Ադրբեջանում 16 տարին չլրացած անձանց այլևս չի թույլատրվի թվային հաշիվներ ստեղծել
Ադրբեջանը սահմանում է սոցիալական հարթակներում օգտատերերի գրանցման նոր պահանջներ, համաձայն որոնց՝ 16 տարին չլրացած անձանց չի թույլատրվի անհատական թվային հաշիվներ ստեղծել։
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այս դրույթներն ամրագրվել են «Տեղեկատվության, տեղեկատվայնացման և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխություններում, որոնց կիրառման մասին հրամանագիրը ստորագրել է նախագահ Իլհամ Ալիևը։
Օրենքում կատարված փոփոխություններում կա ևս մեկ դրույթ, համաձայն որի՝ 16-ից-18 տարեկան անչափահասի համար պարտադիր է թվային հաշիվ ստեղծելիս նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունը։
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարթակների փրովայդերները պարտավոր են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաներին պատկանող արդեն գոյություն ունեցող հաշիվների հասանելիությունը։
Եթե օգտատերը չներկայացնի 16 տարին լրացած լինելը հաստատող տվյալներ, փրովայդերը պարտավոր կլինի ջնջել այդ հաշիվները և դրանցում առկա անձնական տվյալները, ինչպես նաև այդ մասին տեղեկացնել համապատասխան գործադիր մարմնի կողմից լիազորված պետական կառույցին։

