Թուրքիայի նախագահականն արձագանքել է Հայոց ցեղասպանության թեմայով Իսրայելի որոշմանը
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը քննադատել է Իսրայելի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման համար: Դուրանը հայտարարել է, որ Իսրայելը պատմական իրադարձություններն օգտագործում է որպես քաղաքական գործիք՝ փորձելով քողարկել Գազայում իրականացվող գործողությունները և միջազգային իրավունքի խախտումները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ցեղասպանության մեղադրանքով միջազգային դատարանում քննվողները իրավունք չունեն Թուրքիային պատմության դասեր տալ կամ բարոյականության մասին ճամարտակել»,- հավելել է Դուրանը:
Թուրք պաշտոնյան Իսրայելի որոշումն անվանել է «երկերեսանիության դրսևորում»՝ պնդելով, որ այն նպատակ ունի ուշադրություն շեղել պաղեստինցիների դեմ իրականացվող գործողություններից:
Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու` երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Գիդեոն Սաարի նախագծին։
«Երբեք ուշ չէ ճիշտ գործելու համար», -կառավարության նիստում ասել է Գիդեոն Սաարը։

