«Եթե չընտրվենք, կատաստրոֆա չի լինելու». Լևոն Շիրինյան
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» նորաստեղծ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են ու խորհրդարան են գնալու թավշյա հեղափոխության գաղափարները պաշտպանելու և նախկին ռեժիմի «ռեստավրացիան« թույլ չտալու նպատակով, ինչպես նաև քրիստոնեական արժեքների, բարոյականության, տնտեսական, քաղաքական հայեցակարգը վերադարձնելու պայքարի համար։
«Սպասվում է քաղաքական պայքար, բայց պայքար մշակութային քաղաքական վերածննդի համար, կարծում եմ՝ այս ամենին հասնելը մեզ կհաջողվի գործընկերների և ժողովրդի աջակցությամբ։ Պետք է հստակ գիտակցվի, որ մենք դասակարգային կառույց չենք, որևէ շերտի համար չենք, այլ հասարակ ժողովրդի համար ենք։ Այս կարգախոսով մենք գնում ենք հաղթանակի նպատակով։ Եթե չընտրվենք, կատաստրոֆա չի լինելու, կարևորը Հայաստանն է, ոչ թե մենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Լ. Շիրինյանը։
Ըստ նրա, կուսակցությունն ունի հստակ հայեցակարգ՝ պառլամենտարիզմ, որն էլ իր հերթին՝ ունի հայտնի մոդել՝ կայսերական դեմոկրատիա, որը ենթադրում է բալանսավորված խորհրդարան, կենտրոնաձիգ վարչապետություն՝ վարչապետի գլխավորությամբ.
«Սա արդյունավետ մեթոդ է, որը դրսևորվում է գերմանական պետություններում, որը Հայաստանում ներդնելը բավականին հեշտ է»,- ասաց Լևոն Շիրինյանը։
Ըստ նրա, պետք է վերադարձնել նաև բարձրարժեք մշակույթը, որը հասանելի կլինի բոլորին։
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, Լևոն Շիրինյանը նկատեց, որ այդ հարցում իրենք հայաստանակենտրոն են, բոլոր կողմնորոշումները կախված են ներքին զարգացման բալանսից, հետևաբար՝ մերժում են կողմնորոշումների քաղաքականությունը։
«Պետք է ՀԱՊԿ-ի հետ կարգավորվի օրենսդրական բազան, և մենք ներկայանանք՝ որպես հավասար գործընկեր։ Այսօր խնդիրը սրված է, քանի որ նախորդ ռեժիմի ներկայացուցիչներն իրենց դիրքերը հանձնել են։ Նկատել եք երևի, որ վերջին շրջանում ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ-ում պաշտպանում են Հայաստանի շահերը, այս պարագայում ՀԱՊԿ-ի շրջանակներում պետք է կատարելագործել մեր շահերը։ Վերջին հաշվով, մեզ համար կարևորը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Եթե ցանկանում են ՀԱՊԿ-ից դուրս գալ, պետք է հասկանան, թե ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների կարգավորման աստիճանը որն է»,- ընդգծեց Լ. Շիրինյանը։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Լ. Շիրինյանը նշեց, որ հեղափոխության օրերին ակնհայտ էր դառնում, որ եվրոպական կառույցներն ընդառաջում էին Հայաստանի շահերին, ինչը քաղաքագիտության մեջ ազդակ է, որ պարտադիր չէ, որպեսզի ոլորտում հակադրվեն մյուսների հետ, քանի որ եվրոպական կառույցները ցանկություն չունեն հակադրվել ռուսների հետ։
«Կողմնակից եմ արտաքին, ինչպես նաև ներքին բալանսավորված քաղաքականության»,- եզրափակեց Լևոն Շիրինյանը։
Զվարթ Խաչատրյան