Ժնևը՝ համաշխարհային հանգույց. Ինչպե՞ս կփոխվի ուժերի դասավորությունը Կովկասում
Այսօր Ժնևը դարձել է համաշխարհային դիվանագիտության առանցքային հարթակ, որտեղ զուգահեռաբար ընթանում են մի քանի բարձր լարվածության բանակցային գործընթացներ։
Այսօր կեսօրին նախատեսված էր ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը՝ հիմնականում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Վերջին շաբաթներին վերսկսվել է բանակցային գործընթացը Մերձավոր Արևելքում ամերիկյան սպառազինության կուտակման ու սպառնալիքների ֆոնին, երբ կողմերը փորձում են հասնել գործարքի, որը կնվազեցնի տարածաշրջանային բախման վտանգը։
Միևնույն ժամանակ, նույն հարթակում սպասվում են ԱՄՆ միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները՝ ուղղված պատերազմի դադարեցման և հնարավոր խաղաղ կարգավորման մոդելների քննարկմանը։ Այս փուլը դիտվում է որպես նախորդ հանդիպումների շարունակություն, որտեղ առանցքային թեմաները ներառում էին տարածքային վերահսկողության հարցերը և անվտանգության ապագա մեխանիզմները։ «Այս անգամ մենք մտադիր ենք քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ, այդ թվում՝ հիմնականները, որոնք վերաբերում են թե՛ տարածքներին, թե՛ մնացած ամեն ինչին։ Այս հարցերը, ըստ էության, կապված են մեր ունեցած պահանջների հետ»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սակայն բանակցություններին նախորդող օրերին մարտական գործողությունների ակտիվացումը ցույց է տալիս, որ կողմերը փորձում են ուժեղացնել դիրքերը բանակցային սեղանին։ Այնուամենայնիվ, Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցությունները՝ Օմանի միջնորդությամբ, իսկ ԱՄՆ միջնորդությամբ՝ ՌԴ-Ուկրաինա բանակցությունները, Ժնևը դարձնում են աշխարհաքաղաքական կարևոր հանգույց։
Ավելորդ է նույնիսկ նշել, որ Ժնևում զուգահեռ ընթացող գործընթացները ձևավորում են մի բազմաշերտ կոնֆիգուրացիա, որն անմիջական ազդեցություն ունի նաև Հարավային Կովկասի վրա։ ԱՄՆ-Իրան երկխոսությունը, որն այս փուլում վերաբերում է միջուկային ծրագրին և պատժամիջոցների ռեժիմին, ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև հարակից ռեգիոնների անվտանգության հարց է։ Այստեղ կա նաև էներգետիկ և լոգիստիկ շղթաների կայունության խնդիրը։ Այստեղ պակաս կարևոր չէ նաև այն, որ Վաշինգտոնը փորձում է պահպանել դիվանագիտական ճնշման և բանակցությունների համադրությունը, իսկ Իրանը՝ համակարգում է իր քայլերը Ռուսաստանի և Չինաստանի հետ, ինչը ցույց է տալիս գործընթացի բարդ, բազմաշերտ ու գլոբալ բնույթը։
ՌԴ-Ուկրաինա-ԱՄՆ ձևաչափի բանակցությունները ևս ուղղակիորեն կապված են Հարավային Կովկասի ուժային հավասարակշռության հետ։ Եթե այս ուղղությամբ արձանագրվի գոնե մասնակի դեէսկալացիա, կարող է արագացնել Ռուսաստանի ռեսուրսների և ուշադրության վերաուղղումը այլ տարածաշրջաններ, կամ, հակառակը՝ նվազեցնել Մոսկվայի ներկայությունը հետխորհրդային տարածքում։ Ի տարբերություն Ռուսաստանի անորոշ դիրքավորման, ԱՄՆ-ը էականորեն ակտիվացել է Հարավային Կովկասում՝ տնտեսական, էներգետիկ և ենթակառուցվածքային նախագծերի միջոցով։
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որքան էլ տարբեր, սակայն այս երկու բանակցային գործընթացները բազմաթիվ նմանություններ ունեն և պայմանավորված են աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների փուլին բնորոշ միտումներով։
Ըստ նրա, վերջին օրերին իրանական ուղղությամբ Թրամփի վարչակազմն ավելի կառուցողական հայտարարություններով է հանդես գալիս, թե որքան երկարատև կլինեն դրանք ու որքանով կհանգեցնեն արդյունքի, բարդ է ասել։
«Սակայն կա գործընթաց, բանակցություն, ինչը լավ է, թեև պետք է հասկանալ, որ Իսրայելն անընդհատ նոր պահանջներ է փորձում օրակարգ բերել, որին Իրանը դեմ է։ Ուստի այստեղ, եթե նույնիսկ բանակցությունները շարունակվեն, ապա բավականին ծանր է լինելու։
Եթե տապալվեն, ապա իրավիճակը ևս բարդանալու է ռազմական գործողությունների հնարավորությամբ, ինչը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասում։ Այդ ռիսկերը հիմնականում վերաբերում են տարածաշրջանի ռազմականացմանն ու բևեռացմանը։ Հաշվի առնելով, թե այս կոնտեքստում ինչ կարևորություն են տալիս Ադրբեջանին Արևմուտքն ու Իսրայելը, ապա այս հարցում Հարավային Կովկասի առնչության հարցը բավականին առանցքային է։
Իրանը թեմայի նկատմամբ բարձր զգայունություն է ցուցաբերում։ Ինչ վերաբերում է ՌԴ-Ուկրաինա բանակցություններին, ապա այս հարցում ՌԴ-ի համար դրական լուրերն ընդհանուր առմամբ կանդրադառնան նաև Հարավային Կովկասում ՌԴ դիրքերի վրա, քաղաքականությունը կակտիվանա ու ավելի վստահ կդառնա»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, Ժնևյան բանակցություններն արդյունքի դեպքում Հայաստանի համար ռազմավարական միջավայր ձևավորող գործոն են, քանի որ դրանք կարող են որոշել ուժային բալանսն առաջիկայի համար։
«Սակայն չի բացառվում նաև, որ Ժնևը բանակցային երկու ուղղությունների համար դառնա պարզապես բանակցային հերթական մայրաքաղաքը»,- նկատեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։



