Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Պակիստանի անվտանգության ուժերը հունիսի 28-ին և հունիսի 29-ի գիշերը ցամաքային գործողություն են իրականացրել Աֆղանստանի հետ սահմանին գտնվող հյուսիսարևմտյան Խայբեր Պախտունխվայի նահանգում՝ ոչնչացնելով 29 զինյալի։ Այս մասին հայտնել է Պակիստանի տեղեկատվության և հեռուստառադիոհեռարձակման նախարար Աթաուլլա Թարարը։ Աֆղանստանն էլ հայտնել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին։
«Անվտանգության ուժերը հետախուզական տվյալների վրա հիմնված, լավ պլանավորված ցամաքային գործողություն են իրականացրել Պակիստան-Աֆղանստան սահմանի երկայնքով, որին հետևել են կետային հարվածներ սահմանային շրջանում «Ջամաաթ ուլ Ահրարի» և «Ֆիտնա ալ Խավարիջի» (խմբ.՝ նախկինում հայտնի էր որպես «Թեհրիկ-ե Թալիբան Պակիստան» կամ «Պակիստանի թալիբների շարժում») խմբավորումներին պատկանող ահաբեկիչների ապաստարաններին և ճամբարներին՝ սպանելով 29 խռովարարի», – գրել է Թարարը X-ում։
Նա շեշտել է, որ Պակիստանի ուժերի հարվածներին նախորդել են երկրի մի քանի նահանգում «ահաբեկչական բազմաթիվ միջադեպեր»:
Պաշտոնյան հավելել է, որ հունիսի 28-ի հարվածի ընթացքում սպանվել են մի խումբ ահաբեկիչներ, ինչպես նաև նրանց բարձրաստիճան հրամանատարը։
Իսկ հունիսի 29-ի գիշերը ցամաքային գործողության ընթացքում իրականացվել են կետային հարվածներ, ոչնչացվել է խմբավորումների երեք թիրախ երկու երկրների սահմանի երկայնքով, այդ թվում՝ զենքի և զինամթերքի պահեստներ և թաքստոցներ։
Նախարարն ընդգծել է, որ Պակիստանի հակաահաբեկչական գործողությունները կշարունակվեն «ամբողջ ուժով»՝ արմատախիլ անելու երկրի անվտանգության համար ցանկացած սպառնալիք, որոնք հովանավորվում են արտասահմանից։
Իր հերթին, BBC-ն հաղորդում է, որ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը դատապարտել է հարձակումը։ Թալիբները BBC Pashto-ին հայտնել են, որ պակիստանյան հարվածներից առնվազն 100 մարդ զոհվել է կամ վիրավորվել։
Իսլամաբադը Քաբուլին մեղադրում է Պակիստանում հարձակումներ իրականացնող ահաբեկիչներին ապաստան տալու համար։ «Թալիբան»-ը հերքում է մեղադրանքները՝ հարձակումները որակելով չհրահրված։
Կողմերը 2025 թ. հոկտեմբերին համաձայնել էին հրադադարի, սակայն այն բազմիցս խախտվել է։

