Պանթուրքական և թուրանական նախագծերի առաջխաղացման համար նպաստավոր պայմանները Հայաստանում սկսեցին ձևավորվել ոչ թե այսօր, այլ դեռևս 2018 թվականին. Հենրիխ Դանիելյան
Հենրիխ Դանիելյանը գրում է. «Պանթուրքական և թուրանական նախագծերի առաջխաղացման համար նպաստավոր պայմանները Հայաստանում սկսեցին ձևավորվել ոչ թե այսօր, այլ դեռևս 2018 թվականին, երբ ներքաղաքական պայքարը հանգեցվեց մեկ նպատակի՝ Սերժ Սարգսյանի հեռացմանը՝ առանց դրա ռազմավարական հետևանքների պատշաճ գնահատման։
Սերժ Սարգսյանը միայն քաղաքական ղեկավար չէր։ Նրա կառավարման տարիներին Հայաստանը տարածաշրջանային հավասարակշռության կարևոր գործոն էր՝ հայկական Արցախով, մարտունակ զինված ուժերով, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությամբ, Իրանի հետ կայուն հարաբերություններով և Արևմուտքի հետ հավասարակշռված համագործակցությամբ։
Այդ համակարգում Հայաստանը նաև աշխարհաքաղաքական բնական պատնեշ էր թուրք-ադրբեջանական ռազմավարական միավորման և պանթուրքական ծրագրերի առաջխաղացման ճանապարհին։ Հայաստանի թուլացումը կամ այդ հավասարակշռության խախտումն անխուսափելիորեն մեծացնելու էր Անկարայի և Բաքվի քաղաքական ու ռազմավարական հնարավորությունները Հարավային Կովկասում։
Հետևաբար, 2018 թվականի գործընթացների քաղաքական պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել միայն իշխանության եկած ուժով։ Գնահատականի պետք է արժանանան նաև այն ներքին դերակատարների և արտաքին կենտրոնների քայլերը, որոնց շահերը համընկան Սերժ Սարգսյանի հեռացման և նրա օրոք ձևավորված ռազմաքաղաքական համակարգի կազմաքանդման հարցում։
Հետագա իրադարձությունները՝ 2020 թվականի պատերազմը, Արցախի կորուստն ու հայաթափումը և տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցության էական ուժեղացումը, ցույց տվեցին, թե ինչ գին կարող է ունենալ ռազմավարական հավասարակշռության խախտումը։
2018-ին փոխվեց ոչ միայն իշխանությունը․ սկսեց փոխվել նաև Հայաստանի տեղն ու կշիռը տարածաշրջանային ուժերի հավասարակշռության համակարգում։
Հ.Գ. Այնպես որ, Նախիջևանում այսօր իրականացվող ենթակառուցվածքային շինարարությունը, որը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ կապի խորացման համար, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող մի շարք այլ աշխարհաքաղաքական զարգացումներ, պետք է դիտարկել հենց այս երկարաժամկետ գործընթացի համատեքստում։
Իմ գնահատմամբ՝ դրանց համար նպաստավոր միջավայրի ձևավորման կարևոր շրջադարձային կետը 2018 թվականն էր, երբ Սերժ Սարգսյանի դեմ ձևավորվեց ներքին քաղաքական և բազմակողմ արտաքին շահերի համընկնում, որի արդյունքում խախտվեց Հայաստանի շուրջ տարիներով ձևավորված ռազմաքաղաքական հավասարակշռությունը»։

