Հայերի ոչնչացման ծրագիրն 1-ին անգամ քննարկվել է 1890թ. և իրականացվել է 30 տարում. Հայոց ցեղասպանության 4 փուլ է եղել. Հովիկ Գրիգորյան

«Դասեր» հաղորդաշարում պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Հայոց պատմության» ամբիոնի դոցենտ Հովիկ Գրիգորյանն անդրադարձավ նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրականացման թուրքական ծրագրին, պատճառներին ու հետևանքներին, պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի կորստին:

«Հայոց ցեղասպանությունն ընդգրկուն ժամանակահատված է եղել, և Մեծ եղեռնը դրա դաժան, սակայն ընդամենը մեկ հատվածն էր: Օսմանյան կայսրությունը, որն ապրում էր իր վերջին շրջանը, ուներ կայսրությունը պահպանելու խնդիր, իսկ դրա եղանակը պետության միատարրությունն էր: Հայերի ոչնչացման ծրագիրն առաջին անգամ քննարկվել է 1890թ. հուլիսի 15-ին Կոստանդնուպոլսի Գում Գափու թաղամասում տեղի ունեցած հայտնի Գում-Գափուի ցույցից հետո, երբ Սուլթանի պալատում դրվել է հայերի վերացման հարցը: Դրանից հետո սուլթան Համիդը ստեղծեց իր աբդուլհամիդյան պանիսլամիզմի մոդելը, որի հիմքում ընկած էր քրիստոնյա հայերին ոչնչացնելու ծրագիրը՝ 300.000 զոհ, 100.000 ձուլված հայեր, 300.000 տարագիրներ… Սա առաջին փուլն էր: Հաջորդ փուլում Կիլիկիայի կոտորածներն էին, որին զոհ դարձան 30.000 հայեր: Իհարկե, այդտեղ կար թուրքական պետության միջամտությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Գում Գափուի ցույցը (1890թ. հուլիսի 15) Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կողմից Կ.Պոլսում կազմակերպված առաջին զանգվածային բողոքի ակցիան էր։ Նպատակն էր եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա և պահանջել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի իրագործումը։ Ցույցը դաժանորեն ճնշվել է թուրքական իշխանությունների կողմից։ Այդ թաղամասում էր գտնվում Հայոց պատրիարքարանը։

Վերջինս խոսեց նաև պատմական վկայությունների մասին առ այն, որ երիտթուրքական կառավարությունն է իրականացրել Հայոց ցեղասպանության ամենադաժան փուլը:

Կարդացեք նաև

«Հակոբ Պապիկյանը թուրքական մեջլիսի հայազգի պատգամավոր էր, իթթիհատական, որն ավելի թուրքասեր էր, քան իրենք՝ թուրքերը: Կիլիկիայի ջարդերից հետո, երբ մեծ դժգոհություն եղավ, թուրքական մեջլիսի հանձնաժողով ուղարկեցին Կիլիկիա՝ քննելու այդ իրադարձությունները: 4 հոգի էին. երկու հայ՝ Հակոբ Պապիկյան և Հովհաննես Մոստիշյան, և երկու մահմեդական: Երբ հասան Կիլիկիա, ազնիվ գտնվեց, և հետվերադարձին հայտնեց ճշմարտությունը՝ ասելով, որ այդ դեպքերին մասնակցություն են ունեցել Իթթիհատի տեղական կազմակերպության անդամները՝ հաստատելով երիտթուրքերի անմիջական մասնակցությունը: Մեջլիսում 1909-ի Ադանայի ջարդերի տեղեկագիրը ներկայացնելու նախօրեին Հակոբ Պապիկյանն անհասկանալի հանգամանքներում մահացավ, բայց տեղեկագիրը կա: Սա Հայոց ցեղասպանության 2-րդ փուլն է: 3-րդ փուլը Մեծ եղեռնն է, ամենածանր փուլը, որին զոհ գնաց 1.5 միլիոն հայ»,- ասաց Հովիկ Գրիգորյանը:

Վերջինս կրկին շեշտեց՝ հայերի ոչնչացման ծրագիրը հստակ ուրվագծվել է արդեն 1910-12 թվականներին:

«Այդ ժամանակ Իթթիհատը շատ արագ անցում կատարեց համաթուրքականությանը՝ պանթուրքիզմին: Իսկ որ Սալոնիկի ժողովներում հստակ քննարկվել է հայկական տարրը ոչնչացնելու խնդիրը, բազմաթիվ վկայություններ կան: Որպես առաջին փուլ՝ Արևմտյան Հայաստանի հայերի կոտորածն էր, հաջորդը կլիներ օղուզականությունը, որը ներառում է արևելահայության բնաջնջումը, և վերջինը՝ պանթուրքիզմ: Հայաստանն այսօր էլ է խոչընդոտ, և այդ խոչընդոտը վերացնելու տարբեր ծրագրեր են մշակվում: Թուրքիայի ծրագրերում ոչինչ չի փոխվել»,- ասաց պատմաբանը:

(Պանթուրքիզմ-թուրքալեզու ժողովուրդների ազգային, ռասայական գաղափարախոսությունն է: Այդ գաղափարախոսության նպատակը եղել է Ադրիատիկ ծովից մինչև Չինաստան թուրքալեզու ժողովուրդների համախմբումը մի պետական միավորման մեջ: 

Պանթուքիզմը պետք է կենսագործվի 3 փուլով. 

1-ին փուլ. Պանթուրքիզմի գաղափարախոսությունը կարող է իրականացվել միայն ուժեղ Թուրքիայի միջոցով, որին հասնելու համար հարկավոր էր թրքացնել կամ ոչնչացնել կայսրության (հետագայում՝ պետության) մյուս ոչ թուրք ժողովուրդներին: 

2-րդ փուլ. Օղուզականություն: Թուրքիան, Ադրբեջանը և Իրանի հյուսիսային շրջանները պետք է միավորվեն մեկ պետության մեջ: 

3-րդ փուլ. Վերը նշված խնդիրները հաջողությամբ կատարելուց հետո միայն Թուրքիան պետք է սկսի Մեծ Թուրանի (պանթուրանիզմ) ստեղծումը: Այն պետք է տարածվի Միջերկրական ծովից մինչև Խաղաղ օվկիանոս, Չինաստանից մինչև Հյուսիսային Կովկաս):

«Սա դեռ ամենը չէ: Մենք ունենք Հայերի ցեղասպանության 4-րդ փուլ, որը ներառում է 1918-1920 թթ. արևելահայերի ոչնչացումը, երբ թուրքական բանակը ներխուժեց Արևելյան Հայաստան, ինչին զոհ գնացին հարյուր-հազարավոր հայեր: Այս փուլն առնչվում է քեմալականների հետ, այսօրվա Հանրապետական Թուրքիայի հիմնադիրների հետ: Այսօրվա Թուրքիայի հայրերը շարունակում են Հայոց ցեղասպանությունը:

Էրդողանը շարունակում է Մուստաֆա Քեմալի գիծը, իսկ Մուստաֆա Քեմալը, բացի 1.5 միլիոնից, վերացրել է ևս 200-300 000 հայ: Կան նաև Զմյուռնիայի հայերի կոտորածը, պոլսահայերի ու կիլիկիահայերի ոչնչացումները նույն քեմալականների ձեռքով: Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում իրականացվել է ավելի քան 30 տարի: Մենք քննարկում ենք հաճախ Ցեղասպանության 3-րդ փուլի՝ առանցքային Մեծ եղեռնի շրջանը, երբ հայերը հայրենազրկվեցին, բայց Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք բոլոր 4 փուլերի զոհերին»,- ասաց Հովիկ Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031