Թրամփի հնգօրյա էներգետիկ պատերազմի դադարն անցումային փուլ է, այն կարող է զարգանալ տարբեր ուղղություններով. վերլուծաբան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով 24 ժամ առաջ Իրանի Իսլամական Հանրապետությանը Հորմուզի նեղուցն ապաարգելափակելու համար 48 ժամ էր տվել, կարծես նահանջեց իր վերջնագրից:
Թրամփը հայտարարեց՝ հրահանգել է հինգ օրով դադարեցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ռազմական թիրախավորումը: Truth Social-ի իր էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, որ ուրախությամբ տեղեկացնում է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանը վերջին երկու օրվա ընթացքում շատ լավ և արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում թշնամանքի ամբողջական և լիակատար կարգավորման շուրջ: Թրամփը նաև նշել է, որ հրամայել է ԱՄՆ զինված ուժերին 5 օրով հետաձգել երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։
«Հիմնվելով այս խորը, մանրամասն և կառուցողական խոսակցությունների ոգու և տոնայնության վրա, որոնք կշարունակվեն ողջ շաբաթվա ընթացքում, ես հրահանգել եմ Պաշտպանության նախարարությանը հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված բոլոր ռազմական հարվածները՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- գրել է նա:
Հայտնի դարձավ, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև, որի ընթացքում Սերգեյ Լավրովը շեշտել է Իրանի միջուկային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Բուշերի ատոմակայանի վրա հարվածների անընդունելիությունը, որոնք ստեղծում են անընդունելի ռիսկեր և լի են աղետալի բնապահպանական հետևանքներով բոլոր երկրների համար։
Թրամփի հայտարարությանը հաջորդեցին անանուն հրապարակումներ իրանական ԶԼՄ-ներում և տելեգրամյան ալիքներում:
«Tasnim»-ը, հղում անելով անվտանգության բարձրաստիճան պաշտոնյայի, հայտարարեց.
«Ոչ մի բանակցություններ չեն առաջարկվել կամ անցկացվել: Հորմուզի նեղուցը չի վերադառնա իր նախկին վիճակին, և էներգետիկ շուկաները չեն կայունանա»: Տարածվեց մեկ այլ հայտարարություն՝ հղում անելով ԻԻՀ ԱԳՆ պաշտոնյայի, այն մասին, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ չեն լինի, իսկ Թրամփի հայտարարությունները փորձ են իջեցնել էներգակիրների գները և ժամանակ շահել ռազմական ծրագրերը իրականացնելու համար:
Եղան նաև հրապարակումներ այն մասին, որ ուղիղ բանակցություններ չեն եղել, սակայն Իրանը զրույցներ է ունեցել մերձավորարևելյան գործընկերների հետ, տալով համաձայնություն՝ փոփոխել Հորմուզի նեղուցի կարգավիճակը որոշ գործընկերների համար: Սակայն ընդհանուր առմամբ Իրանը քարոզչական տիրույթում պահպանում է պատերազմը շարունակելու և իր նախապայմաններն առաջ քաշելու տրամաբանությունը:
168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Թրամփի հայտարարությունների բովանդակությունը շատ արագ է փոխվում, ուստի ժամանակ է հարկավոր՝ հասկանալու դրանց երկարաժամկետ ու հիմնավոր բնույթը: Նա գտնում է, որ Դոնալդ Թրամփի որոշումն առաջին հայացքից կարող է ընկալվել՝ որպես Իրանի դեմ պատերազմի դեէսկալացիայի փորձ։

Սակայն, նրա խոսքով, ըստ ամենայնի գործ ունենք ոչ թե լարվածության նվազեցման, այլ ճնշման և բանակցության զուգահեռ կիրառման մեխանիզմի հետ, որը միևնույն ժամանակ թույլ կտա թուլացնել նաև ռազմական հարվածների ինտենսիվությունը:
«Այն էներգետիկ ճգնաժամը, որը բռնկվել է աշխարհում Իրանի գործողությունների հետևանքով, խնդիր է ԱՄՆ-ի համար, ինչը հերքել, թերագնահատել հնարավոր չէ: Ուստի ԱՄՆ վարչակազմը վերջնագրերով, բանակցության փորձերով ձգտում է մեղմել իրավիճակն այդ ոլորտում, միևնույն ժամանակ շահել ժամանակ ու լավ դիրքավորվել:
Վաշինգտոնի հայտարարած դադարը կարծես հնարավորություն է դիվանագիտական գործընթաց սկսելու համար, սակայն Իրանն իր հերթին՝ կարծես հերքում է ուղիղ բանակցությունների փաստը, ինչը ցույց է տալիս, որ կողմերի միջև շփումները, եթե նույնիսկ կան, ապա ոչ հրապարակային ու միջնորդավորված են: Եթե նույնիսկ դրանք կան, ապա Իրանը դրանց մեծ կասկածով ու անվստահությամբ է վերաբերվում, գնահատելով ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախորդ երկու բացասական փորձը: Իրանն այլևս չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին: Իրանը հասկանում է, որ Իրանի ճնշումները որոշակի արդյունք են տալիս, ուստի փորձում է պայման թելադրողի դիրքերն ամրապնդել:
Թեհրանի տեղեկատվական արձագանքը ևս կանխատեսելի է։ Իրանական կողմը ներկայացնում է ստեղծված իրավիճակը, որպես լավ դիմադրության արդյունք՝ շեշտելով, թե Վաշինգտոնը ստիպված է եղել հետ կանգնել իր սպառնալիքներից։ Պատերազմ վարող երկրի համար սա կարևոր հաղորդագրություն է, քանի որ թույլ է տալիս պահպանել դիմադրողականության ուժգնությունն արտաքին ճնշման պայմաններում»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Նա գտնում է, որ հնգօրյա դադարն անցումային փուլ է, որը կարող է զարգանալ տարբեր ուղղություններով, սակայն ամենահավանականը մնում է վերահսկվող էսկալացիայի սցենարը։ «Այսինքն՝ կողմերը կարող են շարունակել ռազմական և քաղաքական դիմակայությունը, բայց փորձել խուսափել այնպիսի հարվածներից, որոնք կարող են բերել անկանխատեսելի գլոբալ հետևանքների։ Դիվանագիտական պատուհանը բացվում է, սակայն այն չափազանց նեղ է և ժամանակավոր։ Դրա մասին է վկայում նաև ԱՄՆ նախագահի շեշտադրումը, որ դադարեցվում է էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը:
Ամփոփելով՝ կարելի է ասել, որ Թրամփի որոշումը չի խորհրդանշում հակամարտության հանգուցալուծում կամ իրական դեէսկալացիա։ Այն ռազմավարական դադար է, որի նպատակն է միաժամանակ նվազեցնել միջազգային ճնշումը, վերահսկել տնտեսական ռիսկերը: Այնուամենայնիվ, այս ամենում Իրանը տեսնում է հաջողություն, դրանում, թերևս, կա նաև ճշմարտություն, սակայն վերջնական կանխատեսումներ անելու համար շատ վաղ է, քանի որ սա, կարծում եմ, միջանկյալ, անցումային փուլ է ավելի լավ դիրքավորվելու համար»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:



