Հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախն էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում 108,7% ինքնաբավության է հասել
2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախում գործում է 115.186 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ 20 ՀԷԿ, որից Սարսանգ ՀԷԿ-ն ունի 50 ՄՎտ դրվածքային հզորություն, իսկ 19 փոքր ՀԷԿ-երը՝ 65.186 ՄՎտ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Մեժլումյանը: Նրա խոսքով՝ գործող ՀԷԿ-երից 11-ը տեղակայված են Քաշաթաղի, 7-ը՝ Մարտակերտի և 2-ը՝ Շահումյանի շրջաններում:
«Ներկայումս ԱՀ-ում կառուցվում է 17 ՀԷԿ, որից 9-ը՝ Քաշաթաղի, 5-ը՝ Շահումյանի, 2-ը՝ Մարտակերտի և 1-ն էլ Հադրութի շրջաններում: Նշված 17 ՀԷԿ-երից 2-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, իսկ մյուսները՝ մինչև 2020թ. հոկտեմբեր»,-ասել է Ա. Մեժլումյանը:
Նա նշել է նաև, որ 2016 թվականին արտադրված 296.4 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիայի փոխարեն, 2017 թվականին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 327.8 մլն կվտ/ժ. արդյունքում ունեցել են 10.6% աճ: Իսկ 2018 թվականի 9 ամսում արտադրվել է 290,4 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20,5 %-ով:
«2017 թվականի էեկտրաէներգիայի ընդհանուր սպառումը կազմել է 304.2 մլն կվտ/ժ: Հաշվարկային հաշվով Հայաստանի էլեկտրական ցանցերից ստացել ենք 23.3 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա: Ընթացիկ տարվա 9 ամիսների էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառումը կազմել է 267,2 մլն կվտ/ժ: 2017 թվականին էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում Արցախը հասել է 93.4 % ինքնաբավության, իսկ ընթացիկ տարվա 9 ամսում՝ 108,7%-ի»,-ավելացրել է Ա. Մեժլումյանը: