Ցանկացած դատվածություն ունեցող միգրանտներին արգելել են բնակվել Ռուսաստանում և քաղաքացիություն ստանալ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որի համաձայն օտարերկրացիներին կմերժեն քաղաքացիություն ընդունելու, ինչպես նաև ժամանակավոր բնակության թույլտվություն կամ կացության թույլտվություն տրամադրելու հարցում, եթե նրանք ունեն ցանկացած հանցագործության համար չմարված կամ չհանված դատվածություն։
Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը գործող նորմերի համաձայն՝ օտարերկրացիներին մերժում են քաղաքացիություն ընդունելու հարցում, եթե նրանք ունեն դիտավորյալ հանցագործությունների համար դատվածություն, փոխանցում է ՏԱՍՍ։
Միևնույն ժամանակ, դրանք չեն տրվում միայն այն անձանց, որոնք ունեն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատվածություն։ Օրենքը նախատեսում է, որ քաղաքացիություն, ժամանակավոր բնակության թույլտվություն և կացության թույլտվություն չեն տրամադրվի ցանկացած հանցագործության համար չմարված կամ չհանված դատվածության առկայության դեպքում։ Եթե փաստաթղթերն արդեն տրված են եղել, ապա չմարված դատվածության բացահայտման դեպքում դրանք կչեղարկվեն։
Միաժամանակ, փաստաթղթում նշվում է, որ նոր նորմերը չեն տարածվելու այն օտարերկրացիների վրա, որոնք ճանաչվել են փախստականներ կամ քաղաքական ապաստան են ստացել Ռուսաստանում։
Օրենքը նոր պահանջներ է նախատեսում դրանք ստանալու համար դիմում ներկայացնելիս։ Այսպես, միգրանտները պետք է ներկայացնեն թղթային փաստաթուղթ, որը կամ կհաստատի դատվածության բացակայությունը, կամ տեղեկություններ կպարունակի այն հանցագործությունների մասին, որոնց համար դիմորդները դատապարտվել են։ Այդպիսի փաստաթուղթը պետք է տրված լինի այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ բնակվում է միգրանտը (դիմում ներկայացնելուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ)։ Եթե օտարերկրացին ունի բազմակի քաղաքացիություն կամ բնակության մի քանի թույլտվություն, նա պետք է ներկայացնի դատվածության բացակայության կամ առկայության վերաբերյալ համապատասխան թվով փաստաթղթեր։
Նման փաստաթուղթ ներկայացնելուց կազատվեն մինչև 14 տարեկան երեխաները, ՌԴ-ում քաղաքական ապաստան ստացած անձինք, ինչպես նաև ՌԴ զինված ուժերում պայմանագրային ծառայություն անցած կամ անցնող օտարերկրացիները:
Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից 180 օր անց: Մինչ այդ ներկայացված դիմումները կքննվեն հին ընթացակարգով, և դատվածության մասին լրացուցիչ տեղեկանք չի պահանջվի:
Բացի այդ, ԺԿԻ կամ ԿԿ հայցող Ուկրաինայի քաղաքացիներն ազատվում են այս պահանջից փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարի ժամկետով:

