Փաշինյանն VS Փաշինյանի. Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը փոշմանեց
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութի միջոցով տեղեկացրեց, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան 10 հազար դրամով։
Դեռևս նախորդ ամիս՝ հունվարի սկզբին, Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում թոշակների ու թոշակառուների վերաբերյալ բոլորովին այլ բան էր հայտարարում։ Նա Կառավարության անդամներին պատմեց թոշակառուներից մեկի հետ ունեցած զրույցը։
«Ինձ մոտ շատ տպավորվել է բոլորովին վերջերս, նախորդ տարի, մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած խոսակցությունը: Նա ասում էր, որ 50,000 և ավելի դրամ թոշակ է ստանում, որից 27,000-28,000-ը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում: Ինքն ասում էր, որ Կառավարությունը պետք է թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով:
«Ես արձանագրեցի, որ եթե 20.000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27.000 դրամ, այլ 35.000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։
Այս համատեքստում նա նաև հայտարարում էր, թե՝ տունը տաքացնելու համար քաղաքացիները, ընդհակառակը, պետք է փորձեն ավելի քիչ ծախսել, ասենք՝ 18.000 դրամ, և ներդրումներ անեն, որպեսզի տունն էներգետիկ առումով, ամբողջությամբ վերափոխվի։
Նույն Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա դեկտեմբերին՝ ԱԺ-ում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ 2025 թ.-ից թոշակներն ավելանում են, բայց ոչ թե առձեռն են տալու թոշակառուներին, այլ՝ առողջապահության ապահովագրության միջոցով։
«Այո, կառավարումն ունի նրբություններ, և սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Ի՞նչ ենք ասում՝ ամսական 10 400 դրամով ավելացնենք, բայց էդ գումարն ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու… Հետազոտությունն ինչ է ցույց տալիս, խոսքը 65+ տարեկանների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսն առողջապահությունն է։
Հիմա ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե էդ փողն ինչպես արդյունավետ օգտագործի իր առողջության համար. գնա դեղատուն, այլ բան գնի, քան պետք է գնի, կամ բուժծառայություն ստանա, քան պետք է ստանա։
Մենք այդ 10.000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ ու ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականությամբ ոչ թե 10 000, այլ գուցե 40, 50, գուցե 100.000, գուցե 500.000 դրամի ծառայություն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն արժանացավ հազարավոր թոշակառուների քննադատությանը, նրանք տարբեր հարցումների ժամանակ ասում էին. «Ի՞նչ է, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները կարողանում են միլիոնների հասնող աշխատավարձն ու պարգևավճարները ծախսել, թոշակառուներն իրենց մի քանի հազար դրամը չե՞ն կարողանալու ծախսեն»։
Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչը ստիպեց Նիկոլ Փաշինյանին հանկարծ փոխել իր կարծիքը, արդյո՞ք սա ընտրություններին ընդառաջ պետական բյուջեի հաշվին մի քանի հազար թոշակառուներին «կաշառել» չէ։



