«Բաժանվում են, որովհետև սկսել են ամուսնանալ սիրելով». ինչո՞ւ են երեխաներն առանց հայրերի մեծանում. հոգեբան

35 տարվա աշխատանքային փորձով հայտնի հոգեբան-պրակտիկ Միխայիլ Լաբկովսկին պատմել է, թե որն է երկարատև և երջանիկ հարաբերությունների գաղտնիքը:

Այսօր մենք տեսնում ենք, որ ամուսնությունների կեսից ավելին քայքայվում է, նույնքան երեխաներ, որպես կանոն, մեծանում են առանց հայրերի:

Սա խոսում է այն մասին, որ այն ձևով, որով ամուսնությունն ի սկզբանե մտածված է եղել, իրեն չի արդարացնում: Ոչ շատ արագ, բայց մի քանի տասնամյակ անց ամուսնությունն այլ կլինի:

Այսօր Եվրոպայում, օրինակ, աշխատում են չամուսնանալ, քանի որ այնտեղ ամուսնալուծվելիս շատ խիստ են կանոնները: Օրինակ, Ֆրանսիայում, եթե կինը 10 տարի ամուսնացած է եղել ու չի աշխատել, ապա ամուսնալուծությունից հետո տղամարդը պետք է նրան ցմահ պահի:

Կարդացեք նաև

Այս ամենը հասկանում են ու աշխատում են ավելորդ շարժումներ չանել: Եվ նախապատվությունը տալիս են, այսպես կոչված, «քաղաքացիական ամուսնությանը», որպեսզի իրավաբանական հետևանքներ չունենան:

Այսինքն` ապագայում մարդիկ ոչ թե կամուսնանան, այլ կմիավորվե՞ն: Հարցն այդ չէ, այլ այն, որ շատ երկրներում կանայք քանակապես ավելի շատ են, քան տղամարդիկ: Եվ դա խնդիր է:

Իսլամական երկրներն այդ հարցը լուծել են բազմակնությամբ, և ի տարբերություն, ասենք, Բելառուսի, եթե մահմեդական երկրում կինը չամուսնանա, նա առհասարակ սեռական կյանք երբևէ չի ունենա: Նա ողջ կյանքում պիտի խնամի զարմիկներին ու քայլի ծնողների հետևից, քանի դեռ նրանք կենդանի են: Հասկանալի է, որ այս հեռանկարի դեպքում նրանք գերադասում են լինել 5-րդ կին: Բայց աշխարհի եվրոպական հատվածում դա հետաքրքիր չէ, որովհետև այստեղ այլ պայմաններ են: Բայց ինչո՞ւ է ամուսնալուծությունների այդքան մեծ թիվ հենց հիմա գրանցվում:

Ամեն ինչ շատ պարզ է: Ամուսնալուծվում են, քանի որ սկսել են սիրելով ամուսնանալ:

Պետք է հասկանալ, որ ամուսնությունը կրոնական-պետական ինստիտուտ է, որը սիրո հետ երբեք ոչ մի առնչություն չի ունեցել: Եթե ժամանակակից զույգերը ամուսնանային այն չափանիշերով, որոնք ի սկզբանե դրված են եղել ամուսնության հիմքում, այն է` համայնքի քանակի մեծացում, տնտեսության համատեղ վարում, սերնդի շարունակականության ապահովում, այդքան բաժանություններ չէին լինի: Նախկինում ընտանիքում ոչ ոք իրարից ոչ մի զգացմունք չէր սպասում, իսկ այժմ մարդիկ նախ և առաջ կողմնորոշվում են դեպի զգացմունքները:

Եվ այստեղ ի հայտ է գալիս հետևյալ պահը:

Հավերժական սիրո երաշխիքը կայուն հոգեկան վիճակն է, իսկ ստաբիլ հոգեկան վիճակ ունեցող մարդիկ հիմա քիչ են, դրա համար էլ ամուսնալուծություններն են շատ:

Իսկ ի՞նչ է առհասարակ նշանակում՝ կայուն հոգեկան վիճակ ասվածը: Ամեն ինչ շատ պարզ է: Կայուն հոգեկան վիճակ ունեցող մարդու մոտ կյանքի հանդեպ վերաբերմունքն ու տրամադրությունը չեն փոխվում:

Շատ ընտանիքներում երեխայի ծնվելուց հետո կայուն հոգեկան վիճակի մասին խոսք անգամ չի գնում: Կյանքի սովորական ընթացքը տրամագծորեն փոխվում է, բոլորը շփոթված են, և կա՞ արդյոք այս շրջանում ընտանիքը պահպանելու ինչ-որ բաղադրատոմս:

Բաղադրատոմսը հետևյալն է: Եթե դուք մարդուն սիրում եք, բայց տառապում եք ներքին կոնֆլիկտներից, դուք պետք է դիմեք հոգեբանի, իսկ եթե չեք սիրում, բաժանվեք:

Բայց յուրաքանյուր ընտանիքում էլ բարդ շրջան լինում է, երբ վիրավորանքների, նեղվածության ու բարդությունների հետևում կարելի է այդ սերը չնկատել: Օրինակ, երեխայի ծննդից հետո հարաբերությունները փչանում են, իսկ հետո երեխան մեծանում է, և ամեն ինչ իր տեղն է ընկնում: Եվ եթե դժվարին պահերին մարդիկ տաք գլխով որոշում են կայացնում ու պատասխանում, արդյո՞ք դա սխալ չէ:

Սովորաբար այդպես չի լինում: Եթե հարաբերությունները փչանում են, ուրեմն փչանում են: Եվ արդեն անգամ մեծ երեխան այդ հարաբերությունները չի փոխի:

Սերը կամ կա, կամ չկա: Դուք կամ մարդու նկատմամբ ինչ-որ բան զգում եք, կամ չեք զգում: Եթե զգում եք, եթե կա ընտանիքը պահպանելու պահանջմունք, նույնիսկ ոչ այնքան՝ ընտանիքը, որքան՝ սերը, ապա դրա համար արժե ինչ-որ բան անել: Իսկ եթե բացի նյարդայնությունից, այլ բան չեք զգում, ապա միմյանց կողքին մնալու կարիք ու իմաստ չկա:

Եվ եթե մարդիկ միմյանց չեն հասկանում, դա ոչ թե կանացի կամ տղամարդու չհասկանալու մակարդակ է, այլ չհասկանալու անձնային մակարդակ:

Եթե զուգընկերները չեն կարողանում պայմանավորվել, նշանակում է՝ նրանք սխալ են միմյանց ընտրել: Փնտրեք նրամ, ում հետ կկարողանաք պայմանավորվել:

Ինձ հաճախ մեղադրում են այն բանում, որ ես մարդուն 2-րդ հնարավորություն չտալու կոչ եմ անում:

Այո, ես համարում եմ, որ ներել ընդհանրապես ոչ ոքի պետք չէ: Մենք թատրոնում չենք: Խոսքն այն մասին է՝ դա ձեզ ձեռք տալի՞ս է, թե՞ ոչ: Եթե ձեռք չի տալիս, ուրեմն պետք է հեռանալ:

Ինչպե՞ս է ամուսնալուծությունն ազդում երեխայի վրա: Նրանք, ովքեր փորձում են ընտանիքը պահպանել հանուն երեխաների, արդյո՞ք բարի գործ են անում:

Հանուն երեխաների ընտանիքը պահել պետք չէ, այլապես դու դառնում ես երեխաներիդ պատանդը, և բացի այդ, նրանց վրա դնում ես լրացուցիչ պատասխանատվություն, որը նրանց չի վերաբերում:

Երեխայի համար ամուսնալուծությունը տրավմա է, բայց դա սովորական տրավմա է: Ժամանակակից հասարակության մեջ երեխաների կեսից ավելի այդպես է ապրում:

Կարելի՞ է արդյոք երեխային զերծ պահել հարաբերություններում այն սխալներից, որոնք ծնողներն են թույլ տվել, ինչ-որ կերպ երեխային սովորեցնել այդպես չանել:

Հատուկ դա անել հնարավոր չէ: Երեխաներն ընկալում են ծնողների օրինակն ու կրկնում դրանք:

Եվ սկսվում է մեղսավոր շրջանը: Մեծանալով` մարդն անգիտակցաբար սկսում է վերարտադրել ծնողների վարքագծի ոչ ճիշտ մոդելը: Ի՞նչ անել:

Պետք է դիմել հոգեբանի: Այլ տարբերակներ չկան: Ինքնուրույն դուրս գալ այդ շրջանից մարդը չի կարող:

Իսկ ի՞նչ անեն այն մայրերը, ովքեր իրենց համար են երեխա ունենում, կամ բաժանվում են ու ապրում միայնակ: Կարո՞ղ են արդյոք նրանք երջանիկ լինել ու երջանիկ դարձնել իրենց երեխաներին:

Լիարժեք ընտանիքի առկայությունն ու երջանկությունը ոչ մի կերպ կապված չեն միմյանց հետ: Ցանկացած մայրիկ, որն իր երեխային միայնակ է մեծացնում, կարող է երջանիկ լինել: Եվ ընդհակառակը: Կան իրավիճակներ, երբ մոր համար ավելի դժվար է ամուսնու հետ, քան առանց նրա: Ինքնին ընտանիքում հոր և մոր մեխանիկական ներկայությունը ոչ մի բանի մասին չի խոսում:

Մեր երկրում շատ ընտանիքներ կան, երբ հայրիկը ձևականորեն կա, բայց փաստացի` նա աշխատանքի վայրում է և երեխաներին ընդհանրապես ուշադրություն չի դարձնում: Ի՞նչ անել:

Այդ մասին գրել է դեռևս հանգուցյալ դոկտոր Սփոքը. դուրս գալով ծննդատնից` մայրը պետք է երեխային տա հորն ու գնա մազերը հարդարելու: Կատակ է, կարծում եմ, իհարկե, սակայն դիտարկման արժանի:

Բան այն է, որ երեխայի ծննդյան պահից պետք է հորը սովորեցնել երեխայի խնամքին` զբոսնել հետը, լողացնել, տակդիրները փոխել, գիշերն արթնանալ, քանի որ որքան շատ դուք երեխային թողնեք հոր մոտ, այնքան շատ նա ցանկություն ու պահանջ կունենա նրա հետ շփվել: Բայց մայրերի մեծ մասը դա չի անում, այլ երեխայի խնամքն ամբողջովին իր վրա է վերցնում: Արդյունքում` հայրերը երեխաների հետ չեն շփվում այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն մեծացել: Դա խնդիր է:

Իսկ ո՞ւր է մնում հայրական պատասխանատվությունը: Ստացվում է, որ մայրը պետք է ինչ-որ կերպ հայրիկին կազմակերպի՞, որ նա մտնի պրոցեսի մեջ:

Այո, պետք է, քանի որ հայրիկը, որպես կանոն, մայրական բնազդներ չունի: Հայրական բնազդները պետք է միացնել:

Այժմ շատ հարցեր կան` կապված երեխաների դաստիարակության հարցում հոր և մոր ունեցած դերի հետ: Որոշ մարդիկ ասում են, որ ծնողները լիովին կարող են միմյանց փոխարինել: Բայց արդյո՞ք դա այդպես է:

Բոլոր նորածիններին մայրիկն ավելի շատ է հարկավոր, իսկ հետո պետք է ընտանիքում հարաբերությունների մոդել ու պաշտպանվածության զգացողություն: Եվ հայրիկն իր կարևոր դերն է խաղում այդ պատմության մեջ:

Առաջ գնանք: Ենթադրենք, որ ամեն ինչ կարգին է` երեխաները, ընտանիքը, տունը, ամեն ինչ կարգին է: Վեճեր չկան, խնդիրներ չկան, բայց և սեքս չկա: Կիրքը մարել է, զուգընկերները չափից շատ են սովորել, դադարել են միմյանց հանդեպ սեռական հետաքրքրություն ցուցաբերել: Սա ի՞նչ է, նորմա՞լ է:

Եվ մենք կրկին վերադառնում ենք հոգեկան կայուն վիճակի մասին հարցին: Երբ ձեր հոգեկան վիճակը կայուն է, ձեզ միևնույն բանը դուր է գալիս ողջ կյանքի ընթացքում: Ստաբիլ հոգեկան վիճակի դեպքում սովորելն առավելություն է, ոչ թե թերություն:

Իսկ երբ այն կայուն չէ, դուք աստիճանաբար կորցնում եք հետաքրքրությունն ուրիշի մարմնի նկատմամբ, ձանձրանում եք, նոր զգացողություններ եք ուզում:

Սեքսում եղած խնդիրներն ավելի խորը, համակարգային խնդիրների դրսևորումներից մեկն է: Իրականում խոսքն այստեղ վստահության մասին չէ, այլ այն մասին, թե որքան են մտերիմ զույգի հարաբերությունները, ու շատ այլ բաների մասին:

Իսկ հոգեկան կայուն վիճակը պետք է վերադարձնել հոգեբանի մոտ: Եկեք հասկանանք` ո՞րն է հոգեբանի դերը: Ես ճի՞շտ եմ հասկանում, որ հոգեբանը կարող է տալ այն, ինչ մենք չենք ստացել մանկության տարիներին, ու փոխել վարքագծի այն մոդելները, որոնք մեր մեջ սխալ են ձևավորված:

Սովորաբար, այո: Մեծ մարդու բոլոր խնդիրները մանկական խնդիրների հետևանք են: Մինչև 5-6 տարեկանը ձևավորվում է երեխայի հոգեբանությունը: Եվ եթե կան խնդիրներ, դրանք կարելի է ուղղել:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս