Ընտրություններից առաջ Փաշինյանը կբարձրացնի նաև նպաստները
Ընտրությունների պատրաստվող և պետական բյուջեի հաշվին քարոզարշավ անող Նիկոլ Փաշինյանը որոշել է բյուջեի հաշվին 210.000 քաղաքացու վարկը մարելով չբավարարվել և ավելի մեծ թվով մարդկանց ձայներ գնել՝ դարձյալ բյուջեի հաշվին։
Այդ նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում, որով այս անգամ կավելանան նաև մայրության և ժամանակավոր անաշխատունակության համար տրվող նպաստների չափերը։
Եվ այսպես, Կառավարության ընդունած որոշման համաձայն, փոփոխություն է կատարվելու «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում։
Այդ փոփոխությամբ՝ նպաստի տրամադրման համար ներդրվելու է հաշվարկի այնպիսի մեթոդ, որը բերելու է նպաստների չափերի ավելացման։
Գործող կարգավորումների համաձայն՝ մայրության նպաստը հաշվարկվում է օրացուցային օրերով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստը՝ աշխատանքային օրերով։
Ներկայացված նախագծով առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման ընթացակարգը փոխել՝ հաշվարկելով օրացուցային օրերով, որի արդյունքում առկա են լինելու դեպքեր, երբ որոշակի օրեր նպաստառու հանդիսանալու դեպքում անձն ավելի շատ գումար կստանա, քան աշխատանքի հաճախելու դեպքում, ինչն էլ իր հերթին՝ հանգեցնելու է պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության։
Ըստ Ֆինանսների նախարարության՝ բյուջեից հավելյալ միջոցների հատկացում է տեղի ունենալու այս փոփոխություններով, երբ չկան դրանց աղբյուրները, չկա որևէ ֆինանսական հաշվարկ։
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու ֆիսկալ հնարավորությունների սահմանափակումները, ֆինանսների նախարարությունն առաջարկել է ձեռնպահ մնալ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի հանգեցնող այս նախաձեռնություններից։
Ֆինանսների նախարարությունը միաժամանակ հայտնել է, որ օրենքն ընդունվելու դեպքում անհրաժեշտ է լինելու նաև այդ նոր հաշվարկը ներդնելու ծրագրային ապահովում ունենալ, ինչը ևս հավելյալ ծախս է պահանջելու այդ պարագայում։
Կառավարությունը, սակայն, մնացել է անդրդվելի և չգնահատված ծախսեր ենթադրող նախագիծն ընդունել է։