Թուրքիան պատասխանել է ԱՄՆ-ին․ «Մենք ոչ թե գնորդ ենք, այլ դաշնակից»

Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։ Ամերիկյան պատվիրակությունում տեղ են գտել Ներկայացուցիչների պալատի անդամներ Միշել Թուրները, Ջոն Գարամենդին և Ջոն Մարինոն, ինչպես նաև ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդականի օգնական Ռոբերտ Հուդը։

Ամերիկյան պատվիրակությունը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսի մասնակցությամբ հանդիպումներ է ունեցել նաև մեջլիսում, ինչպես նաև՝ Թուրքիայի Ավիացիայի և տիեզերագնացության ընկերություն (TAI)։

Հանդիպումների հիմնական օրակարգային թեման ռուսական «S-400» հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի և «F-35» ռազմական ինքնաթիռների գնման հարցն է։ Կոնգրեսականները տեղեկացրել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «S-400» համակարգերի հետ կապված տեխնիկական փորձաքննություն է իրականացնում, որի արդյունքում 60 օրվա ընթացքում եզրակացություն կներկայացվի կոնգրեսին։ Այդ եզրակացությունը նպատակ ունի պարզելու՝ արդյոք «S-400»-ները համապատասխանում են ՆԱՏՕ-ի զինանոցին։

Թուրքական աղբյուրի համաձայն՝ ամերիկյան պատվիրակությունը թուրքական կողմին հետևյալ ուղերձն է հղել․ «Դեռ ժամանակ կա, եթե թուրքական կողմը հրաժարվի «S-400» գնելուց, կոնգրեսը կարող է չեղարկել «F-35»-ների՝ Թորքիային հանձնելու տարեթվի հետաձգման որոշումը»։ Ի պատասխան՝ թուրքական կողմն ընդգծել է, որ Թուրքիան ոչ թե գնորդ է, այլ ԱՄՆ-ի դաշնակիցը։ Թուրքիան հիշեցրել է, որ կոնգրեսը հակաթուրքական որոշումներ է կայացնում՝ կոչ անելով փոխել որդեգրված բացասական դիրքորոշումը։

Բանակցությունների ընթացքում թուրքական կողմը բարձրացրել է նաև PKK–ի (Քուրդիստանի բավորական կուսակցություն) հարցը՝ մեղադրելով ԱՄՆ-ին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում իր պարտավորությունները չկատարելու մեջ։

«Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում Թուրքիան կարևորել է նաև FETÖ-ի (Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորում) առաջնորդ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը։

haber7.com

Տեսանյութեր

Լրահոս