Սուրեն Պապիկյանի ՊՆ մտերիմ պաշտոնյան՝ ՔՊ ցուցակում
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմ՝ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, 2026 թվականի ՔՊ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու է:
Նա ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հաստատման ենթակա ընտրական ցուցակի 044 համարն է:

2021 թվականի դեկտեմբերի 8-ին 168.am-ը գրել էր, որ Սուրեն Պապիկյանը նույն թվականի նոյեմբերի 15-ին դառնալով պաշտպանության նախարար, անմիջապես սկսել է իր մտերիմներին տեղավորել ՊՆ-ում:
Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնած Արթուր Սարգսյանին ազատել էին և նրա փոխարեն այդ պաշտոնում դեկտեմբերի 8-ին նշանակվել էր Բատիկյանը, ով դրանից մեկ օր առաջ ազատվել էր այդ ժամանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից:
Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարությունը 2021 թվականի դեկտեմբերի 8-ին արձագանքել էր մեր հոդվածին՝ նշելով, թե Համլետ Բատիկյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր: Եվ մինչ այսօր Բատիկյանը զբաղեցնում է այդ պաշտոնը:
Հավելենք, որ Սուրեն Պապիկյանն ընտրական ցուցակում ներկայացված է 219-րդ համարի տակ:



