ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից

ԱՄՆ Գերագույն դատարանը երկու որոշում է կայացրել, որոնք թույլ կտան նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին խստացնել ներգաղթային քաղաքականությունը: Դատարանը թույլատրել է չեղարկել միգրանտների որոշ հատվածի ժամանակավոր պաշտպանությունը և վերականգնել սահմանին ապաստան ստանալու գործընթացին հասանելիության սահմանափակման պրակտիկան, գրում է Current time-ը։

Առաջին որոշումը թույլ է տալիս վարչակազմին չեղարկել մի քանի երկրների, այդ թվում՝ Հայիթիի և Սիրիայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը: Ավելի քան մեկ միլիոն մարդ, որոնք նախկինում ստացել էին ԱՄՆ-ում օրինական ապրելու և աշխատելու իրավունք՝ իրենց հայրենիքում տեղի ունեցած պատերազմների, բնական աղետների և այլ ճգնաժամերի պատճառով, կարող են արտաքսման վտանգի տակ լինել։

Երկրորդ որոշումը վերաբերում է, այսպես կոչված, «դոզավորման» համակարգին, որը թույլ է տալիս ԱՄՆ սահմանապահներին սահմանափակել ապաստանի համար դիմող միգրանտների թիվը: Այս պրակտիկան ներդրվել է Բարաք Օբամայի վարչակազմի օրոք և ընդլայնվել է Թրամփի առաջին ժամկետի ընթացքում, սակայն չեղյալ է հայտարարվել Ջո Բայդենի վարչակազմի կողմից։

Սպիտակ տան խորհրդական Սթիվեն Միլլերը դատարանի որոշումից հետո հայտարարել է, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը կորցրած մարդիկ պետք է արտաքսվեն:

«Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան փնտրողների համար: Եթե դուք ապաստան խնդրեք, մենք կգտնենք աշխարհի որևէ այլ երկիր, որը կընդունի ձեզ»,- նշել է նա:

Իրավապաշտպան կազմակերպությունները զգուշացրել են, որ Գերագույն դատարանի որոշումները կարող են հանգեցնել անօրինական սահմանային անցումների աճի և մեծացնել մահվան ռիսկը Միացյալ Նահանգներ պաշտոնական մուտքի կետերը շրջանցելու փորձ կատարող միգրանտների շրջանում։

Թրամփի վարչակազմը մշտապես խստացրել է ներգաղթային քաղաքականությունը։ Բացի ապաստանի ծրագրերի սահմանափակումից՝ իշխանությունները գործնականում դադարեցրել են փախստականների ընդունումը, խստացրել են «գրին քարտերի» ստուգումները և ձգտում են վերացնել Միացյալ Նահանգներում ծնված երեխաների համար ավտոմատ քաղաքացիության տրամադրումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930