«Ադրբեջանի «աչքերը չեն ուռել» Հայաստանին օգնելու համար. քարոզչությունը կծառայի նպատակին, հետո ամեն ինչ կմտնի ռացիոնալ դաշտ». Տնտեսագետ

Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի հետ «խաղաղության» գնալու ֆոնին հայտարարում է նաև Հայաստան-Ադրբեջան առևտրի մասին։ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է, որ հայ գործարարները կարող են ներկրումներ իրականացնել՝ օգտագործելով Ադրբեջանի երթուղին, իսկ Գևորգ Պապոյանն էլ իր հարցազրույցներից մեկում նշել է, որ «Ադրբեջանի հետ տարեկան առևտուրը կարող է կազմել 750 մլն դոլար»։

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը խոսելով իշխանությունների կողմից քարոզվող Հայաստան-Ադրբեջան  առևտրի մասին, նախ ասաց՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարությունները պետք է դիտարկել բացառապես դավաճանության ծիրի մեջ։

«Նախ՝ Նիկոլ Փաշինյանի ամբողջ վարքագիծը դավաճանական է, և հետո՝ հայկական որևէ ապրանք Ադրբեջան չի գնալու։ Նույնիսկ այդ «ԹՐԻՓՓ-ի միջանցքը» կառուցելուց հետո չի նշանակում, որ Հայաստանը ստանալու է ելք՝ Ռուսաստանի միջով դեպի Դաղստան և Ռուսաստանի միջոցով դեպի եվրոպական երկիր, եթե, իհարկե, դրա բարձր ինքնարժեքը որևէ մեկին չի մտահոգում։

Հայկական կողմին երբեք այդ հնարավորությունը չեն տալու, ստեղծելու են խնդիրներ, պատրվակներ են բերելու, բայց չեն անելու»,- 168.amի հետ զրույցում ասաց Հրայր Կամենդատյանը։

Կարդացեք նաև

Ըստ տնտեսագետի, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ծայրից ծայր փոխի ՀՀ սահմանադրությունը, հետո կրկին փոխի այնքան, մինչև Սահմանադրությունը դարձնի  Բաքվի բնակարանի կամ ԺԵԿ-ի ինչ-որ կանոնադրություն, միևնույն է՝ Ադրբեջանը Հայաստանի համար հեշտությամբ ճանապարհ չի բացելու։

Նա չբացառեց, որ կլինեն հայ գործարարներ, որոնք կցանկանան որևէ ապրանք արտահանել Ադրբեջան, նրանց պետք է հաջողություն մաղթել, քանի որ այդ ճանապարհով նրանք կորցնելու են իրենց ապրանքը։ Այսինքն՝ նրանց ապրանքը ճանապարհին ուղղակի «պատահականությամբ» կորելու է, իսկ փոխհատուցում, բնականաբար, չեն ստանալու։

«Կարծում եք, որևէ ընկերություն ապահովագրելո՞ւ է Ադրբեջան տարվող հումքը։ Իսկ եթե ապահովագրությունը, ֆինանսական ծածկույթը բացակայելու է, այդ ո՞ր աննորմալն է որոշելու ինքն իրեն վնաս տալ։

Իսկ մենք ի՞նչ կարող ենք արտահանել Ադրբեջան, ասեմ՝ միայն ալյումինե փայլաթիթեղ, մենք այլ բան չունենք արտահանելու։ Մենք  հավասար կլիմայական պայմաններ ունենք, գյուղատնտեսական հայկական ապրանքն Ադրբեջանում պահանջված չէ։ Նրանք մանկապարտեզի երեխաների մակարդակով քարոզում են, որ Հայաստանն իրենց թշնամի է, բնական է, որ չեն պատրաստվում որևէ հայկական բան իրենց կերակրի մեջ օգտագործել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանից ապրանքների ներկրմանը, տնտեսագետը նկատեց՝ Ադրբեջանն ունի միայն էներգակիրներ և այդ էներգակիրներով ՀՀ-ում որոշակի աշխատանք կունենան։ Սակայն խնդիրն այն է, որ այս քարոզչական ներկայացումները, իբրև ֆուրաժային հացահատիկ և այլ բաներ բերելը, Ադրբեջանին էլ է պետք։

«Ադրբեջանի «աչքերը չեն «ուռել» Հայաստանին օգնելու համար, այս ամբողջ քարոզչությունը կծառայի իր նպատակին, հետո ամեն ինչ կմտնի ռացիոնալ դաշտ ու այդ ապրանքները կդադարեն գալ Հայաստան։ Ահա սա է ամբողջ պատմությունը»,- ընդգծեց Հրայր Կամենդատյանը։\

 

Տեսանյութեր

Լրահոս