Հայաստանն ու Վրաստանը՝ «Միջին միջանցքի» ճանապարհներին․ Ամերիկան հետաքրքրված չէ՞ Անակլիա նավահանգստով
Հայաստանի վարչապետը կողմ է ոչ միայն իր երկրի, այլև հարևան Վրաստանի եվրոպական ուղեծրին, ինչի մասին Ստրասբուրգում մանրամասն պատմել է Եվրախորհրդարանի պատգամավորներին: Նրա խոսքով՝ Հայաստանի եվրաինտեգրման հիմնական խոչընդոտն այս պահին Եվրամիության և Վրաստանի միջև երկխոսության սառեցումն է: Վրաստանը Հայաստանի համար ճանապարհ է դեպի Եվրամիություն` ոչ միայն աշխարհագրական, այլև քաղաքական իմաստով։
«Հայաստանի խորհրդարանն ընդունել է ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքն այն բանից հետո, երբ Վրաստանը ստացել է Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, ինչը Հայաստանի համար նման հեռանկարներն «ավելի շոշափելի» է դարձրել, և «այդ պատճառով ակնկալում ենք, որ Եվրամիության և Վրաստանի միջև կառուցողական երկխոսություն կվերականգնվի: Ակնկալում ենք՝ Վրաստանի և Եվրամիության միջև կառուցողական երկխոսությունը կվերականգնվի»: Դա կարևոր է՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ՝ Հայաստանի համար»։
«Վարչաբենդ» խմբի թմբկահարը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ վստահեցրել է՝ Հայաստանը կշարունակի իր չափանիշներն ու օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ աշխատանքները։ Հավանական է՝ Երևան-Թբիլիսի-Բրյուսել քաղաքա-աշխարհագրական միանգամայն ակնհայտ «փոխհամաձայնությունը» ժամանակին դրսից չի հուշվել…
Թբիլիսցի բլոգեր-պրոպագանդիստ Գելա Վասաձեի խոսքով՝ արևմտամետ Հայաստանը «ոչ միայն Բենիլյուքսի, այլև ցանկացած քաղաքական գործչի երազանքն է։ Արձանագրում ենք՝ ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացի համար Հայաստանը Վրաստանին պետք չէ։ Իսկ ահա ԵՄ-ի հետ լոգիստիկայի զարգացման համար Վրաստանին պետք է, և նույնիսկ շատ։ Հատկապես Հյուսիս-Հարավ միջանցքի համատեքստում` հաշվի առնելով նաև վերականգնման միանգամայն իրական հեռանկարը (35 տարվա ընդմիջումից հետո՝ 1991-ից)՝ Իրանի հետ երկաթուղային հաղորդակցություն հարևան Նախիջևանով։ Պատժամիջոցների տակ գտնվող վրացական նավահանգիստները զգալիորեն կնվազեցնեն Հայաստանի դերը Հարավային Կովկասի լոգիստիկ տարածաշրջանում։ Ինչ-որ մեկը հիմա կմտածի՝ ինչի՞ մասին է գրում, ի՞նչ Իրան, ի՞նչ է կատարվում այնտեղ։ Այն, ինչ կատարվում է, վաղ թե ուշ կավարտվի»։
Վրաստանով և Հայաստանով տարանցիկ երթուղիներով հետաքրքրված են նաև Եվրամիությունը. օրինակ` տրանսսևծովյան լաստանավերի բեռնումները Վրաստանի հիմնական նավահանգիստների (Փոթի, Բաթումի) և Բուլղարիա-Ռումինիա նավահանգիստների և մոլդովական Դանուբի Ջուրգյուլեշտի նավահանգստի միջև ամենևին չեն նվազել 2022 թվականից ի վեր, ինչը ոչ պակաս պայմանավորված է Սևծովյան տարանցմամբ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պիտեր Անդրեոլիի անսպասելի այցն Անակլիա գրավել է հանրության հետաքրքրությունը՝ Ռուսաստանի կողմից որպես անկախ պետություն ճանաչված Աբխազիայի Հանրապետության սահմանների մոտ այնտեղի խորջրյա նավահանգստի կառուցման երկարատև թեմայի նկատմամբ:
Ձգտելով կապեր հաստատել Թրամփի վարչակազմի հետ՝ «Վրացական երազանքի» կառավարությունը վերջին ամիսներին չի մեկնաբանել Անակլիայի թեման, հատկապես չինական պետական ընկերության կողմից համապատասխան մրցույթի արդյունքում բաժնետոմսերի 49 տոկոսը ձեռք բերելուց հետո:
«Ընդհանուր առմամբ, առաջին փուլում կներդրվի 600 միլիոն դոլար, և դրա ավարտից հետո նավահանգիստը տարեկան կսպասարկի ավելի քան 600.000 կոնտեյներ: Սա նշանակում է՝ մինչև 2029 թվականը Սևծովյան նավահանգիստն ամբողջությամբ կվերագործարկվի: Սա շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է, որը պետք է իրականացվի առաջիկա ժամկետներում։ Դա կարևոր է երկրի համար՝ որպես ամբողջություն, և հատկապես՝ Սամեգրելո տարածաշրջանի համար»:
Հեռանկարային նախագիծը կոչված է «Միջին միջանցքով» բեռնափոխադրումներն ավելի արդյունավետ դարձնել, հայտարարել է բելգիական Jan De Nul տրանսպորտային-շինարարական ընկերության վրացական մասնաճյուղի տնօրեն Թիմ Դևոլդերը:
Անակլիայում այս նավահանգստի շինարարությունը սկսվել է 2024 թվականի սեպտեմբերին` Եվրահանձնաժողովի տրանսպորտային կոմիտեի հավանությամբ։ Առաջին փուլում (2024-2026թթ.) պլանավորվել են նավահանգստի ջրատարածքի հողահանումը և ալիքահատի կառուցում-փորձարկումը։ Պայմանագրի համաձայն` նախագծի աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն 3 տարվա ընթացքում` 2027 թվականի աշնանը։ Անակլիայից նախատեսվում են լրացուցիչ լաստանավեր դեպի Բուլղարիա, Ռումինիա և լաստանավ դեպի Ռումինա-ուկրաինական Դանուբի դելտա:
Ի սկզբանե նախագծին աջակցում էր նաև Ամերիկան։ Ամերիկացի փորձագետ Ֆրեդերիկ Սթարը նշում է՝ Անակլիան կլինի «միակ խորը ծովային նավահանգիստը Բոսֆորից արևելք, որը կարող է ընդունել «Պանամաքս» տիպի նավեր: Այնուհետև Անակլիայից բեռների տեղափոխումը կարող է շարունակվել Դանուբյան համակարգ կամ գնացքով դեպի կենտրոնական կամ Հարավային Եվրոպայի ցանկացած կետ (Թուրքիայի միջոցով), կամ նրանք կարող են ուղղակիորեն անցնել Միջերկրական ծով և դրանից դուրս»: Այնուհետև, «սկսվի Anaklia city-ի շինարարությունը, որը կոչված է դառնալու ազատ առևտրի գոտի և տարածաշրջանային առևտրային կենտրոն, որը սպասարկում է Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, ռուսական Կովկասը և Հյուսիս-Արևելյան Թուրքիան»:

Այնուամենայնիվ, այս հավակնոտ ծրագրերի իրականացման վրա կարող է ազդել տարածաշրջանում անկայուն ռազմաքաղաքական իրավիճակը, և Թրամփի վարչակազմի շահն այլևս ակնհայտ չէ: Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության շրջանակը պետք է հագեցած լինի բովանդակությամբ, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, որի խոսքերով՝ «ԱՄՆ պետքարտուղարի և Վրաստանի վարչապետի միջր կարճատև զրույցը վկայում է այն մասին, որ երկրների և կառավարությունների միջև հարաբերությունները հասել են բարձր քաղաքական մակարդակի: Մենք ակնկալում ենք, որ այժմ կգտնվի կոնկրետ լուծում, թե ինչպես պետք է կառուցվի Վրաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերությունը»։ Պապուաշվիլիի խոսքով՝ ապրիլին սպասվում են Վաշինգտոնի հետ հարաբերությունների «վերբեռնման» հաջորդ քայլերը.
«Վերջերս մենք տեսել ենք տարբեր մակարդակի և բովանդակության այցելությունների աճ: Նպատակը պաշտոնական ռազմավարական գործընկերության վերականգնումը չէ, այլ Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ շահերի վրա հիմնված գործընկերության հաստատումը: Նպատակը ոչ թե ֆորմալ ռազմավարական գործընկերության վերականգնումն է, այլ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ շահերի վրա հիմնված գործընկերության գոյությունը: Ռազմավարական գործընկերությունը` որպես հարաբերությունների ձևական շրջանակ, մեզ էպիտետի համար պետք չէ, քանի որ այն նախկինում բովանդակությամբ չէր լցված»։ Խոսելով Անակլիայի նավահանգստի մասին` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ նավահանգիստը պետք է գործի Վրաստանի ազգային շահերին համապատասխան.
«Ցավոք, մենք չկարողացանք առաջացնել ամերիկացի ներդրողների հետաքրքրությունը: Վրացական կողմը միտումնավոր փորձում է ներգրավել ոչ միայն ներդրողներին, այլև ԱՄՆ կառավարությանը, որպեսզի նրանք ներգրավեն իրենց բիզնես հատվածը՝ հետաքրքրություն ցուցաբերելով Անակլիայի նավահանգստի նկատմամբ: ԱՄՆ-ը շահագրգռված է Սև ծովում ներդրումներ կատարելու մեջ։ Ցանկացած ներդրում ողջունելի է, եթե այն ծառայում է մեր ազգային շահերին։ Ցավոք, մինչ այժմ, ինչպես հրապարակային, այնպես էլ փակ դռների հետևում, երբ բանակցություններ էին ընթանում, հետաքրքրությունը մեծ չէր»։
Մինչդեռ ապրիլի 6-ին Թբիլիսի էր այցելել Ալիևը, իսկ արդեն հաջորդ օրը Վրաստանի և Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Թբիլիսիում քննարկել էին երկու պետությունների համագործակցության մակարդակը ռազմավարական մակարդակի հասցնելու հարցը: Վրաստանի ԱԳՆ-ում հայտարարել են՝ «հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցությանը «Միջին միջանցքի» զարգացման շրջանակներում:
«Վրաստանը չափազանց կարևոր է Կենտրոնական Ասիայի երկրների համար, և այդ առումով հատուկ դեր են խաղում Սև ծովի վրացական նավահանգիստները»,- ասել է Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Ալեքսեյ Բալիև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



