Բաքվի հայտարարությունները միտված են նոր իրականություն ստեղծելուն. Հակոբ Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«Ի դեպ, լսե՞լ եք Հայաստանից որեւէ պաշտոնական արձագանք, ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւի այն հայտարարության, որ Հայաստանի սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնությունները։
Արձագանք կարծես թե չկա։ Մինչդեռ սա չափազանց էական հարց է, որովհետեւ այդպիսի հայտարարություններով «լեգիտիմացվում» է մի այսպես ասած ընկալում, թե Հայաստանը սահմանադրության մակարդակով արտահայտում է տարածքային հավակնություն հարեւանների նկատմամբ։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը իր անկախության շրջանում երբեք, երբեք չի արտահայտել այդպիսի հավակնություն ոչ միայն սահմանադրական տեքստերում, ոչ միայն օրենքներով, ոչ միայն որեւէ իրավական ակտով, այլ նաեւ քաղաքական ղեկավարության որեւէ հայտարարության մակարդակով անգամ։
Բայց, այստեղ լոկ Ադրբեջանի «ավանդական» հայտարարության հարց չէ։
Բաքվի հայտարարությունները միտված են նոր իրականություն ստեղծելուն, որտեղ «օրակարգայնացվում» է Թուրքիայի հանդեպ Հայաստանի «տարածքային հավակնության» հարց, հետո այն ըստ հայեցողության խաղարկելու համար։ Բաքուն այդ ծառայությունն է մատուցում Անկարային, որը իհարկե օրակարգ բերվող հարցը կդարձնի արդեն ավելի լայն քննարկումների առարկա, ոչ թե Հայաստանի հետ, այլ ռեգիոնում ստատուս–քվոյի հարցով շահագրգռված աշխարհաքաղաքական կենտրոնների։
Ի դեպ, այդ տեսանկյունից շատ էական է ուշադրության արժանացնել, որ Իլհամ Ալիեւի օգնականը Թուրքիայի հանդեպ Հայաստանի տարածքային հավակնության մասին է խոսում այն ժամանակ, երբ Ռուսաստանը սկսել է հաճախ խոսել 3+3 ռեգիոնալ ձեւաչափի եւ դրա շրջանակում ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին։
Հիշեցնեմ, որ վերջին այդպիսի հանդիպումը եղել է Թուրքիայում՝ 2024 թվականի հոկտեմբերին։ Այսինքն, տեւական ժամանակ է, որ չեն եղել այդ ձեւաչափով քննարկումներ։ Մոսկվան վերջին օրերին սկսել է հաճախ խոսել այդ ձեւաչափի մասին, ընդ որում նաեւ օրեր առաջ այդ մասին խոսեց Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը։ Անկարան հրապարակայնորեն չի արձագանքել Մոսկվայի այդ հիշեցումներին, բայց ստացվում է, որ Ադրբեջանի միջոցով «հիշեցնում» է Հայաստանի տարածքային ինչ որ «հավանությունների» մասին։
Իսկ այստեղ էական հանգամանք է այն, որ հայ–թուրքական սահմանը ըստ էության գծվել է հենց ռուս–թուրքական պայմանավորվածություններով եւ աշխարհաքաղաքական իմաստով այն ռուս–թուրքական սահման է։ Երբ Անկարան բարձրաձայնում է Հայաստանի իբրեւ թե գոյություն ունեցող կամ ունեցած տարածքային հավակնություննրի մասին, ապա մեծ հավանականությամբ, փորձ է արվում այդ «օրակարգը» մոգոնել՝ Ռուսաստանի հետ քննարկումների սեղանին թուրքական խաղաքարտերը ավելացնելու համար»։

