Պուտինը Թրամփի հետ բանակցություններից հետո այցելել է խորհրդային օդաչուներն գերեզմանատուն

Ռուսաստանի առաջնորդը կարմիր վարդերի մեկական փունջ է դրել ինը գերեզմանների մոտ, որտեղ թաղված են խորհրդային օդաչուները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ավարտին այցելել է Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմակայանից ոչ հեռու գտնվող Ֆորտ Ռիչարդսոնի ազգային ռազմական գերեզմանատան «Դաշնակիցները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին» տեղամասը:

Այստեղ՝ արևելյան կողմում, 14 խորհրդային գերեզման կա։ Այս պահին հաստատված են ԽՍՀՄ 11 զինծառայողների անունները․ 9 օդաչու, որոնք մասնակցել են Ալյասկա-Սիբիր մայրուղու երկայնքով ԱՄՆ-ից ԽՍՀՄ ինքնաթիռներ տեղափոխելուն, և 2 նավաստի, որոնք ԱՄՆ-ում էին գտնվում լենդ-լիզով փոխանցվող նավերն ընդունելու համար։ Մեկ գերեզման անհայտ է մնում։

Մյուս երկու գերեզմանները համարվում են քաղաքացիական, այնտեղ թաղված են Ալեքս Գուստաֆսոնը և Յագա Կալիան:

Խորհրդային սպաների աճյունները, որոնք ի սկզբանե թաղված էին Նոմում, Ֆերբենքսում և Քոլդ Բեյում, Ֆորտ Ռիչարդսոնի ազգային գերեզմանատուն են տեղափոխվել 1946 թվականի հոկտեմբերի 22-ին:

Ռուսաստանի առաջնորդը մեկական կարմիր վարդերի փունջ է դրել խորհրդային օդաչուների ինը գերեզմանների մոտ:
Նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ դա խիստ խորհրդանշական վայր է, քանի որ երկու տերությունների առաջնորդներին պետք է հիշեցնի երկու երկրների ժողովուրդների մարտական եղբայրության մասին, ինչը հատկապես խորհրդանշական է նացիստական Գերմանիայի և ռազմատենչ Ճապոնիայի դեմ հաղթանակի 80-ամյակի տարում:

Ալյասկա-Սիբիր օդուղին 1942-1945 թվականներին օգտագործվել է ԽՍՀՄ-ին մատակարարված ամերիկյան ինքնաթիռները տեղափոխելու համար։ Ինքնաթիռների տեղափոխման ժամանակ զոհված օդաչուներին թաղել են Նոմում և Ֆերբենքս քաղաքներում, իսկ 1946 թվականին նրանց աճյունները տեղափոխել և վերահուղարկավորել են Ռիչարդսոնի ռազմակայանին կից հուշահամալիրում՝ Անքորիջի մոտակայքում։

Տեսանյութեր

Լրահոս