Նեթանյահուն խոստացել է «շանս տալ» Թրամփի խաղաղության ծրագրին և սահմանափակել Գազայի վրա հարձակումները․ Axios
ԱՄՆ վարչակազմն ակնկալում է, որ Իսրայելը կկատարի Գազայի հատվածի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները՝ չնայած վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարություններին․ այս մասին X սոցիալական հարթակում գրել է Axios-ի և Իսրայելի 12-րդ հեռուստաալիքի թղթակից Բարաք Ռավիդին՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
Նրա խոսքով՝ Սպիտակ տունը չի մտահոգվում Նեթանյահուի այն հայտարարություններով, որ Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ «Խաղաղության խորհրդի» 15 կետանոց ծրագիրը և դուրս չի բերի իր զորքն անկլավից, մինչև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չզինաթափվի։
ԱՄՆ պաշտոնյան Նեթանյահուի դիրքորոշումը կապել է հոկտեմբերի 27-ին կայանալիք Քնեսեթի ընտրությունների հետ։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն հասկանում է Իսրայելի վարչապետի քաղաքական նկատառումները, և խնդիր չի տեսնում, քանի դեռ նա շարունակում է կատարել Վաշինգտոնի խնդրանքները, մասնավորապես՝ Գազայի հատվածի վրա հարձակումները զսպելու վերաբերյալ։
Ռավիդի խոսքով՝ Նեթանյահուն անցյալ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Այնուհետև նա խոստացել է «շանս տալ ծրագրին» և սահմանափակել Գազայի վրա հարձակումները՝ ապառազմականացման գործընթացը սկսելու համար։ ԱՄՆ-ն կարծում է, որ Իսրայելի վարչապետը կատարում է այս խոստումը։

