Շաբաթ օրը հաղթող կհռչակվի հայկական Լուկաշենկոն
Շաբաթ օրը Սահմանադրական դատարանը հրապարակելու է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների առթիվ բողոքարկումների վերաբերյալ վճիռը:
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արմեն Դիլանյանի ղեկավարած ՍԴ-ն ուժի մեջ է թողնելու Նիկոլ Փաշինյանի՝ Վահագն Հովակիմյանի ղեկավարած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) արդյունքները և Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին» հռչակելու է՝ որպես ընտրություններում հաղթող ուժ:
Այդպիսով, Փաշինյանի իշխանությունը՝ բացի քաղաքական «լեգիտիմությունից», կստանա նաև իրավական «լեգիտիմություն» և կսկսի կատարել բոլոր այն պահանջները, որոնց իրականացման համար հանդուրժվել է ամենաայլանդակ կերպով իշխանության պահպանումը: Հանդուրժողները, այսինքն՝ նրա իշխանության պահպանման շահառուները, հրաշալի գիտեն, որ այդ խնդիրները Նիկոլ Փաշինյանը կարող է լուծել միայն կուռ, մոնոլիտ ավտորիտար իշխանություն ունենալով:
Դրա համար էլ, ի թիվս այլ ապօրինությունների, հանդուրժում են նաև իրողությունը, որ ԿԸՀ-ն և ՍԴ-ն, ինչպես և պետական կառավարման համակարգին մաս կազմող մնացյալ մարմինները վերածվել են Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման գործիքների: Սա այն է, ինչը կոչվում է անձնիշխանություն՝ այդ հասկացության ամենաընդգրկուն իմաստով:
Նիկոլ Փաշինյանի կառուցած մոնոլիտ համակարգի միակ տարբերությունը քաղաքակիրթ կոչվող աշխարհի կողմից անարգանքի սյունին գամվող ավտոկրատիաներից այն է, որ այս պահին նա սպասարկում է անարգանքի սյունին գամողների շահերը, ինչի շնորհիվ էլ, ի տարբերություն, օրինակ, Լուկաշենկոյի, անվանվում է ոչ թե դիկտատոր, այլ «ժողովրդավար առաջնորդ»:
Բայց դրանից իրերի դրությունը չի փոխվում. Հայաստանը մտել է ամեն օրվա հետ խորացող ավտորիտարիզմի շրջափուլ, որում իշխանության դեմ պայքարի ժողովրդավարական գործիքներն այլևս ֆունկցիոնալ չեն:
Նիկոլ Փաշինյանը դա գիտի ամենալավը, և երբ պարբերաբար քաղաքացիներին ու քաղաքական ուժերին կոչ է անում հեղափոխություն իրականացնել, նա ուղղակի բոլորին հրավիրում է հրապարակային մահապատժի, քանի որ գիտի՝ իրեն պատկանող ու ենթարկվող իրավապահ համակարգն առանց աչք թարթելու՝ ժողովրդական ցանկացած պոռթկում կվերածի մսաղացի:
Հայաստանի հասարակության՝ իշխանությանը չհանդուրժող հատվածը՝ առնվազն 750 հազար մարդ, այլևս գտնվում է լուսանցքում, քանի որ ժողովրդավարական ճանապարհով պայքարի միջոցները գործնականում սպառվել են: Խնդիրը, բնականաբար, առաջին հերթին ու առավելապես գտնվում է ընդդիմադիր կուսակցությունների, ոչ թե հանուն իշխանությունից փայ ստանալու, այլ իրականում հանուն պետության քաղաքական գործընթացներին մասնակցողների դաշտում, որտեղ լուծումներ դեռևս տեսանելի չեն:
Այս պահին որպես լուծման նախադրյալ՝ կարելի է առանձնացնել գոնե այն իրողության գիտակցումը, որ ավտորիտար իշխանության դեմ նոմինալ ժողովրդավարական գործիքներով, ինչպիսին ընտրություններն են, պայքարել հնարավոր չէ:
Դա էր առանձին ընդդիմադիր կուսակցությունների և հավաքական ընդդիմության հայեցակարգային սխալը, երբ բոլորն ի սկզբանե դատապարտված ընտրական գործընթացի մեջ նետվեցին այնպիսի խանդավառությամբ, որով այսօր լեգիտիմությունից զուրկ Նիկոլ Փաշինյանը բաժանում է պաշտոնները՝ սեփական խամաճիկների միջև:
Հարություն Ավետիսյան

