից նորանշանակ մշակույթի նախարարին հարց կբարձրացվի ինչպես Օձունում, այնպես էլ Հնեվանքում կատարված աշխատանքների վերաբերյալ մասնագիտական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությանը: Վերջապես՝ ով պիտի պատասխան տա այս ամենի համար և ով է շտկելու այն այլանդակությունները, որոնք ի հայտ եկան «վերականգնողական աշխատանքների» արդյունքում:

ՄԻՇԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս