Հայ վերլուծաբանների արդիական սխալները
Վերջին ժամանակներս հայ վերլուծաբաններն այս կամ այն հարցում բավականին հաճախ են բերում փաստարկներ՝ հիմնվելով Իսրայել պետության փորձի վրա: Զգալով, որ այդպիսի բան վաղ թե ուշ կարող է պատահել, ես դեռևս 1997թ., այսինքն՝ սրանից 21 տարի առաջ, «Հայաստանի Հանրապետություն» թերթում ծավալուն վերլուծական հոդված եմ հրապարակել՝ «Հայերը և հրեաները» թեմայով: Հոդվածը ենթավերնագիր ուներ՝ էթնո-պետական զուգահեռներ: Եվ, բնականաբար, նրանում ես խոսել եմ մեր պատմական ճակատագրերի զուգահեռների մասին բազում դարերի ընթացքում:
Այդ դարերում մենք կորցրել ենք ազնվականությունը՝ 20-րդ դար մտնելով 3 հիմնական շերտերով՝ գյուղացիներ, արհեստավորներ և վաճառականներ: Հենց գյուղացիությունից դուրս եկածները, որոնք իմ կողմից հնարամիտներ են կոչվել, մի կողմից՝ թույլ չեն տալիս, որ ազգը մեռնի, իսկ մյուս կողմից էլ՝ թույլ չեն տալիս, որ ազգը զարգանա:
Հայաստանի բոլոր 3 նախագահները՝ իրենց շրջապատի ընտրությամբ, իրենց կառույցներով, իշխանության գյուղացիական ընկալման տիպիկ օրինակ է, ինչը պատմության մեջ բնորոշվում է՝ որպես դեմոկրատական պետական կարգի ռեֆորմների բարեփոխումների էությունը չհասկացող արևելյան ինքնիշխանության ճյուղ:
Այստեղից էլ գալիս է և այն երկերեսանիությունը, որը մենք տեսել ենք անկախության այս բոլոր տարիներին: Սա է ԽՍՀՄ հանկարծակի փլուզման պայմաններում գյուղացիության աշխարհընկալումը:
Իսկ հրեա ժողովուրդը դժվարին ճակատագրի ճամփաներում կորցրեց գյուղացիությունը, և այսօր, ինչպես և ողջ 20-րդ դարի ընթացքում, Իսրայելում խնամքով սփյուռքի քաղաքային տարրից կերտում են նոր տիպի գյուղացիություն: Հրեական պետությունը, նրա ռազմական ու ֆինանսական իմունիտետը բարդ կառուցվածք ունի:
Մեծաթիվ հրեական կազմակերպություններից առանձնացնենք երկուսը՝ Համաշխարհային հրեական կոնգրեսն ու Ամերիկյան առաջատար հրեական կազմակերպությունների նախագահների կոնֆերանսը:
Իրենց կառուցվածքով հրեաները տոհմային ազգ են, ինչպես և Իսրայել պետությունը: Մեզ մոտ նաև ազգային պատկանելության պատկերացումներն են տարբեր: Այստեղից էլ՝ մենք տարբեր կերպ ենք բնորոշում ազգի մասերը:
Իսրայելում ապրում են իսրայելցիներ, այսինքն՝ ոչ միայն հրեաներ, իսկ աշխարհում՝ հրեաներ: Մեզ մոտ՝ Հայաստանում, ապրում են հայեր, իսկ աշխարհում՝ սփյուռքահայեր: Այդպիսի տարբերակումը խոսում է մեր անուշադրության, հայկական ազգի այս կամ այն մասի դերի ընկալման ագրեսիվության մասին: Ավելին, մենք ավելի հեռուն ենք գնում ու տարանջատում ենք՝ ինչպես Սփյուռքը, այնպես էլ՝ Հայաստանը՝ տարբեր նշաններով, այն դեպքում, երբ հրեաները հեռատեսորեն միավորում են ազգը: Եվ գլխավորը, նրանք ըստ էության են միավորում, համակարգային ձևով ու իրապես այն ժամանակ, երբ հայերը բառերից այն կողմ չեն գնում: Հրեաները հասել են նրան, որ Իսրայելը հրեա ժողովրդի գործիքակազմի կարևոր մասն է:
Եվս մեկ տարբերություն. Հայը՝ երկրի սահմաններից դուրս գալով, հենց օդանավակայանից սկսած, ներքուստ, հոգեբանորեն իրականությունը որպես պանդուխտ է ընկալում այն դեպքում, երբ հրեան ամուր, 2 ոտքով է կանգնում այն հողի վրա, ուր ժամանել է, և միանգամից ընկնում է իրեն հովանավորող կազմակերպությունների գործարար մթնոլորտի մեջ: Մինչ հայերը եղանակներ են փնտրում հարմարվելու նոր էթնիկ միջավայրին, նրանք 1-2 սերունդ հետ են ընկնում հրեաներից՝ ժամանման երկրին հարմարվելու առումով:
Հերցելի մեծությունը կայանում է նրանում, որ նա կարողացավ ազգի ռազմավարությունը ու հրեական կապիտալը միավորել: Այստեղից էլ ելնում է Հայրենիք՝ դեպի Իսրայել վերադարձի զարգացման ողջ տրամաբանությունը: Իսկ մենք մինչ այժմ խարխափում ենք 19-րդ դարում՝ մեր համազգային ոչ արդյունավետ կազմակերպություններով՝ ինչպես Առաջին Հանրապետության շրջանում, այնպես էլ՝ Երրորդ:
Նայեք Իսրայելի՝ 20-րդ դարի առաջին կեսի լուսանկարները, իսկ հետո՝ մեր օրերինը: Այժմ նայեք Հայաստանի լուսանկարները 20-րդ դարասկզբին, ապա 70-80-ական թթ. և հիմա… Քայքայված երկիր: Ավելացնեմ, իրապես ոչնչացված են գիտական արդյունաբերությունը, ֆունդամենտալ գիտությունը, բարձր տեխնոլոգիաները…
Կան առանձին գիտնականներ, բայց չկա գիտական միտք՝ որպես սոցիումը կազմակերպող…
Բայց դա մեր ապագան է: Ես շատ անգամներ եմ խոսել հայկական լոբբիի անօգնականության մասին՝ հրեականի համեմատությամբ: Եվ հայկական լոբբիի անարդյունավետության պատճառը թվակազմի, ազգի բնավորության ու ֆինանսական հնարավորությունների վրա հիմնված ժամանակակից համակարգային գիտելիքների բացակայությունն է:
Վերջին 20-25 տարիների ընթացքում քայքայվեց հայ ազգի միջուկը: Այժմ հայերը Սփյուռքի ազգ են, քանի որ պատմական հողերի վրա ապրում է ազգի հավանաբար քառորդ մասը՝ նոր արտագաղթի ուժգին միտումով:
Մենք հրեաների հետ շատ ոլորտներում ենք նման, սակայն մենք տարբեր են աշխարհազգացողությամբ ու աշխարհընկալմամբ: Մենք նաև տարբեր հնարավորություններ ունենք: Եվ վերջինը. արդյո՞ք մենք Իսրայելի պես կարողանում ենք գործած հանցանքի համար ազատազրկել մեր երկրի առաջին դեմքերին:
ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
Օգոստոսի 13, 2018թ., Լոս Անջելես, ԱՄՆ