Բաժիններ՝

«Եթե պլանավորվածը կատարվի, ապա Տոկիոյի Օլիմպիական խաղերում կգերազանցեմ Լաշային». Գոռ Մինասյան

Ծանրամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը կարծում է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում հնարավոր կլինի գերազանցել հիմնական հակառակորդ Լաշա Տալախաձեին:

«Եթե ինչը պլանավորել ենք՝ կատարվի, ապա Տոկիոյի Օլիմպիական խաղերում կկարողանանք գերազանցել Լաշային: Հիմա անձնական քաշս մի քիչ ավելացրել եմ, ինչի շնորհիվ հրում վարժությունում ավելացել են բարձրացրած քաշերս: Միշտ տուժում էի հրում վարժության պատճառով, սակայն հիմա ավելի ուժեղ եմ դարձել այս ձևում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը:

Վերջինս գոհ է իր ելույթից այնքանով, որ Օլիմպիական խաղերից հետո իրեն վերջապես հաջողվել է ավելի բարձր քաշեր բարձրացնել հրում վարժությունում:

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող աշխարհի առաջնությունում պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մինասյանը բարձրացրեց 200 կգ: Հետո նա ծանրաձողի քաշը բարձրացրեց 5 կգ-ով և գլխավերևում պահեց 205 կգ կշռող ծանրաձողը: Սակայն 211 կգ-ը չկարողացավ բարձրացնել: Այս ձևում Մինասյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Պոկում վարժությունում 217 կգ-ով աշխարհի ռեկորդ սահմանեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն:

Հրում վարժությունում գյումրեցի ծանրորդը նախ բարձրացրեց 240 կգ, հետո` 245 կգ: Միայն թե Մինասյանը երրորդ մոտեցման ժամանակ չբարձրացրեց 250 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտի 450 կգ արդյունքով նա դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Երկամարտում 474 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն դարձավ Լաշա Տալախաձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս