Բաժիններ՝

Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը

Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում ավարտվեց գեղասահքի զույգերի մրցաշարը, որտեղ Հայաստանն ուներ իր պատմական ներկայացուցիչները։ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը, երկու ծրագրերի արդյունքով, զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։

Հայ գեղասահորդները պայքարը սկսել էին փետրվարի 15-ին՝ կարճ ծրագրով։ Ներկայանալով «Արցախ» երաժշտության ներքո՝ զույգը վաստակել էր 66.27 միավոր և 12-րդ արդյունքով հաջողությամբ որակավորվել եզրափակիչ փուլի՝ ազատ ծրագրի համար։

Միլանի Ice Skating Arena-ում կայացած ազատ ծրագրում Ակոպովան և Ռախմանինը հանդես եկան երկրորդ ենթախմբում։ Նրանց համարը բեմադրված էր հնդիկ կոմպոզիտոր Ալա Ռահմանի ստեղծագործության հնդկական մոտիվներով։ Չնայած գեղեցիկ և տպավորիչ կատարմանը, ելույթն առանց տեխնիկական վրիպումների չանցավ. Կարինա Ակոպովան անհաջողություն ունեցավ պտույտների կատարման ժամանակ։

Մրցավարական կազմը զույգի ազատ ծրագիրը գնահատեց 114.39 միավոր (տեխնիկական տարրեր՝ 59.88, բաղադրիչներ՝ 55.51), ինչը 14-րդ ցուցանիշն էր այդ փուլում։

Երկու մրցումային օրերի արդյունքում Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հավաքեց ընդհանուր 180.66 միավոր՝ ամփոփիչ աղյուսակում զբաղեցնելով 14-րդ տեղը։

Օլիմպիական ոսկին նվաճեց Ճապոնիան ներկայացնող Ռիկու Միուրա և Ռյուիչի Կիհարա զույգը՝ գրանցելով 231.24 միավոր արդյունք։ Արծաթե մեդալները բաժին հասան Վրաստանի հավաքականին, իսկ լավագույն եռյակը եզրափակեցին Գերմանիայի ներկայացուցիչները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728