«Այն դրվագը, որին պետք է անդրադանռամ, ֆիքսել էի դեռևս նախընտրական շրջանում, սակայն չէի կարող հրապարակային խոսել…». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դեպքերում խախտել են իրենց իսկ ընդունած որոշումներն ու սահմանած կարգավորումները, վաղուց ապացուցման կարիք չունի։ Այս իշխանությունը մի ձեռքով օրենք է ընդունում և խրատներ տալիս, մյուսով՝ ինքն առաջինը խախտում դրանք։ Այլ կերպ ասած՝ այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին։

Այն դրվագը, որին պետք է անդրադանռամ, ֆիքսել էի դեռևս նախընտրական շրջանում, սակայն կաշկանդված լինելով ընտրական հանձնաժողովականի մանդատով, չէի կարող հրապարակային խոսել։

Խոսքը վերաբերվում է բակային մորթին, որի մասին կառավարության նիստերին Նիկոլն անձամբ տասնյակ անգամներ խոսել է՝ դատապարտելով, անթույլատրելի համարելով այն։ Նա շարունակ խոսել է այն մասին, որ պետությունը միլիոնավոր դրամներ է ծախսել սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ պայմաններով ապահովման համար, դժգոհել է, որ գյուղացիները չեն օգտվում այդ հնարավորություններից և շարունակում են անասուն մորթել բակերում՝ հակասանիտարական պայմաններում։ Եղել են նաև դեպքեր, երբ տուգանվել են սպանդանոցների պատասխանատուները, իսկ համայնքների ղեկավարները նկատողություններ են ստացել ոլորտը պատշաճ չվերահսկելու համար։

Թվում է՝ ամեն ինչ տրամաբանական է. եթե կան օրենք ու սահմանված կարգ, դրանք պետք է պահպանվեն։ Բայց Փաշինյանը հերթական անգամ ցույց տվեց, որ իր պատկերացմամբ այդ կանոնները բոլորի համար են, բացի իրենից։

Բոլորս հիշում ենք Իջևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած տեսարանը, երբ Փաշինյանը, ակնհայտ ոգևորությամբ, էյֆորիկ էնտուզիազմով ինչպիսի հմտությամբ էր խոզի կաշին հանում։ Անկախ նրանից, թե կենդանին որտեղ էր մորթվել, ամբողջ տեսարանը բացահայտ հակասում էր այն քարոզչությանը, որը նա տարիներ շարունակ վարել էր բակային մորթի դեմ։

Սա հերթական անգամ ապացուցում է, որ Նիկոլի կառավարման ամենահաստատուն սկզբունքը մեկն այն է, որ օրենքը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իրեն։ Իսկ դրանից հետո սկսվում են բացառությունները, արդարացումներն ու դրանք գեղեցիկ շրջանցելու իմիտացիաները։

Հ․գ․ Ի դեպ, երեկ էլ իր ասուլիսին կարմիր լույսի տակ չկանգնելու հետ կապված նշում էր, թե ինքը դրա հետ կապ չունի՝ դա արվում է անվտանգային նկատառումներից ելնելով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930