«Իշխանություններին ուզում եմ հիշեցնել, որ զինադադարի հիմքը ոչ թե վերելակում եղած խոսակցություններն են, այլ 1994թ. ստորագրված եռակողմ համաձայնագիրն է». Դավիթ Շահնազարյան

«Ինձ համար անսպասելի չէր, որ ես կլինեմ Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում, թեպետ առաջարկություն ես ստացել եմ կիրակի օրը, բայց այն, ինչ կատարվեց և կատարվում է Հայաստանում, ամենաառաջին օրվանից իմ խորը մտահոգության առիթն է եղել։ Ես նույնիսկ հրապարակայնորեն չեմ թաքցրել, որ այն, ինչ անվանվում է հեղափոխություն, իրականում հեղաշրջում էր։ Ակնհայտ է, որ գործող վարչախումբն այս 6 ամսվա ընթացքում ոչ միայն համարժեք կերպով չի արձագանքել նախկինում եղած թե ներքին, թե արտաքին սպառնալիքներին, այլև բազմապատկել է այն»,- armdaily.am-ի հետ զրույցում ՀՀԿ ցուցակում հայտնվելու իր պատճառների մասին հայտարարեց ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

Նա հավելեց նաև, որ Հանրապետական կուսակցությանն ինքը միշտ քննադատել է, բայց և չի թաքցրել, որ վերջին 2-3 տարիներին միշտ պաշտպանել և սատարել է ՀՀԿ արտաքին քաղաքականությունը, և դա արել է հրապարակայնորեն։ Բացի դրանից, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը հեղափոխականներ են, պաշտպանել են այս հեղափոխությունը, ինչին ինքն ի սկզբանե դեմ է եղել։

«Ասեմ ավելին, ես մինչ այդ էլ ՀՀԿ ներկայացուցիչներին ասել էի, որ՝ գալու եմ նստեմ ձեր շտաբում ու ձեզ համար աշխատեմ, որովհետև մնացած բոլորը, այսպես կոչված, հեղափոխականներ են։ Ընդունել եմ նրանց ցուցակում լինելու հրավերը, որովհետև Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգները և Արցախի հարցում մասնավորապես ռիսկերն այսօր այնքան մեծ են, ինչքան երբևէ չեն եղել, և ես, որ կանգնած եմ եղել նաև Արցախյան շարժման ակունքներում, անտարբեր մնալ չէի կարող»,- շեշտեց Դ. Շահնազարյանը։

Ըստ նրա՝ Արցախի վերաբերյալ իշխանությունների արած իրարամերժ հայտարարությունները, և ոչ միայն՝ բանակցային գործընթացում, աննախադեպ թուլացրել են մեր դիրքերը։ Խոսքը մասնավորապես այն մասին է, որ ներկայիս իշխանությունները նախկիններից բանակցային գործընթացում, որպես ժառանգություն, 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ստացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափում  Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցային օրակարգը, որը վերաբերում էր շփման գծում կրակի դադարեցման միջոցառումների դադարեցմանը, և այդ օրակարգն այսօր ուղղակի արդեն կորսված է։ Եվ հիմա, փաստորեն, ներկայիս վարչախումբն առանց այդ հարցը վերականգնելու՝ անցել է բովանդակային բանակցությունների։

«Իշխանություններին ուզում եմ հիշեցնել, որ զինադադարի հիմքը ոչ թե վերելակում եղած խոսակցություններն են, այլ 1994թ. ստորագրված եռակողմ համաձայնագիրն է՝ նաև Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև 1995թ. փետրվարին ստորագրված զինադադարի ամրապնդման միջոցառումների մասին պայմանագիրը։ Հիմա կան ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, որն իսկապես շատ ուրիշ առումներով է ձեռնտու Ադրբեջանին»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս