«Տարիների ընթացքում հոգեկան առողջության խնդիրները երիտասարդանում են». Խաչատուր Գասպարյան
Մոտ 50 տարի առաջ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունն առաջարկել է, որ հոկտեմբերի 10-ն ամբողջ աշխարհում ընդունվի՝ որպես Հոգեկան առողջության միջազգային օր։ Այն նշվում է նաև Հայաստանում։
Այս տարի այն անցկացվում է «Երիտասարդների համար ստեղծել հասանելի հոգեկան առողջության ծառայություններ՝ փոփոխվող աշխարհում» կարգախոսի ներքո։
Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Գասպարյանը խոսելով մարդու հոգեկան առողջությունից և դրա հետ կապված խնդիրներից՝ նկատեց, որ այսօր համաշխարհային առողջապահական կազմակերպությունները հանգել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է հոգեկան առողջության բյուջեի գոնե 40-50 տոկոսը տրամադրել արտահիվանդանոցային ծախսերին։
Հոգեբանի խոսքով՝ Հայաստանում լուրջ խնդիր է այն, որ այդ բյուջեի 90 տոկոսը ծախսվում է հիվանդանոցում, միայն 10 տոկոսն է տրամադրվում արտահիվանդանոցային ծախսերի համար։
«Գիտությունը փաստել է, որ, եթե մենք մեկ միավոր ծախսենք նախապես, ապա կարող ենք կանխել հոգեկան դժվարությունների առաջացումը։ Այսինքն՝ կարող ենք կանխարգելիչ միջոցառումներին ուղղված ֆինանսավորման մասին մտածել, ոչ թե սպասենք՝ մինչև մարդիկ հիվանդանան, հետո էլ մտածենք, թե ինչպես բուժենք։ Ցավոք, տարիների ընթացքում հոգեկան առողջության խնդիրները երիտասարդանում են, միայն մեկ տվյալ ասեմ, որ 15-20 տարեկան մարդկանց մահվան առաջացման երկրորդ պատճառն ինքնասպանությունն է։ Ինքնասպանությունն ուղղակի կամ անուղղակի կապված է հոգեկան առողջության խնդիրների հետ։ Ըստ վիճակագրության, մեծ տարիքում մեզանից յուրաքանչյուր չորսից մեկը պետք է ունենա հոգեբանական, հոգեբուժական խնդիրներ։ 14-15 տարեկանում այդ թիվը տասից մեկն է, այսինքն՝ մարդը որքան մեծանում է, այնքան հոգեկան առողջության խնդիրների ռիսկերը շատանում են»,- ընդծեց հոգեբանը։
Հոգեբանը հիշեցրեց, որ չկա առողջություն՝ առանց հոգեկան առողջության, հետևաբար՝ հոգեկան առողջությունն ինքն իրեն և ուրիշներին սիրելու կարողությունն է։ Լինել հոգեպես առողջ, նշանակում է՝ նաև պատրաստակամություն՝ դիմագրավելու կյանքի բոլոր դժվարություններին՝ քաղաքական, սոցիալական և այլն։
«Ցավոք, մարդու կյանքը ոչ միայն դրական հույզերի աղբյուր է, այլև բացասական։ Հոգեպես առողջ մարդը միշտ լավատես է և կարողանում է շատ արագ դիմագրավել դժվարություններին։ Եթե մարդը որևէ տրավմայի պատճառով չի կարողանում ուշքի գալ, նշանակում է՝ նա հոգեպես այդքան էլ առողջ չէ»,- շեշտեց Խաչատուր Գասպարյանը։
168.am-ի հարցին, թե հաշվի առնելով հայ հասարակության սոցիալ-տնտեսական վիճակը, կենսակերպը, այսօր հոգեկան առողջության տեսանկյունից ի՞նչ վիճակում է նա գտնվում, հոգեբանը պատասխանեց, որ այսօր ամբողջ աշխարհում տվյալները նույնն են՝ անկախ այն հանգամանքից, թե մարդը որտեղ է ապրում։
«Միջին հաշվով, խոսքը 12-15 տոկոսի մասին է, այսինքն՝ պետք է հաշվի առնենք, որ 100 մարդուց 15-ն այսօր կարիք ունի հոգեբանական, հոգեբուժական, սոցիալական աշխատողի օգնության։ Սակայն մեր պետությունը ֆինասավորում է միայն հոգեբուժական ծառայությունը, իսկ հոգեբանական ծառայությունը ֆինանսավորում չունի։ Մարդկային հարաբերությունները շատ կարևոր են հոգեկան առողջության համար. եթե մարդն աշխատում է մի ղեկավարի հետ, որն անընդհատ կոնֆլիկտներ է ստեղծում, ապա այդ միջավայրում, բնականաբար, հոգեկան առողջության խնդիրներ կարող են առաջ գալ»,- շեշտեց հոգեբանը։
Մեր դիտարկմանը, թե կա հատուկ խավ կամ մասնագիտական ոլորտ, որի աշխատակիցներն ավելի խոցելի են հոգեկան առողջության տեսանկյունից, հոգեբանն ընդգծեց, որ սովորաբար ընդունված է, որ մարդու հետ գործ ունեցող մասնագետներն ավելի խոցելի են, սակայն կա նաև այլ տեսակետ, որ ծրագրավորողները, որոնք գործ ունեն համակարգչի հետ, նույնպես խոցելի են։
«Հայաստանում չկան կոնկրետ տվյալներ, որպեսզի ներկայացնեմ։ Պարզապես մեր ժողովրդի մոտ ընդունված հոգեկան դժվարությունների մեջ կառանձնացնեմ կպչուն, սևեռուն խանգարումները, որը, մեր ուսումնասիրությունների համաձայն, ավելի բարձր տոկոս է կազմում, քան աշխարհի մյուս երկրներում։ Կպչուն, սևեռուն մտքերը դրանք կպչուն գործողություններն են, օրինակ, հատուկ ձևի քայլելն է, հաշվարկներ անելը, գույների և թվերի նկատմամբ վերաբերմունքը և այլն»,- եզրափակեց հոգեբանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
Զվարթ Խաչատրյան