Ռեսուրսային պաշարները և Իրանի վերահսկողությունը հյուսիսից. ԱՄՆ երկրաբանական ծառայությունն հայացքն ուղղել է Սյունիքի հանքավայրերի վրա
Նախանշված են Հայաստանում ԱՄՆ-ի առաջնահերթությունները
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը վերջերս ՏԱՍՍ գործակալությանը տված մանրամասն հարցազրույցում, մասնավորապես, առարկայական բնութագիր է տվել Հայաստանի Սյունիքի մարզով Արաքսի Հյուսիսային ափով Ադրբեջանի հիմնական տարածքի, Նախիջևանի ինքնավարության և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման վաղեմի նախագծին:
«Բաքվի տեսանկյունից «Զանգեզուրի միջանցքը» կարևոր է երկրի երկու հատվածների կապի վերականգնման, Թուրքիայի հետ ուղիղ հաղորդակցության բացման և Ադրբեջանի՝ որպես եվրասիական տրանսպորտային-լոգիստիկ խաչմերուկ, զարգացման համար։ Վաշինգտոնի համար «Թրամփի երթուղին» միջազգային տրանսպորտային միջանցք է, որն ապահովում է Կենտրոնական Ասիայից ԱՄՆ կրիտիկական օգտակար հանածոների արտահանումը, ինչպես նաև վերահսկում է Իրանի հյուսիսային սահմանը:
Մոսկվայի համար Մեղրիով անցնող ճանապարհը ԵԱՏՄ անդամ մեկ այլ պետության՝ Հայաստանի հետ տրանսպորտային կապի բարելավման, ինչպես նաև Իրանի և Թուրքիայի շուկաների հասանելիության բարելավման հնարավորություն է: Թեհրանի համար դա մրցակցային ճանապարհ է և սպառնալիք ԱՄՆ-ի կողմից: Անկարայի համար սա ամենահարմար ելքն է դեպի Ադրբեջան և Միջին Ասիայի պետություններ: Երևանի համար Մեղրիի հատվածը հնարավորություն է ապաշրջափակելու երկիրը, իրացնելու իր աշխարհագրական դիրքի առավելությունները և լրացուցիչ խթան հաղորդելու սեփական տնտեսության զարգացմանը: Մեր և Հայաստանի շահերն այս հարցում համընկնում են:
Դրա հետ մեկտեղ՝ «պրոֆեսիոնալ միջազգայնագետների համար հասկանալի է՝ օտարների մուտքը Հարավային Կովկաս կխախտի այնտեղ ստեղծված անվտանգության հավասարակշռությունը: ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը ցույց է տալիս, թե որքան արագ են այդ իրադարձությունների մեջ ներքաշվում տարածաշրջանի բոլոր երկրները, որոնք երբեք չեն մտածել, որ այդ իրադարձությունները կարող են ազդեցություն ունենալ իրենց վրա:
Նախիջևանի տարածքին դրոնների հարվածներն անմիջապես ազդել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումների վրա և վստահություն չներշնչեցին Մեղրիի հատվածի վերականգնման մեջ ներդրումներ կատարել ցանկացող ներդրողների շրջանում։ Իրականում մեր երկրի հետ համագործակցությունը դադարեցնելու իր որոշման պատճառով Հայաստանը ստացել է նոր, շատ լուրջ սպառնալիքներ, որոնք նախկինում չի ունեցել»:

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում ՀՀ ԱԳ նախարարը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն համատեղ հայտարարություն էին տարածել «Թրամփի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) հայ-ադրբեջանական ծրագրի շրջանակներում և իրականացման վերաբերյալ:
Փաստաթուղթը նախատեսում է Հայաստանի տարածքով «մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության» ձևավորման մեխանիզմի գործարկում՝ ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի միացումը Նախիջևանի ինքնավարությանը նույն Մեղրիի հատվածով և ամբողջ միջանցքի ինտեգրումը ենթադրվող Տրանսկասպյան տրանսպորտային երթուղուն: ԱՄՆ-ի մասնաբաժինը ենթադրյալ TRIPP Development Company-ում կկազմի 74 տոկոս, մինչդեռ Հայաստանին կմնա ընդամենը 26 տոկոս:

Հայաստանի բնական պաշարների նկատմամբ գաղութային հետաքրքրությունը հերթական անգամ նշել է Երևանում ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը, որը մանրամասն ներկայացրել է Սպիտակ տան քաղաքականության էությունը… «ԱՄՆ-ը և Հայաստանը ակտիվորեն քննարկում և ընդլայնում են համագործակցությունը հանքարդյունաբերության և երկրաբանական հետախուզման ոլորտում: Մեր ընդհանուր նպատակն է՝ ստեղծել մի արդյունաբերություն, որը կգրավի պատասխանատու ներդրումներ: ԱՄՆ-ը ցույց է տալիս, որ Հայաստանի երկրաբանական և հանքարդյունաբերության ոլորտները գրավում են լուրջ երկարաժամկետ գործընկերների։ Ամերիկյան ընկերությունները բերում են առաջադեմ տեխնոլոգիաներ, բարձր չափանիշներ և թափանցիկության ու հաշվետվողականության հանձնառություն: Զարմանալի չէ, որ ԱՄՆ-ը Հայաստանի երկրաբանական և լեռնահանքային ներուժը դիտարկում է որպես ռազմավարական ակտիվ:
Թափանցիկ և կայուն զարգացման դեպքում այն կարող է խթանել տնտեսական աճը, պահպանել տարածաշրջանային կայունությունը և հնարավորություններ ստեղծել ապագա սերունդների համար: Մենք պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին:
Պետությունները պատրաստ են կիսվել իրենց փորձով «այնպիսի հաստատությունների միջոցով, ինչպիսիք են ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը և ԱՄՆ կառավարության և ակադեմիայի այլ գործընկերներ», որոնք պատրաստ են «ուսումնասիրել երկրաբանական քարտեզագրման և տվյալների, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև շրջակա միջավայրի և սոցիալական լավագույն փորձի համագործակցության հնարավորությունները… (նախկինում) մեր կառավարությունների միջև արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել այս հարցերի շուրջ: Հայաստանի երկրաբանների համար ձեր աշխատանքը որոշում է լուծումներ ենթակառուցվածքների, էներգետիկայի, ջրային և հանքային ռեսուրսների ոլորտներում»:
Ըստ առկա տեղեկատվության՝ 2025-ի նոյեմբերի կեսերին Երևանում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուկերը քննարկել է Հայաստանի հարավում ԱՄՆ-ի կողմից օգտակար հանածոների հանքավայրերի ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ յուրացման տարբերակները (ենթադրվող երկարաժամկետ կոնցեսիայի շրջանակներում): Չնայած հանրապետության փոքր տարածքին՝ «հազվագյուտ հողերի» և հարակից հումքի հետախուզված պաշարներով Հայկական ԽՍՀ-ն զբաղեցնում էր Խորհրդային Միության առաջատար տեղերից մեկը: Խորհրդային տարիներին Սյունիքում և մի շարք այլ վայրերում ուրանի պաշարներ են հայտնաբերվել, բայց արդյունահանմանը, մի շարք հանգամանքներից ելնելով, գործն այդպես էլ չհասավ: Երկրաբանական ծառայության կողմից մեծ հետաքրքրությունից բացի, ուրանի հնարավոր մշակումների թեման կարող էր դիտարկվել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցի ընթացքում:

Չի բացառվում, որ ամերիկացի գործընկերները կարող էին հետաքրքրվել Լիճքվազ-թեյի և Տերտերասարի համալիր հանքավայրերով: Դրանցից առաջինը գտնվում է Մեղրի քաղաքից 10-12 կմ հյուսիս-արևմուտք, որն ապագա «Թրամփի» ճանապարհի աշխարհագրական կենտրոնն է: Մոտակայքում է գտնվում նաև Տերտերասարի հանքավայրը, որը, ըստ խորհրդային երկրաբանների 1980-ականների վերջին արված դիտարկումների՝ Լիճքվազ-թեյի անմիջական շարունակությունն է՝ շատ նման երկրաբանական և հանքաքարի կառուցվածքով: 2011 թվականի վերջին, պաշտոնական տվյալների համաձայն, երկու հանքավայրերի ընդհանուր պաշարներն են` մոլիբդեն և խառը հանքաքար՝ 3.755 միլիոն տոննա, պղինձ՝ 15.499 հազար տոննա, ոսկի՝ 20947.59 կգ, արծաթ՝ 135.1 տոննա, սելեն՝ 19.2769 տոննա, թելուր՝ 31.73 տոննա, բիսմութ՝ 1434.548 տոննա, կադմիում՝ 823.47 տոննա, մկնդեղ՝ 11815.62 տոննա, կապար՝ 19336.6 տոննա, ցինկ՝ 30431.5 տոննա, գալիում՝ 22.035 կգ (Տես՝ «Հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության հեռանկարները և զարգացման ուղիները Հայաստանի Հանրապետությունում», ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, 2011թ.)

Ռուսական Polymetal պարբերականի գնահատմամբ՝ Լիճքվազ-թեյի հանքավայրի հուսալի ռեսուրսները 2020-ականների սկզբին կազմել են մոտ 13,4 տոննա ոսկի, մոտ 59 տոննա արծաթ և 15,9 հազար տոննա պղինձ (կանխատեսվող ռեսուրսները՝ 15-25%-ով ավելի): Իսկ այստեղի արդյունահանման և հանքաքարային մատակարարումների ծավալները (ինչպես հարևան Տերտերասարի հանքավայրում) նախկինի պես ուրվագծային են: Այնուամենայնիվ, որոշ բանիմաց վերլուծաբաններ չեն բացառում, որ տվյալների այս «հատվածականությունը» կարող էր համաձայնեցվել ԱՄՆ Երկրաբանական ծառայության հետ:
Բացի վերոնշյալներից, միջնաժամկետ հեռանկարում չի բացառվում Մեղրասարի ոսկու, Հարությունաձորի, Մարջանի, Ազատեկի ոսկու բազմամետաղային, Գլաձորի բազմամետաղային, Կապանի և Վայքի պղնձի, Հրազդանի և Աբովյանի երկաթի հանքավայրերի արդյունաբերական յուրացումը: Շուրջ երկու տասնամյակ Հայաստանում չեն իրականացվել երկրաֆիզիկական, երկրաքիմիական, քարտեզագրական և այլ մեթոդների կիրառմամբ համակարգային երկրաբանական ուսումնասիրություններ, որոնողական և որոնողագնահատման աշխատանքներ: Առանց այդ աշխատանքների իրականացման, մի քանի տարի անց սպառվում են բազմաթիվ օգտակար հանածոների հետախուզական պաշարները (Ա.Հովհաննիսյան Պետական կառավարման համակարգի կատարելագործման ուղիները ՀՀ ընդերքօգտագործման բնագավառում/ Բանբեր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի. բեհ 3 (102), Երևան 1999 թ., էջ 108-109 Մետաղագործություն, Նյութագիտություն, ընդերքօգտագործում: 2020. № 1):
Ավելի վաղ ենթադրություններ էին արվում, որ «Թրամփյան» երթուղին, ի թիվս այլ բաների, կարող էին լրացնել նաև Հայաստանի խոշորագույն հարկատուից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից մատակարարումները: 2024 թվականին Հայաստանից արտահանվել է 342 հազար տոննա պղնձի խտանյութ (558 մլն դոլար), ընդ որում՝ 78% (կամ 435 մլն դոլար) բաժին ընկավ Չինաստանին։ Դրա հետ մեկտեղ՝ սրվող աշխարհաքաղաքական մրցակցությունը, Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիան և ռուս-հայկական հարաբերությունների բացասական միտումները հարցականի տակ են դնում նախկինում լայնորեն գովազդված անդրսահմանային տրանսպորտային նախագծերի իրականացումը:
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



