Նախագահի նստավայրը տեղափոխվում է Բաղրամյան 26
ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում:
«Նախատեսվել էին պաշտոնատար անձանց գործունության ապահովման դրույթներ: Վարչապետի նստավայր էր սահմանվել Բաղրամյան 26-ը, իսկ նախագահինը` Մաշտոցի 47-ը:
Զուգահեռաբար, կառավարության աշխատակազմին տրամադրված էր Հանրապետության հրապարակ 1 շինությունը, հետագայում այն հանձնվեց վարչապետի աշխատակազմին: Ստացվեց, որ վարչապետն ունեցավ երկու նստավայր: Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ կարծում է, որ վարչապետը կառավարության գործունեության ղեկավարումն ու աշխատանքի համակարգումը կարող է իրականացնել մեկ նստավայրի միջոցով:
Բացի այդ, մենք կարծում ենք, որ պատմական նշանակություն ունեցող Բաղրամյան 26-ը պետք է վերադարձնել Հանրապետության նախագահին, որը նաև Հանրապետության գլուխն է»,-ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ սա ունի խորհրդանշական բնույթ:
Նախագծին կողմ քվեարկեց 54 պատգամավոր, ձեռնպահ`2, դեմ պատգամավոր չկար: