«Զբոսաշրջության ոլորտում պետք է ստեղծել ավելի մրցակցային միջավայր». Ապրեսյան
Տուրիզմի հայկական ֆեդերացիան նպատակ ունի Հայաստանում ստեղծել ավելի մրցակցային միջավայր, որպեսզի երկրի մրցունակությունը բարձրանա համաշխարհային շուկայում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ի նախագահ Մեխակ Ապրեսյանը խոսեց ֆեդերացիայի ստեղծման, նպատակների, ոլորտում առկա խնդիրների և մի շարք այլ հարցերի մասին:
-Պարոն Ապրեսյան, նախկինում եղել է «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն»: Ինչո՞ւ որոշեցիք վերակազմավորել այն «Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ի:
-2004 թվականի օգոստոսի 2-ին կայացած ժողովի ժամանակ ստեղծվել է «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն»-ը: 2018 թվականի օգոստոսի 2-ին «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության» ընդհանուր խորհուրդը որոշում ընդունեց վերակազմավորվել «Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ի: Մի քանի տարի մասնավոր հատվածի հետ քննարկում էինք ֆեդերացիա ստեղծելու գաղափարը: Այն, իրոք, անհրաժեշտ էր՝ ներկայիս համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության մեջ առկա մարտահրավերների և զարգացումների պայմաններում: Մենք պետք է կարողանանք ոլորտում եղած մարտահրավերներն ավելի արդյունավետ հաղթահարել: Ֆեդերացիայի միջոցով կփորձենք մասնակցել և աջակցել ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման գործընթացին, լինել պետության և հասարակության միջև կապող օղակ:
-Ի՞նչ նպատակ է հետապնդում վերակազմավորված ֆեդերացիան:
-Այժմ մենք նպատակ ունենք ներկայացնել ոլորտի մասնավոր հատվածն ամբողջությամբ և հանդիսանալ համագործակցության հարթակ ոլորտի բոլոր պետական ու մասնավոր շահագրգիռ կողմերի համար: Մեր նպատակն է նաև Հայաստանում ստեղծել ավելի մրցակցային միջավայր, որպեսզի երկրի մրցունակությունը բարձրանա համաշխարհային շուկայում:
-Կնշե՞ք «Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ի գործառույթները:
-Մենք մի քանի գործառույթ ունենք, որոնցից կարևոր եմ համարում տուրիզմի ոլորտի աշխատակիցների համար դասընթացների կազմակերպումը, վերապատրաստումը: Այս ասպարեզում շատ մեծ դերակատարություն ունի մարդկային ռեսուրսների զարգացումը, ոլորտը բարձրակարգ կադրերով ապահովելը: Մենք նաև ոլորտում ուսումնասիրություններ, վերլուծություններ ենք իրականացնելու, մշակելու ենք տարբեր առաջարկություններ և ներկայացնելու շահագրգիռ պետական և մասնավոր կառույցներին:
-Արդեն իսկ դասընթացներ անցկացվե՞լ են:
-Այո, արդեն եղել են դասընթացներ զբոսաշրջային օպերատորի գործունեության վերաբերյալ, և դրանք շարունակական են լինելու: Բայց միայն սրանով չենք սահմանափակվելու, լինելու են նաև ոլորտի բոլոր ծառայությունների հետ կապված դասընթացներ, ինչպես նաև հենց դասընթացավարների պատրաստման դասեր:
-Նախատեսվո՞ւմ են համագործակցություններ այլ երկրների ֆեդերացիաների հետ:
-Դեռևս մեկ պայմանավորվածություն կա՝ համագործակցություն սկսել «Հոլանդիայի տուրիզմի ֆեդերացիա»-ի հետ, ինչի արդյունքում կլինի փորձի փոխանակում: Մենք այստեղ հրավիրել էինք հոլանդացի տուրիզմի ոլորտի մի մասնագետի, ով նախկինում եղել է այդ ֆեդերացիայի անդամ և նրա հետ արդեն իսկ համագործակցության պայմանավորվածություն ենք ձեռք բերել:
-Ի՞նչ փոփոխություններ է պետք իրականացնել տուրիզմի ոլորտում, որպեսզի այն զարգանա, և ավելի շատ զբոսաշրջիկներ այցելեն Հայաստան:
-Դեպի Հայաստան զբոսաշրջիկների դինամիկ աճ է սպասվում, և առաջին հերթին մենք պետք է կարողանանք ճիշտ կառավարել այդ զբոսաշրջային հոսքերը: Դրա համար անհրաժեշտ է ապահովել ծառայությունների որակ, հետևողական լինել, որպեսզի ավելի բարեկարգ ծառայություններ մատուցենք: Մենք նաև է չպետք մոռանանք միջազգային ինտեգրացման մասին՝ առավել ակտիվացնենք միջազգային համագործակցությունը, որն ունի երկու նպատակ: Մենք, առաջին հերթին, պետք է կարողանանք օգտվել այդ համագործակցությունից, որպեսզի բարձրացնենք մեր երկրի իմիջը, երկրորդն էլ՝ պետք է բարձրացնենք մեր երկրի հեղինակությունն ու հարգանքը Հայաստանի նկատմամբ:
-Բացի ֆեդերացիայի անդամ կազմակերպություններից, կա՞ն այլ կառույցներ, որոնք աջակցում են:
-Իհարկե, կան: Ամենակարևորը հենց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է, քանի որ ֆեդերացիան չի կարող լինել առանց լիազոր մարմնի: Մեր գործունեության մեջ շատ մեծ ներդրում ունեն նախարարությունն ու Զբոսաշրջության կոմիտեն, որը ոլորտում պետական լիազոր մարմինն է:
Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի