«Ինչ ուզում ես, ասա, աղքատները պետք է օգնեն միմյանց. Չէ՞ որ պատերազմ հարուստներն են սկսում»
Գի դը Մոպասանը (1850-1893թթ.) 19-րդ դարի ամենահայտնի եվրոպացի գրողներից էր: Իր ոչ երկար կյանքի ընթացքում նա հասցրեց հրատարակել մի քանի վեպեր ու շուրջ 20 պատմվածքների ժողովածուներ: Նրա նովելներն առանձնանում են մատուցման նուրբ, փոքր-ինչ մելանքոլիկ ոճով ու անսպասելի հանգուցալուծմամբ:
Նրա շատ ստեղծագործություններ դարձել են ֆրանսիական դասական գրականության նմուշներ դեռևս հեղինակի կենդանության օրոք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մոպասանի 10 մտքերը` վերցված նրա իսկ ստեղծագործություններից:
- Սիրո խոսքերը միշտ նույնն են: Ամեն ինչ կախված է նրանից, թե ում շուրթերից են դրանք հնչում:
- Այո, սերը կյանքում միակ ուրախությունն է, սակայն մենք ինքներս հաճախ փչացնում ենք այն` ներկայացնելով չափազանց մեծ պահանջներ:
- Կանայք միշտ ինչ-որ այլ բանի են սպասում, ոչ նրան, ինչը գոյություն ունի իրականության մեջ:
- Սիրտն իր գաղտնիքներն ունի, որոնք հասու չեն գիտակցությանը:
- Կյանքը լեռ է: Բարձրանալիս՝ դու վեր ես նայում, ու դու երջանիկ ես, բայց հենց հասնում ես գագաթին, սկսվում է զառիթափը, իսկ առջևում մահն է: Դանդաղ ես բարձրանում, բայց իջնում ես արագ:
- Մեզնից յուրաքանչյուրը պարզապես աշխարհի մասին այս կամ այն պատրանքն է ստեղծում իր համար, բանաստեղծական, սենտիմենտալ, ուրախ, մելանքոլիկ, կեղտոտ կամ չար պատրանք` կախված իր բնույթից:
- Հնարավոր է ընկնել, որովհետև… որովհետև ճանապարհի կողքերին ջրանցքներ են լինում, և միշտ չէ, որ հեշտ է ուղիղ ճանապարհով գնալը: Սակայն, եթե ընկել ես, դա դեռ չի նշանակում, որ պետք է թավալվել ցեխի մեջ:
- Ինչ ուզում ես, ասա, աղքատները պետք է օգնեն միմյանց: Չէ՞ որ պատերազմ հարուստներն են սկսում:
- Հավանաբար գոյություն ունի իսկական սեր, երկու սրտերի, երկու հոգիների` դեպի միմյանց ձգտող ուժ, սակայն, անկասկած, կա նաև այլ սեր` ծանր, այրող, դաժան: Դա 2 տարբեր մարդկանց` միմյանց նկատմամբ ունեցած անդիմադրելի ձգողությունն է, որոնք միմյանց միաժամանակ ատում ու պաշտում են: Երբ ես նայում էի նրան, հավասարապես ուզում էի սպանել ու համբուրել:
- Գեղեցկությունն ու նազանքը պետք է միակ զարդարանքը լինեն: Ահա իսկապես բացառիկ գանձերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը