Պարսից ծոցի երկրների և Իրանի միջև բանակցություններ առայժմ չեն նախատեսվում. The National
Պարսից ծոցի արաբական պետությունների և Իրանի միջև բանակցություններ, որոնք միտվածկլին են վերջին հակամարտությունից հետո հարաբերությունների կարգավորմանը, առաջիկայում չեն կայանա։ Այս մասին հաղորդել է էմիրաթների The National թերթը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
«[Պարսից] ծոցի պետությունները դրսևորել են բարի կամք խաղաղության ձգտման հարցում և շարունակում են ապավինել դիվանագիտությանը՝ հակամարտությունը կարգավորելու համար», – հայտարարել է պարբերականի զրուցակիցներից մեկը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ արաբական երկրների վստահության վերականգնումն Իրանի նկատմամբ մնում է առանցքային խնդիր։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ Սաուդյան Արաբիան կարող է հյուրընկալել արաբական միապետությունների և Իրանի միջև բանակցությունները։ Սակայն The National-ի աղբյուրները նման քննարկումները վաղաժամ են անվանել։ Ինչպես նշել է թերթը, տարածաշրջանի բազմաթիվ երկրներ զգուշությամբ են վերաբերվում Թեհրանին՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև ավելի վաղ ձեռք բերված շրջանակային համաձայնագրին։ Պաշտոնական անձինք բազմիցս ընդգծել են վստահության վերականգնման անհրաժեշտությունը՝ իսլամական հանրապետության կողմից իրականացված հրթիռային հարվածներից հետո։
Հունիսի 25-ին Բահրեյնում ԱՄՆ և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) համատեղ նախարարական հանդիպման արդյունքներով կազմակերպության գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամեդ ալ-Բուդեյվին հայտնել է, որ Իրանի հետ ցանկացած ապագա պայմանավորվածություն պետք է հաշվի առնի արաբական միապետությունների պահանջները՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար։ Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գործընկերներին հավաստիացրել է, որ տարածաշրջանի երկրների շահերը հաշվի կառնվեն բանակցային գործընթացի ընթացքում որևէ որոշում ընդունելիս։

