Ընտանիքները պատրաստ են, բայց Բաքուն թույլ չի տալիս. պետական աջակցություն պետք է լինի. Սիրանուշ Սահակյան

Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ընտանիքների բազմաթիվ անդամներ, չնայած սպառնալիքներին և անվտանգային խնդիրներին, պատրաստ են մեկնել Բաքու և տեսակցել իրենց հարազատին, սակայն հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում սա անհնար է կազմակերպել առանց պետական մակարդակում երկխոսության և երաշխիքների։ Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած մամուլի, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների մասին «Հայաստանի ձայները» կոնֆերանսում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նշեց, որ խոսքը վերաբերում է, մասնավորապես, վիզաների ստացման և անվտանգ սահմանահատման գործընթացներին։
«Եթե չլինի պետական աջակցությունը, ինքնուրույն միջոցներով ընտանիքների անդամները չեն կարող գտնվել Բաքվում»,- ասաց Սահակյանը։

Նա շեշտեց՝ խնդրի մասին հրապարակային բարձրաձայնվել է, սակայն դրական պատասխան դեռ չկա։ Որպես համեմատություն մատնանշեց Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների փոխայցելությունները, երբ պետական մակարդակում երկխոսությունը հնարավոր է դարձրել դա։
«Կարծում ենք՝ այս մոդելը պետք է գործարկվի նաև ընտանիքների իրավունքների իրացումն ապահովելու համար։ Արձագանք չկա, բայց այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մեզ համար շատ կարևոր է տեսնել հենց ՀՀ իշխանությունների արձագանքը»,- ասաց Սահակյանը։
Սահմանափակված է նաև անկախ փաստաբանների հասանելիությունը, որևէ օտարերկրյա փաստաբան հնարավորություն չի ունեցել կապի որևէ միջոցով առ այսօր իր գործը քննարկել Բաքվում պահվող պատանդների հետ, նրանք ևս զրկված են եղել այցելություն ունենալու հնարավորությունից։

«ՀՀ-ն իր քաղաքացիներին միայնակ է թողել օտարերկրյա պետության փակ հաստատությունում, ընդ որում՝ մի պետության, որտեղ ձևավորվել է հայատյացություն, խտրականության պետական քաղաքականություն` չիրականացնելով հյուպատոսական այցելության իրավունքը։ Սա ոչ թե մի ինստիտուտ է, որը ենթադրում է բանակցություն, պայմանավորվածություն, այլ ՀՀ-ի համար երաշխավորված իրավունք է՝ տեսակցել իր քաղաքացիներին և այդ շրջանակում տրամադրել հյուպատոսական աջակցություն»,- նշեց Սահակյանը։

Կարդացեք նաև

Օրինակ, եթե հյուպատոսական այցի շրջանակում պարզվում է, որ օտարերկրյա պետությունը, այս դեպքում՝ Ադրբեջանը, խախտում է քաղաքացիների փաստաբան ունենալու իրավունքը կամ կան վնասվածքներ և չեն ապահովվում անկախ բուժզննման հնարավորությունը, այս դեպքում կա հնարավորություն դիվանագիտական խողովակներով բարձրաձայնելու խնդրի մասին ու հասնելու դրա լուծմանը։ Սահակյանը նշեց՝ առ այսօր Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տեսակցել Բաքվում պահվող պատանդներին այնպիսի իրողության պայմաններում, երբ նրանք զրկված են անկախ վերահսկողական մեխանիզմներից։
Սահակյանի խոսքով՝ Բաքվում գտնվող հայ պատանդներին տեսակցելու իրավունքից Հայաստանի Հանրապետությունը կարող է օգտվել նաև միջնորդավորված․ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում դա հնարավոր է իրականացնել Բաքվում հավատարմագրված չեզոք երկրի դիվանագիտական կառույցի միջոցով։ Օրինակ, որպես այդպիսին կարելի է դիտարկել Շվեյցարիան, սկանդինավյան երկրները։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ իրենք պաշտոնապես դիմել են այս երկրներին, ստացել դրական պատասխան, որ իրենք պատրաստ են հանձնառել այս այցելությունները՝ պայմանով, որ ՀՀ-ն օգտվի իր սուվերեն իրավունքից։
Ամփոփելով խոսքը՝ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ 2026թ․ փետրվարյան ադրբեջանական դատավարությունների առնչությամբ Հայաստանի Հանրապետությունը չի իրականացնելու այնպիսի գործընթացներ, որոնցով հնարավոր կլինի ապալեգիտիմացնել այս դատավարությունների իրավաքաղաքական հետևանքները։ Փոխարենը դրական լուրն այն է, որ ընտանիքները պատրաստ են կրել այս բեռն ու պատասխանատվությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031