Ալեքսեյ Նավալնին սպանվել է էպիբատիդին թույնով. The Insider

Հինգ երկրներ` Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները հայտարարել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին սպանվել է բանտում հատուկ թույնի կիրառմամբ, ինչը Ռուսաստանի կողմից քիմիական զենքի մասին Կոնվենցիայի խախտում է։

Ինչպես գրում է The Insider-ը, մի քանի անկախ լաբորատորիա Նավալնիի ընտանիքի կողմից դուրս բերված նմուշներում հայտնաբերել է էպիբատիդին՝ հարավամերիկյան Epipedobates tricolor գորտի մաշկից ստացվող խիստ թունավոր նյութ:

Էպիբատիդինը նեյրոտոքսին է, որն ազդում է նիկոտինային ու մուսկարինային ացետիլխոլինային ռեցեպտորների վրա: Այս ռեցեպտորները ներգրավված են ցավի փոխանցման, ինչպես նաև շարժման ու այլ ֆունկցիաների մեջ: Էպիբատիդինը առաջացնում է ամբողջ մարմի զգայունության կորուստ, որը կարող է արագորեն զարգանալ մինչև լիակատար կաթվածահարություն ու շնչառության դադարեցում։

«Ալեքսեյ Նավալնիի ախտանիշների վերաբերյալ բաց աղբյուրներից ստացված տվյալները համապատասխանում են էպիբատիդինի ազդեցությանը: Թունավոր գորտերից անջատված բնական ալկալոիդը խթանում է N-խոլիներգիկ ռեցեպտորները նեյրոմկանային սինապսներում, վեգետատիվ գանգլիաներում ու կենտրոնական նյարդային համակարգում:

Վաղ փուլում այն ​​առաջացնում է տախիկարդիա, հիպերտոնիա, փսխում, միոկլոնիա ու ցնցումներ: Դրանց արագ հաջորդում են բրադիկարդիան, հիպոտենզիան ու շնչառական դեպրեսիան: Կլինիկական պատկերը որոշ չափով նման է օրգանոֆոսֆատային թունավորմանը, բայց ավելի քիչ արտահայտված M-խոլիներգիկ բաղադրիչով: Ատրոպինը գրեթե անօգուտ է», – The Insider-ին ասել է վերակենդանացման մասնագետ Ալեքսանդր Պոլուպանը, որը բուժել է Նավալնիին «նովիչոկով» թունավորման հետ կապված։

Տեսանյութեր

Լրահոս