Արցախում անհրաժեշտ է սահմանադրական օրենքներով ապրել. ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ
2006 թվականին Արցախի Հանրապետությունում համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունելով Սահմանադրությունը՝ մենք ունեցանք մեր երկրի հիմնական մայր օրենքը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Անատոլի Թադևոսյանը՝ նշելով, որ Արցախում մինչև Սահմանադրության ընդունումը եղել են նաև այլ սահմանադրական օրենքներ, որոնք համապատասխան ոլորտներում իրենց դերակատարությունն են ունեցել: Հանրաքվեի միջոցով Սահմանադրության ընդունումն կարևոր դերակատարություն ունեցավ Արցախի Հանրապետության հանրային և քաղաքական կյանքում:
«Սահմանադրությունը երկրի մայր օրենքն է, որտեղ ամրագրված է պետական կառավարման համակարգը՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հիմնական սկզբունքները: Սահմանադրությունն իրավաքաղաքական փաստաթուղթ է, որը կարևոր դերակատարություն ունի երկրի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում: Այն բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտ է: Սահմանադրությունն ընդունվում է հատուկ ընթացակարգով՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Սահմանադրության բոլոր դրույթներն իրենց դերակատարումն են ունենում հասարակական կյանքի տարբեր բնագավառներում: Մայր օրենքի առանցքում ընկած են այնպիսի հարցեր, ինչպիսիք են սահմանադրական կարգի հիմունքները, որում արտացոլված է մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք էլ բխում են միջազգային տարբեր փաստաթղթերից և կոնվենցիաներից: Յուրաքանչյուր քաղաքացի առնչվելով իր իրավունքների և ազատությունների խախտմանը կամ ոտնահարմանը, Սահմանադրության վրա հենվելով՝ իրավունք ունի անմիջականորեն իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը»,- ասել է Ա. Թադևոսյանը:
Խոսելով 2017 թվականին ԱՀ-ում համաժողովրդական հանրաքվեի արդունքներով ընդունված նոր Սահմանադրության մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ նորանկախ երկրի համար այն շատ կարևոր էր:
Ըստ Ա. Թադևոսյանի՝ ԱՀ-ում ոչ միայն անհրաժեշտ է Սահմանադրություն ունենալը, այլև՝ սահմանադրական օրենքներով ապրելը, որը շատ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու համար:
«ԱՀ-ում 2017 թվականի Սահմանադրության ընդունմամբ մենք թևակոխեցինք կառավարման նոր համակարգ՝ կիսանախագահական համակարգից անցնելով նախագահականի: Բարեփոխվեցին տարբեր ինստիտուտներ, սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրվեցին նոր դրույթներ: Ի հայտ եկան նաև նոր ինստիտուտներ: Ներկայումս իրականացվում է նաև Սահմանադրության համապատասխանեցման գործընթաց: Ընթանում է նաև տեղական ինքնակառավարման հայեցակարգի փոփոխություն»,-ավելացրել է Ա. Թադևոսյանը:
Թե ինչքանով է Արցախի Հանրապետության քաղաքացին տեղյակ իր իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև սահմանադրական այլ նորմերին, Ա. Թադևոսյանը պատասխանել է, որ այդ ուղղությամբ Արցախում իրավագիտակցության մակարդակի բարձրացման խնդիր կա: Առնչվելով տարբեր խնդիրների՝ քաղաքացին կարիք է ունենում տեղեկանալ իր իրավունքներին ու ազատություններին: Այն օգնում է նաև մարդկանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը: Սահմանադրության 2-րդ գլուխն ամբողջությքամբ նվիրված է հենց Մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին: Եթե այսօր Արցախում կառուցվում է իրավական պետություն, ապա դրա բնութագրիչ հատկանիշներից մեկը պետության և քաղաքացու փոխադարձ պատասխանատվությունն է, օրենքի գերակայությունը, որի ապահովման համար պետք է լինի իրավագիտակից հասարակություն:
Զրույցի վերջում Ա. Թադևոսյանը Սահմանադրության ընդունման տոնի կապակցությամբ շնորհավորել է ԱՀ-ն քաղաքացիներին՝ մաղթելով, որ Արցախի ժողովուրդն օրենքով լիարժեք պաշտպանված լինի, ապրի ու գործի ըստ Սահմանադրության և օրենքների, հարգի այլոց իրավունքներն ու ազատությունները: