«Չպետք է կուլ գնանք Ադրբեջանի մեկանգամյա ակցիաներին. իզուր չէ, որ Ադրբեջանը հայցեր էր ներկայացնում Հայաստանի դեմ». Գրիգորի Այվազյան
Փետրվարի 6-ին Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը, որի ժամանակ նա առիթը բաց չի թողել «խաղաղասիրական» խոսքեր հնչեցնելու համար։
Ալիևը հայտարարել է, որ ներկայումս աշխարհի շատ տարածաշրջաններում շարունակվում են պատերազմներն ու հակամարտությունները, շեշտելով, որ «Ադրբեջանի նախաձեռնությամբ Հարավային Կովկասում արդեն խաղաղություն է հաստատվել»:
Ալիևը նաև ասել է, որ Բաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին՝ ընդգծելով, որ «Ադրբեջանի օրինակով ցուցադրվում է պատերազմից խաղաղության անցման մոդելը»:
Եվ այս հայտարարություն Ալիևն արել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանում ցմահ ազատազրկելուց մեկ օր անց։
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանին Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարությունը չի զարմացրել, այն ուղղված է միջազգային հանրությանը, որը ոչ թե մեկ կամ երկու, այլ «15 երես ունի՝ կուրացած ադրբեջանական նավթադոլարներից»։
«Ադրբեջանի ղեկավարի հատուկ գործողությունները՝ լինի ներքաղաքական հարցերում, արտաքին հարթակում, թե Հայաստանի հետ փոխհարաբերություններում, միայն մեկ բան են ցույց տալիս՝ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ խաղաղ գոյակցելը չէ, այլ Հայաստանը ոչնչացնելն է։ Նրանք այս դեպքում էլ են օգտագործում այն նույն մոդելը, ինչ արեցին այսօր ժամանակավոր օկուպացված Արցախում։ Իզուր չէ, որ Ադրբեջանը հայցեր էր ներկայացնում Հայաստանի դեմ, իբրև թե օկուպանտ երկրի՝ պահանջելով փոխհատուցում։ Իզուր չէ, որ պետական մակարդակով ֆինանսավորում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանին»՝ նկատի ունենալով ՀՀ ամբողջ տարածքը։ Նրանք ստեղծել են ֆուտբոլային թիմ՝ «Ղարաբաղ» անունով, հիմա էլ մի թիմ են ստեղծել, որ անունը «Երևան» է՝ ֆինանսավորվում է պետության կողմից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորի Այվազյանը։
Նա հռետորական հարցադրումներ է հնչեցնում՝ եթե Ալիևը գնում է խաղաղության, ապա Բաքվում գտնվող, այսպես կոչված, «ռազմավարի պուրակը» քանդե՞լ է, բա՞ց է թողել Բաքվում 2 տարուց ավելի պատանդի կարգավիճակում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս հայերին, դո՞ւրս է եկել ՀՀ օկուպացված տարածքներից։
«Ալիևն ակնհայտորեն ասում է՝ թույլ չի տալու, որպեսզի Հայաստանում բանակաշինություն տեղի ունենա, երկիրն ուժեղանա։ Ադրբեջանում հայատյացության մակարդակը՝ պետական ամենաբարձր ատյաններից սկսած՝ ուղորդվում է պետութան կողմից։ Ադրբեջանի ղեկավարը խաղաղության չի պատրաստվում, Իրանի նկատմամբ նրանք նույն քաղաքականությունն են կիրառում։ Ադրբեջանը ներգրավված է հակաիրանյան գործողություններում՝ դառնալով Իրանի վրա հարձակման ցատկադաշտ։
Հետևաբար, խաղաղությունը կարող է լինել միայն կայուն՝ փոխշահավետության հիմքով, որը կարող է լինել արդար։ Իսկ Ադրբեջանը մեզ ստիպում է միակողմանի խաղաղություն, պարտադրում ընդունել իր պայմանները, որոնք անհամատեղելի են ՀՀ գոյության հետ։ Չպետք է կուլ գնանք Ադրբեջանի մեկանգամյա ակցիաներին, երբ թույլ է տալիս բեռներ տեղափոխել Հայաստան, ինչպես թույլ են տվել, այնպես էլ կարող են փակել ճանապարհը»,- հավելեց Գրիգորի Այվազյանը։
Այս համատեքստում փորձագետը նաև նկատեց՝ Ադրբեջանի ղեկավարն իր սեփական PR ակցիան արեց՝ բաց թողնելով 4 հայ գերիներ, որոնք զինվորական չէին, այլ խաղաղ բնակիչներ, փոխարենը պահանջելով սիրիացի 2 վարձկան ահաբեկիչների։ Այդ ահաբեկիչներն Արցախում մարդկության դեմ հանցագործություն են իրականացրել, նրանց արտահանձնումն այդքան հեշտ չպետք է լիներ, այն էլ՝ Թուրքիայի միջոցով։
«Մենք զգոն պետք է լինենք՝ Բաքվի, Սումգայիթի ջարդերը, նույն այդ միջազգային հանրության աչքի առջև չէ՞ր, որ տեղի ունեցավ, նույնը՝ Արցախում 2020 թվականի, 2023 թվականի ցեղասպանությունը։ Այս ամբողջ իրադարձությունները տեղի են ունեցել «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առջև, ո՞վ միջամտեց, ոչ մեկը։ Մենք ոչ թե պետք է ապավինենք ու հույսը դնենք միջազգային հանրության հայտարարությունների վրա, այլ մեզ վրա հույսը դնենք, չպետք է ինքնախաբեությամբ տառապենք»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։
