ԱՄՆ-ն կփակի դիվանագիտական ներկայացուցչությունները Ճապոնիայում, Կանադայում, Ինդոնեզիայում, Կամերունում և Գրենադայում
ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է, որ նախատեսում է փակել արտասահմանում գործող հինգ դիվանագիտական ներկայացուցչություն։ Այս մասին Reuters-ին հայտնել են ծանուցման բովանդակությանը ծանոթ աղբյուրները։
Նախորդ շաբաթվա վերջին Կոնգրեսի մի շարք հանձնաժողովներ ուղարկված ծանուցման մեջ նշվել է, որ նախատեսվում է փակել ԱՄՆ ներկայացուցչությունները Գրենադայի Սենթ Ջորջս քաղաքում, Ճապոնիայի Նագոյա քաղաքում, Ինդոնեզիայի Մեդան քաղաքում, Կամերունի Դուալա քաղաքում և Կանադայի Վինիպեգ քաղաքում։
Reuters-ը նշում է, որ սա հազվադեպ դեպք է, երբ ԱՄՆ-ը միաժամանակ փակում է մի քանի արտասահմանյան ներկայացուցչություն այն պայմաններում, երբ դա կապված չէ որևէ հստակ աշխարհաքաղաքական իրադարձության հետ։
Դեմոկրատները, ինչպես նաև արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության ոլորտի որոշ նախկին պաշտոնյաներ, կարծում են, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայության կրճատումը, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության փաստացի դադարեցումը կարող են թուլացնել ԱՄՆ դերը և վտանգավոր վակուում ստեղծել, որը կփորձեն լրացնել այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը։
Թեև անցյալ տարի Պետդեպարտամենտում իրականացվել էր լայնածավալ կառուցվածքային վերափոխում՝ լուծարվեցին տասնյակ վարչություններ և կրճատվեցին հարյուրավոր աշխատակիցներ, արտասահմանյան որևէ ներկայացուցչություն չէր փակվել։

