Կարեն Նազարյանը՝ Գերմանիայում հայտնաբերված հայկական մաֆիոզ խմբավորումների մասին
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին հետկանչի գործընթացը չի քննարկվում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով գերմանական մամուլի հրապարակումներին և հայկական մաֆիայի հետ դեսպանի առնչությանը:
«Հարցը վերաբերում է շատ զգայուն, նուրբ խնդիրների, մասնավորապես՝ մեր դիվանագիտական ներկայացուցչության գործունեությանը, նրա ղեկավարին»,- ասաց փոխնախարարը՝ կարծիք հայտնելով, որ մեղադրանքներն անհիմն են:
Նա նշեց, որ դեսպանին հետկանչի հարցը միայն մամուլում պնդումներ են, և հորդորեց սպասել արդյունքներին:
Հիշեցնենք, որ գերմանական «Շպիգել» հանդեսը և «MDR» հեռուստաընկերությունը աղմկահարույց հետաքննություն էին հրապարակել Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումների մասին: Ինչպես գրել էր «Հետքը»՝ Դաշնային քրեական ոստիկանությունը (BKA) և 6 երկրամասերի քրեական ոստիկանները (LKA) իրականացրել են գաղտնի հատուկ գործողություն, որը կոչվել է «FATIL» (Fight against thieves in law – պայքար «օրենքով գողերի» դեմ): Ոստիկաններին աջակցել են նաև Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունն (BND) ու Եվրոպոլը: Ինչպես ասվում է լրագրողական հետաքննության մեջ, այս գործողության շրջանակներում իրավապահները փորձել են բռնել հայկական մաֆիայի անդամներին, բայց առանձնապես հաջողության չեն հասել: Ըստ հրապարակման՝ Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումները կառավարվում են «օրենքով գողերի» կողմից, որոնք ռուսաստանյան-եվրասիական հանցավոր շրջանակներից են:
Հայերով ոստիկանները սկսել են հետաքրքրվել 2014 թ. հուլիսին Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտում տեղի ունեցած միջադեպից հետո: Երկու հանցավոր կլանների միջև գիշերային փոխհրաձգությունից միայն 3 տարի անց Էրֆուրտի դատարանը կրակողներից մեկին դատապարտել է մի քանի տարվա ազատազրկման, իսկ չորս հոգու պայմանական բաց է թողել: Այս միջադեպից հետո բախումները հայկական խմբավորումների մեջ շարունակվել են՝ հարձակում հայի պատկանող ռեստորանի վրա, ծեծկռտուք և այլն: Քննիչներից մեկը լրագրողներին պատմել է, որ հայկական խմբավորումներն աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ: Էրֆուրտի կրակոցներից հետո 14 քրեական գործ էր բացվել 42 հոգու դեմ, որոնք կասկածվում էին ֆինանսական մեքենայությունների մեջ:
«Շպիգելի» փոխանցմամբ՝ դաշնային քրեական ոստիկանները նշել են, որ իրենց երկրում «իսկապես գոյություն ունի» հայկական մաֆիա: Դեսպան Ա. Սմբատյանի հանդեպ նույնպես որոշակի կասկածներ են եղել: Մասնավորապես, Դաշնային հետախուզությունը 2008-ին գաղտնի թղթապանակում նշել է, որ Սմբատյանը կասկածվում է «օրենքով գող» և մաֆիայի պարագլուխ լինելու մեջ: Մեր կողմից հավելենք, որ 1997-2008 թթ. Սմբատյանը եղել է ՀՀ դեսպանության գրասենյակի վարիչ: Այդուհանդերձ, Դաշնային քրեական ոստիկանությունը չի կարողացել հաստատել հետախուզական ծառայության 2008 թ. տեղեկությունը Սմբատյանի դեմ:
Նշվում է նաև, որ նա Ինտերպոլով, որպես այդպիսին, չի անցել: Սակայն Սմբատյանի հանդեպ գերմանացի իրավապահների հետաքրքրությունը պարբերական բնույթ է կրել. 2005-ին Բեռլինի Դատախազությունը նրան կասկածել է փողերի լվացման մեջ, բայց ապացույցները կրկին անբավարար են եղել:
Ինքը՝ դիվանագետը, լրագրողների հարցերին ի պատասխան՝ նշել է, որ նման մեղադրանքները բամբասանքներ են, իսկ իր «օրենքով գող» լինելու մասին պնդումը՝ անհեթեթություն: