Որքան շատ է Իրանը ճնշվում Արևմուտքի կողմից, այնքան ավելի զգայուն է դառնում Հայաստանի հետ կապված հարցերում․ Խրամչիխին
Հայաստանի Հանրապետության անմիջական հարևանությամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը դադարեցնելու շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների թեման շարունակում է անորոշ մնալ։ Թրամփի հայտարարություններին զուգահեռ, թե ԱՄՆ-ը ու Իրանը բանակցում են, արդյունքներ կան, արևմտյան ԶԼՄ-ները սկսել էին գրել, թե ԱՄՆ-ն 15 կետանոց առաջարկ է ներկայացրել ԻԻՀ-ին։ Սակայն իրանական լրատվամիջոցներն էլ իրենց հերթին՝ հրապարակել են հակամարտության դադարեցման պայմանները՝ միաժամանակ մերժելով ԱՄՆ-ի կողմից առաջարկված կարգավորման ծրագիրը։
Թեհրանը պահանջում է «ագրեսիայի» ամբողջական դադարեցում, պատերազմի չվերսկսման երաշխիքներ, ռեպարացիաների (փոխհատուցման) վճարում և մարտական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ՝ դիմադրության ուժերը։ Պայմանների թվում է նաև Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության միջազգային ճանաչումը։
Զուգահեռաբար, ըստ «Al Mayadeen»-ի տվյալների, Իրանը տեղեկացրել է Պակիստանին, որ չի կարող ընդունել ամերիկյան 15 կետից բաղկացած ծրագիրը։ Փաստաթուղթը նախատեսում էր երեք առանցքային միջուկային օբյեկտների ապամոնտաժում, ուրանի հարստացումից ամբողջական հրաժարում, հրթիռային ծրագրի կանգնեցում, պրոքսի խմբավորումներին տրվող աջակցության սահմանափակում և Հորմուզի նեղուցի բացում։
«Իրանը կավարտի պատերազմն այն ժամանակ, երբ ինքը որոշի, և երբ իր պայմանները բավարարվեն»,- մեջբերում է «Press TV»-ն բարձրաստիճան աղբյուրի խոսքերը։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում տարբեր խողովակներով, սակայն առաջարկում է պայմաններ, որոնք Թեհրանում համարում են չափազանցված և անիրատեսական։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր վերջին գրառմամբ Truth Social-ում գրել է, որ իրանցի բանակցողները շատ տարօրինակ են։ «Նրանք աղաչում են մեզ համաձայնության գալ, ինչը նրանք պետք է անեին, քանի որ ռազմական առումով ոչնչացվել են, բայց հրապարակավ հայտարարում են, որ միայն դիտարկում են իրենց առաջարկը։ Քանի ուշ չէ, ավելի լավ է՝ լրջանան»,- գրել է Թրամփը։
Եվ մինչ կողմերը միմյանց վերջնագրեր են ներկայացնում առաջարկների տեսքով, պատերազմը շարունակվում է, Հորմուզի միջանցքն արգելափակված է, թիրախավորվում են Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցներն ու Իսրայելը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այսօր տեղեկացրեց, որ Իրանը պատասխան հարվածների 82-րդ ալիքի ընթացքում գրոհել է Բահրեյնում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները։
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Իրանի պահանջները կարող են թվալ առավելապաշտական, սակայն դրանք ունեն հստակ տրամաբանություն։ Իրանը, նրա կարծիքով, պատրաստ չէ ընդունել ԱՄՆ վերջնագրերը, պատերազմը նման հրամայականի առջև Իրանին չի կանգնեցրել։
«ԱՄՆ-ի առաջարկած կետերը Թեհրանը դիտարկում է՝ որպես «կապիտուլյացիա»։ Առանց հրթիռների և միջուկային լծակների Իրանն իրեն զգում է խոցելի։ Իրանը ձգտում է պահպանել դիմադրության առանցքը ռեգիոնում, տնտեսական լծակները, քանի որ Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության պահանջն Իրանի «խաղաքարտն» է համաշխարհային էներգետիկ շուկայի դեմ։ Սա ուղերձ է, որ ցանկացած լայնամասշտաբ պատերազմ կաթվածահար կանի համաշխարհային տնտեսությունը։
Ամերիկյան կողմի բանակցության առաջարկներին Իրանում անվստահությամբ են վերաբերվում և դժվար թե կարողանան այդ առաջարկը հեշտ ընդունել այսքան զարգացումներից հետո, երբ Իրանը կարողացել է նաև դիմադրություն ցույց տալ՝ կրելով լուրջ կորուստներ։ Ուստի հեշտ բանակցություն, առաջարկների ընդունում չի լինելու, ԱՄՆ ղեկավարն էլ իր հերթին՝ փորձում է ցույց տալ, թե իրավիճակը վերահսկում է, ԱՄՆ-ը բանակցում է, ամեն բան իր սցենարով է ընթանում, սակայն դա այդպես չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց վերլուծաբանը։
Խրամչիխինը գտնում է, որ Իրանի և Արևմուտքի միջև լարվածության աճն ուղղակիորեն պրոյեկտվում է Հարավային Կովկասի վրա։
«Իրանի համար Հայաստանով անցնող ճանապարհը դառնում է կենսական միջանցք։ Որքան շատ է Իրանը մեկուսանում կամ ճնշվում Արևմուտքի կողմից, այնքան ավելի զգայուն է դառնում Հայաստանի հետ կապված փոփոխությունների հարցում։ Թեհրանը շահագրգիռ է թույլ չտալ, որ կտրվի իր կապը Հայաստանի հետ։ Իրանի կոշտ դիրքավորումը նշանակում է նաև ավելի մեծ զգոնություն Ադրբեջանի հանդեպ։ Թեհրանը մտավախություն ունի, որ Իսրայելը կարող է օգտագործել Ադրբեջանի տարածքն Իրանին հարվածելու համար։
Սա հանգեցնում է լարվածության աճի, որից խուսափում են, իհարկե, բոլոր կողմերը։ Եթե Իրանը ներքաշվում է մեծ պատերազմի մեջ, տարածաշրջանում կարող է ստեղծվել ուժերի դիսբալանս։ Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդվում են»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի համար նշանակում է մանևրելու չափազանց նեղ դաշտ։
«Մի կողմից՝ Իրանը անվտանգության կարևոր գործոն է, մյուս կողմից՝ Իրանի դեմ պատժամիջոցները, ռազմական գործողությունները փակում են հիմնական տնտեսական զարկերակներից մեկը, որը Հայաստանի երկու փակ սահմանների պարագայում պետք է որ էական գործոն լինի»,- նշեց Խրամչիխինը։



