Բաժիններ՝

«ԱՄՆ-ում և Եվրոպայում երիտասարդները չեն հավատում խոսքի ազատությանը» «Fritt Ord» հիմնադրամի գործադիր տնօրեն

Այս տարի առաջին անգամ Երևանում տեղի ունեցավ «Ազատ լրատվամիջոց-2018» մրցանակաբաշխությունը։ Չնայած այս անգամ հայաստանյան լրատվամիջոցներից որևէ մեկը ներկայացված չէր մրցանակի, այդուհանդերձ, կազմակերպիչները որոշել էին Հայաստանում խոսել տարածաշրջանում և Եվրոպայում մամուլի ազատության հետ կապված խնդիրներից, ձեռքբերումներից և մրցանակներ հանձնել «Ազատ լրատվամիջոց-2018»-ի հաղթող երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝«Չայխանա» (Վրաստան), «Ֆոնտանկա» ( Ռուսաստան) և «Պարտիզան» ( Բելառուս)։

Fritt Ord (Օսլո) և ZEIT-Stiftunghas (Համբուրգ) հիմնադրամների մրցանակին արժանանում են այն լրատվամիջոցները և դրանց ներկայացուցիչները, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են մամուլի ազատության ամրապնդմանը` անտեսելով արտաքին ու ներքին վտանգները՝ վեր են հանում խնդիրներ և հետամուտ լինում, որպեսզի համապատասխան մարմինները դրանք լուծեն։

Օսլոյի «Fritt Ord» հիմնադրամի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Քնութ Օլավ Ամասի խոսքով՝ այսօր ամբողջ աշխարհում առաջնակարգ լրատվության ապահովման միտումներ կան, չնայած դրան զուգահեռ՝ տեղի են ունենում նաև խոսքի ազատության սահմանափակումներ։

«ԱՄՆ-ում և Եվրոպայում երիտասարդները չեն հավատում խոսքի ազատությանը, քանի որ հաճախ են տեսնում, որ լրագրողները, քաղաքական գործիչներն ազատ խոսքի համար հաճախ են ենթարկվում ճնշումների։ Այսօր այստեղ ենք՝ խոսելու ոչ միայն այս խնդիրների մասին, այլև շնորհավորելու այն լրատվամիջոցներին, որոնք, այդ դժվարություննեով հանդերձ՝ կարողանում են աշխատել։ Հույս ունեմ, որ խոսքի ազատության ամրապնդման հետ կապված՝ լրատվամիջոցները կշարունակեն իրենց աշխատանքը»,- ընդգծեց Քնութ Օլավ Ամասին։

ZEIT-Stiftung հիմնադրամի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Մայքլ Գորինգը կարևորեց լրատվամիջոցների դերը հասարակության կյանքում. վերջինիս ազատ լինելը կարող է նպաստել նաև ժողովրդավարության տարածմանն ու ամրապնդմանը։

«Երբ մենք հիմնադրեցինք մեր ծրագիրը, սկզբում նախատեսել էինք, որ այն կգործի մինչև 10 տարի, բայց տեսնելով արդյունքը՝ այն գործում է մինչ այսօր և խրախուսում է ազատ խոսքի ամրապնդմանը։ Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ միասին, դժվարանում է նաև լրագրողների աշխատանքը, սակայն կան խնդիրներ, որոնք դրված են նրանց առջև և սպասում են լուծման, իսկ նրանք արժանապատիվ իրականացնում են»,- շեշտեց Մայքլ Գորինգը։

Նշենք, որ տարբեր տարիների ընթացքում Հայաստանից այդ մրցանակին արժանացել են «Ա1+»-ը, Epress-ը, լրագրողներ Մարիանա Գրիգորյանը, Էդիկ Բաղդասարյանը, և նախորդ տարի՝ Զարուհի Մեժլումյանը։

168.am-ի հետ զրույցում Զարուհի Մեժլումյանը նշեց, որ նախորդ տարի մրցանակին արժանացել է Հայաստանում դատաիրավական ոլորտում փոփոխություններ բերելու հետևողական լուսաբանման, դատապարտված անձանց ճակատագրերի մասին հրապարակումներ պատրաստելու համար։

«Մրցանակի արժանացա նաև ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանի գործին անդրադառնալու համար։ Հաղթողին կամ լրատվամիջոցին 15000 եվրո են փոխանցում հիմնադրամները։ Այս պահին աշխատում եմ կառավարման համակարգում, 22 տարի պրակտիկ լրագրությամբ աշխատելուց հետո, այն ժամանակավորապես թողել եմ, շուտով կստանամ փաստաբանի արտոնագիր և նպատակ ունեմ ինձ տրամադրված գումարներով ստեղծել իմ սեփական կայքը և զբաղվել հետաքննական լրագրությամբ»,-փաստեց Զ. Մեժլումյանը։

Ի պատասխան հարցի, թե ինչու այս տարվա մրցանակաբաշխությանը Հայաստանի լրատվամիջոցներից որևէ մեկը ներկայացված չէ, մեր զրուցակիցը նկատեց, որ մրցանակի հավակնորդին սովորաբար ներկայացնում են նախորդ տարիների հաղթողները, այս տարվա համար, շատ զբաղված լինելու պատճառով, անձամբ որևէ մեկին չեն ներկայացրել։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս