ԱԺ-ն կունենա 12 մշտական հանձնաժողով, թեպետ ընդդիմությունն առաջարկում էր 6–ը պահպանել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ԱԺ–ում ստեղծել 12 մշտական հանձնաժողով։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմավորման վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացրեց իշխող ուժի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Նախագծով առաջարկվում է պահպանել ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայիս կառուցվածքը՝ սահմանելով 12 մշտական հանձնաժողով։
«Միաժամանակ նախատեսվում է փոխել հանձնաժողովների անդամների առավելագույն թիվը։ Հիմնավորման համաձայն՝ հաշվի առնելով խորհրդարանում ներկայացված խմբակցությունների պատգամավորների թվի հարաբերակցությունը՝ առաջարկվում է մշտական հանձնաժողովների անդամների առավելագույն թիվը սահմանել 8. 5–ը՝ ՔՊ–ի, 2–ը` «Ուժեղ Հայաստան»–ի, իսկ 1-ը` «Հայաստան» խմբակցությանը»,– ասաց Ջուլհակյանը։
Նա պարզաբանեց, որ որոշ հանձնաժողովներ կարող են ունենալ մինչև 10 անդամ՝ պայմանավորված ծանրաբեռնվածությամբ։
Սակայն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը կարծում է, որ 12 հանձնաժողովը շատ է և հավելյալ ծանրաբեռնվածություն է ՀՀ պետական բյուջեի համար։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ ԱԺ–ում բավարար է ունենալ ընդամենը 6 հանձնաժողով։
«Ուսումնասիրել եմ նախորդ գումարման ԱԺ գրեթե բոլոր արձանագրությունները և տեսել, որ կա հանձնաժողով, որը 5 տարվա ընթացքում ունեցել է ընդամենը մեկ արձանագրություն։ Օրինակ՝ Եվրոպական ինտեգրման, Եվրասիական ու տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովները և այլն, գրեթե ծանրաբեռնվածություն չեն ունեցել։ Եթե 12–ի փոխարեն ունենանք 6 մշտական հանձնաժողով, միայն աշխատավարձերի մասով 5 տարում 500 հազար դոլարի խնայողություն կանենք»,– ասաց Ղազարյանը։
Նա հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը նախատեսում է, որ կարող է լինել մինչև 12 հանձնաժողով, այլ ոչ թե 12-ը պարտադիր քանակ է։
Սակայն նախագիծը դրվեց քվեարկության և հաստատվեց 60 կողմ և 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

