«Իսրայելի այս քայլը չի վնասում Թուրքիային, երկու երկրներն ունեն վաղուց գործող ռազմավարական համագործակցության պայմանագիր, որը չի չեղարկվել». Հայկ Դեմոյան
Հունիսի 28-ին Իսրայելի Կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով ներկայացրել էր համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում հայտարարել էր․
«Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։ Ավելի վաղ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր աջակցությունն էր հայտնել Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։
Իսրայելի այս քայլին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ նշելով, որ այս որոշմամբ Իսրայելի կառավարությունը փորձում է թաքցնել Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանությունը։
«Այս չարամիտ նախաձեռնությունը, որն անտեսում է իրավական և պատմական փաստերը, ակնհայտորեն ցույց է տալիս այն իրավիճակը, որում հայտնվել են Նեթանյահուն և նրա հանցակիցները, որոնց նկատմամբ պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի իրականացրած քննության շրջանակում տրվել են ձերբակալության օրդերներ»,- նշված է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Երեկ լրագրողների հետ զրույցում էլ Նիկոլ Փաշինյանը չցանկացավ արձագանքել Իսրայելի այս քայլին՝ շեշտելով, որ «Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից»։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ասում է՝ որպես գիտնական, որպես ցեղասպանության հարցով զբաղվող անձ, այս հարցի վերաբերյալ ունի իր սկզբունքային մոտեցումը:
«Տվյալ դեպքում, եթե կետերով անդրադառնանք, ապա այս որոշումը քաղաքական է, դրանում խոսք լինել չի կարող։
Ի՞նչն էր խանգարում Իսրայելին նախկինում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ինչո՞ւ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մինչև օրս ժխտողական մոտեցում ուներ։
Ուրեմն՝ առաջին համատեքստը բարոյական համատեքստն է, ի վերջո, Իսրայելի արտգործնախարարը հղում տվեց, թե Իսրայելը բարոյական պարտք ունի, բայց մենք ունենք միմիայն քաղաքական ենթատեքստ, այլ ոչ թե բարոյական ու գիտական, կամ հումանիտար, դրանք այստեղ բացակայում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Դեմոյանը։
Ինչո՞ւ հօգուտ հայկական կողմի «ցանկալի» դիրքորոշում եղավ, հատկապես այն դեպքում, երբ Հայաստանը 2 տարի առաջ ճանաչել էր Պաղեստինի անկախությունը։ Ստացվում է, որ Իսրայելի տեսանկյունից հայկական կողմից քայլը «հակաիսրայելական» է։
«Հիմա արդյո՞ք Թուրքիայի հետ լարված հարաբերություններն են պատճառը, որ Իսրայելը նման որոշում ընդունեց, և արդյո՞ք այդ որոշումն ինչ-որ ձևով կվնասի Թուրքիային, կարծում եմ՝ ոչ։ Այդ երկու երկրներն ունեն վաղուց ձևավորված և գործող՝ շուրջ 30 տարի գործող ռազմավարական համագործակցության պայմանագիր։ Դա վերաբերում է անվտանգության բոլոր ոլորտներին, որը չեղարկված չէ։ Գուցե այս լարվածությունը, որը կա՝ արհեստական ու թվացյալ է։ Տվյալ պարագայում ես որևէ տրամաբանություն չեմ տեսնում, որ ճանաչելով ինչ-որ հարց են լուծում։ Հետևաբար՝ այն մնում է ճանաչել՝ հանուն ճանաչելու»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է հրեա գիտական շրջանակներին, ապա, ըստ Հայկ Դեմոյանի, վաղուց, դեռևս 1988 թվականին, Հոլոքոստով զբաղվող գիտաշխատողների ասոցիացիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որը նրա կարծիքով՝ չափից ավելի կարևոր է, քան Իսրայել պետության կողմից ճանաչումը։
«Ամեն դեպքում ոգևորված չեմ, չեմ ուզում ոգևորություն ապրել, չեմ էլ ուզում ժխտել դրա կարևորությունը միաժամանակ։ Կրկնում եմ՝ սա ունի քաղաքական երևացող և չերևացող կողմեր»,- հավելեց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Իսրայելը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո, հանկարծ հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչաման քայլից, Հայկ Դեմոյանը պատասխանեց՝ Հայոց ցեղասպանության փաստի ընդունումը և դրանից հրաժարվելը համարժեքներ են։
«Այսինքն՝ որքան այն կարևոր է ընդունման առումով, նույնքան էլ ոչ կարևոր է դառնալու դրանից հրաժարվելը։ Հայկական կողմին այս պահին այդ ճանաչումը որևէ առավելություն չի տալիս, որովհետև արդեն ասացի՝ Իսրայելը շարունակում է լուրջ համագործակցել Թուրքիայի հետ անվտանգության բոլոր ոլորտում։ Ամենակարևոր վերլուծության մեկնակետը սա պետք է լինի։ Այս համատեքստում միակ բանն Ադրբեջանի դիրքորոշումն է, թե Ալիևը, որը ժխտողական է, ինչ արձագանք պետք է տա, երբ Իսրայելի կողմից քաղաքական որոշում է կայացվում»,- ընդգծեց Հայկ Դեմոյանը։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ։ Առաջին երկիրը, որը ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝ Ուրուգվայն էր՝ 1965 թվականին, դրանից հետո բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։
Չնայած երկար տարիների հայկական կողմի ջանքերի, որով առաջ էր տանում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, ՀՀ օրվա իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի առաջ մղումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ:

