Իրանը պետք է ապացուցելի և վերջնական քայլերով դադարեցնի իր միջուկային ծրագիրը. Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իրանի միջուկային հավակնությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
«Իրանը պետք է ապացուցելի և վերջնական քայլերով դադարեցնի իր միջուկային ծրագիրը»,-ասել է նա:
Ներկայացնում ենք նրա մյուս հայտարարությունները.
- Իսրայելի և ողջ տարածաշրջանի անվտանգությունը պետք է երաշխավորվի, այլապես այստեղ երբեք խաղաղություն չի հաստատվի:
- Այսօր մենք մասնակցում ենք նոր աշխարհակարգի ձևավորմանը, որտեղ Եվրոպան պետք է ունենա իր ուրույն ու ազդեցիկ դիրքը՝ շարունակելով մնալ աշխարհում ազատության, բարգավաճման, խաղաղության ու ժողովրդավարության առաջամարտիկը:
- Ուկրաինան պաշտպանում է ոչ միայն իր քաղաքացիներին ու սեփական ազատությունը, այլև հենց մե՛ր ազատությունը: Այն պայքարում է ողջ Եվրոպայի ազատության ու անվտանգության համար, քանի որ Ուկրաինան Եվրոպայի անբաժանելի մասն է: Ուստի, երկարաժամկետ հեռանկարում այն պետք է անդամակցի նաև Եվրոպական միությանը:
- Միգրացիոն քաղաքականության արմատական փոփոխությունն արդեն մեկնարկել է թե՛ ազգային, թե՛ համաեվրոպական մակարդակներում: Մենք տեսնում ենք դեպի Գերմանիա և ընդհանուր առմամբ Եվրոպա անօրինական ներգաղթյալների հոսքի հստակ նվազում: Այս միտումը կպահպանվի, եթե Ապաստանի տրամադրման համաեվրոպական համակարգի բարեփոխումներն արդյունավետորեն կյանքի կոչվեն ԵՄ բոլոր անդամ երկրներում:

