«Այդ նույն ոգով մենք պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին: Իր ելույթում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի ժողովրդին հաջողվեց իրականացնել անկանխատեսելի և աննախադեպ հեղափոխություն՝ առանց բռնության, զոհերի կամ հասարակական անկարգությունների: «Եվ դա պատահական չէր: Մեր նպատակը սիրո և համերաշխության հեղափոխություն կատարելն էր: Ի սկզբանե մենք հայտարարեցինք, որ բացառելու ենք ցանկացած բռնություն: Մենք հայտարարեցինք, որ եթե նույնիսկ բռնություն գործադրվեր մեր դեմ, մենք չէինք արձագանքի բռնությամբ: Մենք հայտարարեցինք, որ մեր պատասխանը դրսևորվելու էր վեր բարձրացրած բաց ձեռքերով, սիրով ու ժպիտով»,- ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ այս քաղաքական գործընթացը սկսել են ընդամենը մեկ տասնյակ մարդկանց հետ քայլարշավ կատարելով Հայաստանի երկրորդ քաղաքից` Գյումրիից դեպի մայրաքաղաք: «Երբ հասանք Երևան և ցույց տվեցինք մեր վճռականությունն ու հավատարմությունը բռնություն չկիրառելու սկզբունքին, մեր ամբողջ ազգը միահամուռ և համերաշխ կերպով ոտքի կանգնեց ընդդեմ իշխող վարչակարգի: Եվ մենք հաղթեցինք բացառապես խաղաղ ցույցերի միջոցով՝ առանց գեթ մեկ կրակոցի և առանց զոհերի: Մենք հաջողեցինք հակառակ բոլոր կանխատեսումների. նույնիսկ հայտնի փորձագետները թերահավատ էին մեր հաղթանակի նկատմամբ: Այդուհանդերձ, ես ընտրվեցի վարչապետ: Ես ընտրվեցի մի խորհրդարանում, որտեղ ունեի ընդամենը չորս վստահելի ձայն, այդ թվում` իմ սեփականը: Սակայն դա հնարավոր եղավ: Դա տեղի ունեցավ, քանի որ մարդիկ պահանջատեր էին և ընդամենը մեկ տարի առաջ ընտրված խորհրդարանն անսաց ժողովրդի կամքին՝ չունենալով այլընտրանք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ այսօր խորհրդարանը շարունակում է աշխատել, բայց այն չի ներկայացնում ժողովրդի կամքը, ճիշտ այնպես՝ ինչպես նախկինում էր և հեղափոխության ժամանակ: «Ինչո՞ւ է այդպես: Պատասխանը կարճ է՝ քանի որ այն ընտրվել է ընտրական գործընթացի կոպիտ խախտումներով, այդ թվում՝ վարչական ռեսուրսի և ճնշումների գործադրմամբ»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Նրա գնահատմամբ՝ իրապես ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու համար կարևոր քննություն էին Երևանի ավագանու ընտրությունները, որոնք տեղի են ունեցել իր՝ Նյու Յորք մեկնելուց անմիջապես առաջ: «Այն, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր թեկնածուները շնորհավորեցին հաղթող թեկնածուին, խոսում է Հայաստանում միանգամայն նոր քաղաքական մշակույթի հաստատման մասին: Այդ նույն ոգով մենք պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն, որը կհանգեցնի ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների և հակակշիռների գործուն համակարգի կայացմանը: Մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, խոսքի, խղճի և հավաքների ազատությունն ապահովելը մեր օրակարգի առանցքային կետերից մեկն է: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը չարաշահելու ու խարխլելու հնարավորություն չի լինի»,- նշել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը սոսկ կառավարության կամ իշխող կուսակցության փոփոխություն չէ: Ստեղծվում է նոր քաղաքական և կառավարման համակարգ, որը կոչում են ժողովրդի ուղղակի, անմիջական իշխանություն և կառավարում: «Այս համակարգն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար մենք մտադիր ենք երաշխավորել ժողովրդի կամարտահայտությունը ոչ միայն ընտրությունների, այլև տեղական և ազգային հանրաքվեների միջոցով, որպեսզի մարդիկ ներգրավվեն որոշումների կայացման գործընթացում: Ինքս լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ գիտեմ, թե որքան թանկ է խնդիրները բարձրաձայնելու և սեփական ապագան որոշելու հնարավորությունը»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ստանձնելով պատասխանատվություն` իր թիմն ունի հստակ տեսլական և հզոր քաղաքական կամք` իրականացնելու հիմնարար բարեփոխումներ՝ ուղղված կոռուպցիայի վերացմանը, թափանցիկ, հաշվետու և արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության ապահովմանը, ինչպես նաև խթանելու տնտեսական աճն ազատ և մրցակցային գործարար միջավայրի ու ներդրումների համար նպաստավոր մթնոլորտի միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս