Բյուջեից գումար չի խնայվելու, որպեսզի Ամուլսարի հանքում ամենաբարձր մակարդակի փորձաքննությունն իրականացվի. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարության համար ծայրահեղ կարևոր է, որպեսզի Ամուլսարի հանքում փորձաքննության արդյունքները լինեն վստսհելի: Այս մասին Սիսիանում նախընտրական քարոզարշավի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Ես երբ ստանձնել էի վարչապետի պաշտոնը, ինձ անհրաժեշտ էր ունենալ ողջ տեղեկատվությունը, որի հիման վրա կարելի էր որևէ վերջնական որոշում կայացնել: Եվ, ի զարմանս ինձ, այդ տեղեկատվությունը առկա չի եղել և այսօր էլ առկա չի: Եվ հարցերի հարցը մեզ համար հետևայլն է՝ արդյոք Ամուլսարի հանքի շահագործումը սպառնալի՞ք է Ջերմուկի ջրային համակարգի և Սևանա լճի համար»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում Ամուլսարի հանքի գործունեության հետ կապված հարուցված է քրեական գործ, և քրեական գործի ամենակարևոր իմաստը հետևյալն է՝ պարզել, թե ինչքանով է շրջակա միջավայրի վրա ազդեցության այն գնահատականը, որը դրված է հանքի շահագործման թույլտվության հիմքում, հիմնված հավաստի փաստերի վրա:
«Քրեական գործի շրջանակներում նշանակված է փորձաքննություն, և մենք միջազգային մրցույթ ենք հայտարարելու ու մեր բյուջեից գումար չենք խնայելու, որ համաշխարհային ամենաբարձր մակարդակի ընկերությունը իրականացնի քրեական գործով այդ փորձաքննությունը: Մեզ համար ծայրահեղ կարևոր է, որպեսզի այդ փորձաքննության արդյունքները լինեն վստահելի, և դրա համար այսօր կան բոլոր պայմանները, որովհետև հույս ունեմ, որ համոզված եք, որ մեր կառավարությունը և ես անձամբ չունենք որևէ անձնական կամ այլ բնույթի շահագրգռություն հարցի լուծման որևէ տարբերակի նկատմամբ»,- շեշտեց Փաշինյանը և հավելեց, որ փորձաքննության արդյունքները ստանալուն պես այդ հարցը կքննարկի առաջին հերթին հարակից համայնքների ներկայացուցիչների հետ: