Հայկական ԽՍՀ. խրուշչովյան զեկույցի արձագանքը XX համագումարում և «ապաստալինացման» բումերանգը
1956 թվականի հունիսի 30-ին ԽՍՀՄ-ում ԽՄԿԿ Կենտկոմի «Անհատի պաշտամունքի և դրա հետևանքների հաղթահարման մասին» որոշման հրապարակումը, որը հիմնված էր ԽՄԿԿ XX համագումարում (1956 թ. փետրվարի 25) Խրուշչովի հակաստալինյան, այսպես կոչված, «գաղտնի» զեկույցի վրա, «ոչ պաշտոնական» հակախորհրդային տրամադրությունների բռնկում առաջացրեց որոշ ազգային հանրապետություններում։
Լայնորեն հայտնի է Վրաստանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների և ցույցերի մասին, սակայն շատ ավելի քիչ է հայտնի Հայաստանում տիրող թաքուն դժգոհության մասին, որը նախևառաջ պայմանավորված էր հետպատերազմյան առաջին տարիներին ստալինյան ղեկավարության կողմից «Թուրքիային հիմնավորում չունեցող հավակնությունների» համար 1956 թվականի մայիսի 30-ին ԽՍՀՄ կառավարության հայտնած ներողամտությամբ։
Հիշեցնենք, որ 1945 թվականին վրացական և հայկական մամուլում ակնհայտորեն Մոսկվայի իմացությամբ քննարկվում էր Թուրքիայի հետ ցամաքային սահմանը վերականգնելու գաղափարն այն գծով, որը գոյություն ուներ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո և մինչև Բրեստ-Լիտովսկի խաղաղությունը (1918 թվականի մարտ)։

Հայ և վրացի պատմաբանների հրապարակումներում խոսվում էր 1918-1920 թվականներին Թուրքիային հանձնված, այդ թվում՝ մասամբ գրավված Կարսի, Արդահանի, Արդվինի, Սուրմալուի, Չըլդըր լճի և Մեծ Արարատի (ավելի քան 24 հազար քառ. կմ) շրջանները ԽՍՀՄ կազմ վերադարձնելու անհրաժեշտության մասին, ինչն իրավաբանորեն ամրագրված էր քեմալական Թուրքիայի հետ Կարսի և Մոսկվայի 1921 թվականի պայմանագրերով։

Հետպատերազմյան առաջին տարիներին հայրենադարձության ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանեցին Մերձավոր Արևելքից գաղթականներ, որոնց թվում կային Արևմտյան Հայաստանից աբդուլհամիդյան «զուլումի», երիտթուրքական ցեղասպանության և Մուստաֆա Քեմալ փաշայի գլխավորությամբ «ազգային-ազատագրական պայքարի» սկզբնական շրջանի ջարդերի բազմաթիվ ժառանգներ, ինչպես նաև 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին քառորդի ազգային-ազատագրական պայքարի մասնակիցներ:
Հայկական ԽՍՀ-ում անօրինական ազգայնական խմբերը, որոնցում ներթափանցել էին, այդ թվում՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության արտասահմանյան մասնաճյուղերի ակտիվիստներից, հանրագրեր էին տարածում, որոնց իմաստը հանգում էր այն բանին, որ մերժելով ստալինյան ժառանգությունը՝ խորհրդային կառավարությունն իբր վերջնականապես հրաժարվում է գոնե մասնակի արդարության վերականգնումից «հայկական հարցում» (ներառյալ՝ նաև սահմանի հարցը)։
Մինչ այդ, 1953 թվականի վերջին-1954-թվականի կեսերին, մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Երևանում և Լենինականում, տարածվում էին «իրական Հայկական ԽՍՀ»-ի անանուն քարտեզները, որոնք ներառում էին պատմական Արևմտյան Հայաստանի (Արևելյան Անատոլիա) որոշ տարածքներ՝ ներառյալ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռով, որոնք 1878-1918 թվականներին մտնում էին Ռուսական կայսրության կազմի մեջ։
Ըստ առկա տեղեկությունների՝ 1956 թվականի կեսերին Հայաստանում անօրինական կերպով ստորագրություններ էին հավաքվում՝ ի պաշտպանություն 1956 թվականի մարտին Վրաստանում (Թբիլիսի, Գորի, Բաթում) տալինամետ վերոհիշյալ ելույթների։ Չեն մոռացվել նաև 1918-1921 թվականներին Թուրքիային փոխանցված պատմական տարածքները կովկասյան հանրապետություններին վերադարձնելու պահանջները, թեև առժամանակ դրանք արտահայտվում էին մեծ մասամբ կիսաօրինական ձևով։
Աստիճանաբար իրենց զգացնել տվեցին ազգայնական տրամադրությունները։ Այսպես, 1955 թվականի հոկտեմբերի 12-ին Երևանում անկարգություններ տեղի ունեցան Երևանի «Սպարտակի» և Սվերդլովսկի շրջանային սպաների տան թիմի միջև ընկերական ֆուտբոլային խաղից հետո։
Հայ ֆուտբոլիստները պարտվեցին 1:2 հաշվով, ինչը բողոքի առիթ հանդիսացավ մրցավարական կողմնակալ թվացող խաղի դեմ, որը շուտով ձեռք բերեց ազգայնական և հակասովետական հնչերանգներ: Խորհրդահայ միլիցիայի հասցեին, որը փորձում էր հանդարտեցնել ցուցարարներին, ուղղված էին «հայերի արմատական շահերը դավաճանելու» մեղադրանքներ՝ «կորչեն հայ ժողովրդի դավաճան միլիցիոներները», «ո՞ւր են մեր օրինական սահմանները Թուրքիայի հետ» և այլն:
Արդեն 1955 թվականի նոյեմբերի 7-ին իր մասին սկսեց հայտարարել ընդհատակյա հակախորհրդային «Լենինեց» կազմակերպությունը, որը բաղկացած էր հիմնականում երիտասարդներից և միջին տարիքի մարդկանցից (Երևան, Լենինական, Կիրովական)։ Նրա ակտիվիստները տարածում էին հակասովետական թռուցիկներ՝ «լենինիզմի իսկական շինարարները» ստորագրությամբ։ Բայց շուտով այդ խմբի այդ անդամներին ձերբակալեցին, դատեցին, մի քանիսին վտարեցին Անդրկովկասից։
1956 թվականի ապրիլին և հուլիսին Երևանի համալսարանում տեղի ունեցան կուսակցության անդամների և տեղի կոմերիտմիության միացյալ ժողովներ, որոնցում «նկատվում էին ազգայնական հայացքներ, պատմական Հայաստանի վերականգնման կոչեր»։
Հետագայում այդ միտումներն աստիճանաբար ուժեղանում էին խորհրդա-թուրքական փոխհարաբերությունների զարգացմանը զուգահեռ, որոնց մասնակցությունից Հայկական ԽՍՀ ղեկավարությունը բառիս բուն իմաստով «խուսափում էր»։ Այսպես, 1963 թվականին հանրապետությունում տարածվեց 41 անանուն հակախորհրդային փաստաթուղթ՝ 25 թռուցիկ և 16 բաց նամակ՝ գրեթե երեք անգամ ավելի, քան 1955-1956 թվականներին։
Իսկ 1964 թվականին Հայաստանում արդեն արձանագրվել է հակախորհրդային անանուն փաստաթղթերի պատրաստման և տարածման 686 փաստ՝ 105 նամակ և 581 թռուցիկ։ Դրանցում խորհրդային ղեկավարությունը քննադատվում էր նաև «Թուրքիայի հետ դաշինքի» համար։
1965 թվականի ապրիլին Երևանում տեղի ունեցած զանգվածային ցույցերը` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան Թուրքիայում հայ բնակչության զանգվածային ջարդերի և տեղահանությունների սկզբի կեսդարյա տարելիցին, որոշակի տպավորություն թողեցին խորհրդային ղեկավարության վրա, որը բավարարեց հայ հասարակության պահանջների մի մասը: 1967 թվականի նոյեմբերի 29-ին բացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Քիչ է հայտնի, որ 1965 թվականի հունվարի վերջին վրացի 16 հայտնի մտավորականների խումբը, որին աջակցում էին Հայաստանի մշակույթի և գիտության 14 գործիչներ, խնդրանքով դիմել էր ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյին և ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի ղեկավարությանը՝ «…հավաստիացումներ չանել այն մասին, որ խորհրդային կողմը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից՝ խորհրդային կառավարական պատվիրակության՝ Թուրքիայի Հանրապետություն սպասվող այցի ժամանակ»։

Սակայն պատվիրակությունն Անկարայում հայտարարել է, որ հավատարիմ է ԽՍՀՄ-ի՝ 1953 թվականի մայիսի 30-ին Թուրքիայից հիշյալ ներողություններին (տե՛ս նաև՝ РГАНИ, Ф. 89. П. 2. Д. 6; Ф. 5. Оп. 58. Д. 19; Ф. 5. Оп. 67. Д. 82; «Вести из СССР: права ч еловека», Мюнхен, 1980, №10):
Խնդրագրային արշավները և ոչ ֆորմալ ակտիվիզմի այլ ձևերը, թեկուզև ավելի քիչ ինտենսիվությամբ, շարունակվեցին նաև հաջորդ շրջանում՝ աստիճանաբար տեղափոխվելով Լեռնային Ղարաբաղի միացման համար պայքարի կիզակետ, որի մասին շատ քաղաքացիներ իմացան Խորհրդային Միության մայրամուտին՝ 1988 թվականի փետրվարին։
Ազգային ուղղվածություն ունեցող խմբավորումներից մեկի՝ ընդհատակյա «Միացյալ ազգային կուսակցության» (1967-1987թթ.) որոշ մասնակիցներ ընդգրկվել են 1990 թվականի Աշոտ Նավասարդյանի ստեղծած Հանրապետական կուսակցության կազմում, որի գաղափարական հիմքը դարձավ Գարեգին Նժդեհի ուսմունքը:
2006 թվականի հուլիսին տեղի ունեցած կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հռչակեց ազգային պահպանողական կուսակցություն, որի նախագահ դարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը (2008-2018թթ.):
2018 թվականի գարնան «թավշյա հեղափոխության» իրադարձությունների արդյունքում կառավարության ղեկավար դարձավ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, որոնք որդեգրեցին հայ ազգային–մշակութային ինքնության արմատական վերափոխման և Ռուսաստանից հեռացող նախկին Հայկական ԽՍՀ սահմաններում «չորրորդ Հանրապետության» կառուցման ուղեգիծը և առավելագույնս բարեկամական հարաբերություններ պահպանելով հարևան Ադրբեջանի և Թուրքիայի հետ (Անկարայի և Բաքվի պայմաններով)։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խոհեմորեն հրաժարվեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց, ինչը լավ է բնութագրում ինչպես նրա ժողովրդականության մակարդակը, այնպես էլ 1991 թվականից հետո «Երրորդ Հանրապետության» ազգային–պետական նախագծի էվոլյուցիան:
ԱԼԵՔՍԵՅ ԲԱԼԻԵՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

