«100-ից ավելի դիվանագիտական անձնագիր վերադարձվել է, 254-ը` չեղարկվել». Տիգրան Բալայան
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը չմանրամասնեց`արդյոք Հենրիխ Մխիթարյանը զրկվե՞լ է դիվանագիտական անձնագրից, թե՞ ոչ: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԳՆ խոսնակն ասաց, որ այդ տեղեկությունը պաշտպանված է օրենքով:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ, հայ ֆուտբոլասերների կուռք Հենրիխ Մխիթարյանին երեկ զրկել են դիվանագիտական անձնագրից։
Թերթը հիշեցրել էր, որ նման անձնագիր ունեն բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները և նրանք, որոնց ՀՀ վարչապետի որոշմամբ տրամադրվում է։
«Այսինքն՝ այն անձինք են, որոնք հայ ժողովրդի ու պետության «դեսպաններն» են դրսում՝ պետության վարկը բարձրացնողները։ Իսկ Հենոն, հաստատ, նրանց թվին է պատկանում»,- նշված է հոդվածում։
Պատասխանելով հարցին, թե համապատասխանո՞ւմ է իրականությանը տեղեկությունն այն մասին, որ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը զրկվել է դիվանագիտական անձնագրից, Տիգրան Բալայանը նշեց, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք ԱԳՆ կոչերից և հորդորներից հետո չեն վերադարձվել:
«Առանց մանրամասնելու, թե կոնկրետ ում մոտ է եղել դիվանագիտական անձնագիր, քանի որ սա, եթե չեմ սխալվում, պաշտպանված է անձնական տվյալների մասին օրենքով, չեմ կարող անուններ հրապարակել, բայց այս պահի դրությամբ 100-ից ավելի դիվանագիտական անձնագիր վերադարձվել է, 254-ը` չեղարկվել»,- ասաց Բալայանը: