ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Patriot-ի տեխնոլոգիաները կարող են գողացվել, եթե դրանք փոխանցվեն Ուկրաինային. Telegraph
ԱՄՆ-ի՝ Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների արտադրության համար անհրաժեշտ լիցենզիա տրամադրելուց հրաժարվելը պայմանավորված է այն մտավախություններով, որ այդ տեխնոլոգիաները կարող են հայտնվել Ռուսաստանի ձեռքում։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
The Telegraph-ի աղբյուրը նաև նշել է դեպքեր, երբ Կիևին փոխանցված զենքը հայտնվել է սև շուկայում:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահը խոստացել էր փոխանցել լիցենզիան՝ վստահեցնելով, որ ուկրաինական կողմը կկարողանա «բավականին արագ» սկսել հրթիռների արտադրությունը։
Սակայն ավելի ուշ Թրամփը հրաժարվել էր իր խոստումից՝ դա բացատրելով նաև նրանով, որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել ԱՄՆ-ի դեմ։
ԱՄՆ նախագահին մոտ կանգնած թերթի աղբյուրը պնդում է, որ Թրամփի վարչակազմը տեղյակ է այնպիսի դեպքերի մասին, երբ Ուկրաինային փոխանցված զենքն, ի վերջո, հայտնվել է սև շուկայում։ Պաշտոնաթող գեներալ Ֆիլ Բրիդլավը, ով նախկինում գլխավորել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը և զբաղեցրել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, պարզաբանել է, որ նման տեղեկությունները «իսկապես մտահոգություն են առաջացնում վարչակազմի մոտ»։
«Իրոք կարծում եմ, որ մտավախություն կա, թե եթե մենք այս տեխնոլոգիաները փոխանցենք Ուկրաինային, դրանք ինչ-ինչ կերպով կհայտնվեն Ռուսաստանում», -հավելել է նա։
The Telegraph-ը նշում է, որ ամերիկյան օրենսդրությունը նախատեսում է միջոցներ, որոնք կարող են կանխել սպառազինության տեխնոլոգիաների դուրս գալը ԱՄՆ-ի «վերահսկողությունից»: Միևնույն ժամանակ, Patriot-ի արտադրության համար Ուկրաինային անհրաժեշտ կլինեն ոչ միայն գծագրեր, այլև սարքավորումներ, ծրագրային ապահովում և «փորձագիտական գիտելիքներ»,-նշվում է հոդվածում:
Բրիտանական թերթի աղբյուրը հանդիսացող բարձրաստիճան պաշտոնյան, որը չի ցանկացել նշվի իր անունը, պարբերականի հետ զրույցում այս սահմանափակումները անվանել է ԱՄՆ-ի որոշման վրա ազդած առանցքային գործոններից մեկը:
Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Թրամփն օգոստոսի 1-ին հայտարարել էր ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային Patriot հրթիռներ արտադրել թույլ տալուց հրաժարվելու մասին: Նա նշել էր, որ ամերիկյան կողմը, հավանաբար, մտադիր չէ որևէ այլ երկրի փոխանցել Patriot ՀՀՊ համակարգերի արտադրության լիցենզիան ընդհանուր առմամբ, չնայած այդ հարցը նախկինում բարձրացվել էր։
The New York Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ տեխնոլոգիաների փոխանցումը կպահանջեր Raytheon և Lockheed Martin պաշտպանական ընկերությունների փոխգործակցությունը ուկրաինական կողմի հետ, իսկ նախագիծը կարող էր տևել ամիսներ կամ տարիներ: Միևնույն ժամանակ, պարբերականը նշել է, որ Ուկրաինայում Patriot-ի արտադրության ցանկացած գործարան թիրախ կդառնար Մոսկվայի համար:
Իր հերթին, Ռուսաստանը դատապարտել է Կիևին տրվող ցանկացած օգնություն: Կրեմլում բազմիցս հայտարարել են, որ զենքի մատակարարումները և ուկրաինական բանակի ֆինանսավորումն ուղղակի ձգձգում են հակամարտությունը։

